Վարչապետի պաշտոնի գնացող Սերժ Սարգսյանի համար անշուշտ պետք էր ունենալ հենց այդպիսի ԱԺ նախագահ, որի մոտ քաղաքականությունը լավ չէր ստացվում: Այդպես Սարգսյանը ընտրեց նաև մի վարչապետ՝ 2016-ին, որի մոտ նույնպես քաղաքականությունը լավ չէր ստացվում, այլապես Սերժ Սարգսյանը չէր կարող գնալ երրորդ ժամկետի: Եվ այդ դեպքում էլ փաստորեն չէր ստացվի թավշյա հեղափոխությունը:
Ստացվում է բավականին հետաքրքիր շղթա, իհարկե կեսկատակ՝ թավշյա հեղափոխությունը ստացվեց, որովհետև Սերժ Սարգսյանը իշխանության քաղաքական կարևոր պաշտոնների էր նշանակել մարդկանց, որոնց մոտ քաղաքականությունը լավ չէր ստացվում: Ի վերջո, փաստորեն ստացվեց վիրահատություն, իհարկե թավշյա, և հանրությունը, կատարելով այդ վիրահատությունը, հեռացրեց անառողջ համակարգը: Այդ իմաստով խորհրդանշական է, իհարկե, որ բժիշկը հեռանում է քաղաքականությունից: Ինչն է գալիս քաղաքականություն, սա, իհարկե, նոր հարցն է, որի պատասխանն այսօր, անշուշտ, հարաբերական է:
Այստեղ կան, իհարկե, տարբեր կարծիքներ, լավատեսությունից մինչև ծայրահեղ հոռետեսություն և անգամ ծաղր, սակայն մի բան, թերևս, աներկբա է, որ Հայաստանում նախկին համակարգը ստացել էր մի ձև և բովանդակություն, որ դրանից դուրս գալու և արդիական քաղաքականության անցնելու համար այդօրինակ որոշակի անցումային հարաբերականությունը՝ իր մտահոգիչ միաժամանակ հուսադրող տարրերով, լինելու էր անխուսափելի:
Քաղաքականություն է գալիս սերունդ՝ այդ բառի ոչ տարիքային իմաստով, որի մոտ դեռ պարզ չէ, թե ինչպես կստացվի քաղաքականությունը: Միաժամանակ, Հայաստանում քաղաքականությունը ստացվելու, թերևս, մեկ ճանապարհ ունի՝ երբ այնտեղ մուտքն ազատ է և չի կանխորոշվում փակ համակարգի, այսպես ասած, ներքին կանոնակարգերով, հպատակության սկզբունքով: Այդ իմաստով Հայաստանը ստացել է քաղաքականություն կայացնելու հնարավորություն, իսկ քաղաքականության մեջ կայացողները դեռ կֆիլտրվեն, կզտվեն կազմերը, ֆորմատները:
Արամ ԱՄԱՏՈՒՆԻ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում