Գեներալ Մանվել Գրիգորյանի՝ կալանքից ազատման դեմ բողոքող Էջմիածնի մի խումբ բնակիչներ այսօր շարունակում են երեկ սկսված բողոքի գործողությունները: Նրանք նախ փակեցին Զվարթնոց օդանավակայան տանող ճանապարհը, ապա հայտարարեցին, որ ուզում են ավտոերթ անել: Իրավիճակը վերահսկող ոստիկանությունը թույլ չտվեց՝ հայտարարելով, որ ըստ իրենց տեղեկության՝ նախապես չարտոնված ավտոերթի ժամանակ մտադիր են ճանապարհ փակել:
Ցուցարարների գործողությունները համակարգողներից Ջիվան Աբրահամյանը զանգահարեց Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանին եւ տեղեկացրեց ավտոերթի մասին: Այն հիմա ազդանշաններով շարունակվում է Էջմիածնի փողոցներում: Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու եւ առանձնապես խոշոր չափի գույքի յուրացման համար: Նրա կալանքից ազատման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել, որը, սակայն, դեռ չի քննվել:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ