Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբանի վրա թքելը, նրան հայհոյելը կամ սպառնալը խարխլում են մեր երկրի արդարադատության համակարգի հիմքերը. Էդմոն Մարուքյան

Հունվար 12,2019 14:22

Հարգելի՛ քաղաքացիներ,

Լուսավոր Հայաստան կուսակցությունը գտնում է, որ փաստաբանի նկատմամբ նրա մասնագիտական գործունեության հետ կապված որևէ ոտնձգություն և ճնշում անթույլատրելի են և պետք է ստանան խստագույն իրավական գնահատական։ Իրավական պետություն կառուցելուն ձգտող հասարակությունում փաստաբանը պետք է լինի հարգված և պաշտպանված ու անխոչընդոտ իրագործի անձին պաշտպանելու իր իրավապաշտպան առաքելությունը։

Ուսումնասիրելով ՀՀ գործող քրեական օրենսգիրքը՝ հայտնաբերեցինք, որ մինչ այժմ պատշաճ քրեականացման չի արժանացել փաստաբանի նկատմամբ կատարվող նմանօրինակ ոտնձգությունը։ Մասնավորապես, համաձայն 332(3) հոդվածի 2-րդ մասի՝ փաստաբանի նկատմամբ սպանության, առողջությանը վնաս պատճառելու, գույքը ոչնչացնելու կամ վնասելու սպառնալիքը` կապված նրա լիազորությունների իրականացման հետ պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի 200-ապատիկից 500-ապատիկի չափով, կամ կալանքով` 2-3 ամիս ժամկետով: Այսինքն,

– մի կողմից, տվյալ հոդվածով պատժելի է բացառապես սպանության, առողջությանը վնաս պատճառելու, գույքը ոչնչացնելու կամ վնասելու սպառնալիքը` կապված նրա լիազորությունների իրականացման հետ, այն դեպքում, երբ դատախազի մասով երաշխիքները շատ ավելի բարձր են (332-րդ հոդվածի 2-րդ մասի հանցակազմ),

– մյուս կողմից, քննարկվող հոդվածի սանկցիան չափազանց մեղմ է՝ արարքի հանրային վտանգավորությանը համեմատ։

Այսպիսով, Լուսավոր Հայաստան խմբակցությունը պատրաստվում է մշակել օրենսդրական նախաձեռնություն, որով դատախազին հավասար երաշխիքներ կսահմանվեն փաստաբանների մասնագիտական գործունեության համար, ինչպես նաև կնախատեսվի խիստ պատիժ փաստաբանի գործունեությանը ապօրինի միջամտելու, նրան կամ նրա մերձավորներին սպառնալու, վիրավորելու կամ ցանկացած այլ ձևով փաստաբանի մասնագիտական գործունեությանը միջամտելու համար։

Էդմոն ՄԱՐՈՒՔՅԱՆ

Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031