Երեւան Էջմիածին ավտոճանապարհին Մանվել Գրիգորյանի կալանքից ազատման դեմ ուղղված քաղաքացիների բողոքի գործողությունների ժամանակ այս պահին լարված իրավիճակ է: Ցուցարարների եւ ոստիկանների միջեւ քաշքշուկ տեղի ունեցավ: Ցուցարարները փողոցը փակեցին, ինչին ի պատասխան ոստիկանները փորձեցին բացել այն: Ռոբերտ Քոչարյանին եւ Մանվել Գրիգորյանին պատժելու կոչերով հանդես եկող ցուցարարներին դիմեց ոստիկանության ներկայացուցիչը:
«Ամեն հարցով ընդառաջում ենք ձեզ՝ հասարակական կարգ եւ ճանապարհային երթեւեկություն ապահովում: Երեկ երթ արեցիք՝ ապահովեցինք, այսօր ավտոերթ եք անում՝ ապահովում ենք, եւ էլի պատրաստ կլինենք ապահովել: Բայց ճանապարհ փակել ու քաղաքացիներին խոչընդոտելն անթույլատրելի են, չէ՞ որ յուրաքանչյուրն իր անելիքն ունի: Դա սխալ տարբերակ է»,-հայտարարեց ոստիկանության ներկայացուցիչը:
Ապա ոստիկանությունը կրկին կոչ արեց միջպետական ճանապարհ չփակել, սակայն ցուցարարները չլսեցին ու թեւ թեւի տված՝ նստեցին գետնին:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ