Լրահոս
Օրվա լրահոսը

Ցույց՝ ի հիշատակ Գյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքի եւ սպանված կնոջ (ֆոտոշարք)

Հունվար 12,2019 13:56

Գյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքի եւ դեկտեմբերի 2-ին  սպանված կնոջ  հիշատակին այսօր ցույց է մեկնարկել:

Ցույցը մեկնարկել էր Գյումրիի պոլիգոն կոչվող տեղամասից. Այստեղ քիչ թվով մարդիկ էին հավաքվել: Ավելի ուշ  ռուսական զորամասի մոտ ցույցին միացավ նաեւ Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լեւոն Բարսեղյանը: Նա ներկայացրեց պահանջները, որոնք ուղղված են ՀՀ եւ ՌԴ իշխանություններին՝ «Հատուկ հսկողության տակ առնել ՌԴ 102-րդ ռազմաբազայի զորակայանները ամբողջ շրջագծով, անհրաժեշտության դեպքում կառուցել հատուկ արգելապատնեշներ, փշալարացանկապատեր, խրամատներ դրանց շրջակայքում, կահավորել այդ զորամասերի շրջագծերը ցերեկային եւ գիշերային տեսահսկող խցիկներով… Հատուկ մեխանիզմ գործարկել ՌԴ զորամասերից ելումուտը վերահսկելու համար, հսկիչ կետերի մոտ պարեկային շուրջօրյա ծառայություններ նշանակել, որոնց պարտականությունը պետք է լինի ելումուտի ստուգումը: ՌԴ զորամասերից անզեն եւ զինյալ ելումուտը, տեղաշարժը, զորաշարժը արտոնել միայն նախնական իրազեկման եւ ՀՀ կողմից (ոստիկանություն, ՃՈ կամ ՌՈ) ուղեկցման դեպքում…

1.ՌԴ իշխանություններից պահանջում ենք՝  Հատուկ ստուգումներ իրականացնել ՌԴ 102-րդ ռազմաբազայի զորակայաններում, պարբերաբար ստուգել զինծառայողների բարոյահոգեբանական եւ առողջական վիճակը, նյութական ապահովվածության, կեցության եւ սննդի, կանոնադրական հարաբերությունների, ֆինանսատնտեսական վիճակը, բացահայտել խնդիրները եւ լուծել դրանք:

2.Ուժեղացնել զորամասերից զինվորականների ելումուտի օրինականության հսկողությունը…: Ուժեղացնել եւ ամրացնել զորամասերի, հրաձգարանների, վարժատարածքների հսկողությունը, պարիսպները, պատնեշները եւ անցակետերը, իսպառ բացառելով դրանցից զինծառայողների փախուստը, կամ քաղաքացիների ներթափանցումը: Ազատական ստացող ժամկետային զինծառայողներին մինչեւ զորամասերի տարածքը լքելը բժշկահոգեբանական զննության ենթարկել: Զորամասը զինծառայողների կողից առանց արտոնման կամ ապօրինի լքելու փաստի բացահայտումից հետո անհապաղ տեղեկացնել ՀՀ իշխանություններին:

3.Ուսուցողական ջանքեր ներդնել զինծառայողներին ծանոթացնելու համար այն ժողովրդին եւ երկրին, բնակավայրին, որտեղ իրենք գտնվում են:

4.Ստուգայցեր կազմակերպել զորամասերից դուրս բնակվող պայմանագրային զինծառայողների բնակարաններ, ծանոթանալ բնակության պայմաններին, իսկ խնդիրների բացահայտման դեպքում հրատապ միջոցառումներ ձեռնարկել ռիսկերը նվազեցնելու եւ հնարավոր վնասները կանխելու համար:

Անկախ այն հանգամանքից, թե ՀՀ եւ ՌԴ իշխանությունները ինչ կձեռնարկեն վերոհիշյալ ուղղություններով, հանրությանը կոչ ենք անում զգոն լինել, ուշադիր լինել թափառող, ակնհայտ ոչ սթափ վարքով կամ տարօրինակ վարք դրսեւորող զինծառայողների կամ նրանց նմանվող մարդկանց նկատմամբ, ուշադիր լինել հատկապես այն տարածքներում, որտեղ զորամասեր են տեղակայված, բոլոր կասկածելի դեպքերում ահազանգել իրավապահներին:

Ինքնապաշտպանության նպատակով բոլոր հնարավոր դեպքերում՝ զինվել օրինական զենքով, ջանքեր ներդրել տան կամ կացարանի պաշտպանության համար, ամրացնել մուտքերը, դռները, ցանկապատները, կողպեքները եւ փականները, ճաղապատել պատուհանները, գիշերային լուսավորությամբ կահավորել միջանցքները, շքամուտքերը, անցումները, ազդանշանային եւ տեսահսկող համակարգերով կահավորել»:

Պահանջի մանրամասները՝ այստեղ:

Ոստիկանությունն ուժեղացված հսկողություն է իրականացնում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031