«Առաջիկա ամիսներին ևս որևէ տեղաշարժ ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման ուղղությամբ չեմ կանխատեսում: Որոշակի հետաքրքրություն այս գործընթացի նկատմամբ հնարավոր է սպասել տարվա երկրորդ կեսին, երբ ԵՄ-ում ավարտված կլինեն ընտրություններն ու նորընտիր իշխանությունների կազմերի հաստատումները:
Մինչ ԵԽ մայիսյան ընտրություններն էլ ՀՀ ներքին զարգացումների պատճառով կրկին խնդիրը տեղից չի շարժվելու, քանի որ ՀՀ ԱԺ ընտրությունները մեկ ամիս առաջ են տեղի ունեցել, և որոշակի ընթացակարգեր ու ժամանակ կպահանջվի Հայաստանից մինչ աշխատանքային ռեժիմի անցնելը և Հայաստանից այս վավերացման գործընթացը մոնիտորինգի ենթարկելն ու առաջ մղելը»,- «168 Ժամի» թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է գերմանացի քաղաքագետ Սյուզան Ստյուարտը՝ անդրադառնալով ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման երկարաձգմանն ու համաձայնագրի շուրջ առկա մարտահրավերներին:
ԵԽ փոխնախագահ, եվրոպացի պատգամավոր Ռիչարդ Չարնեցկին էլ ասել է, որ համաձայնագիրը կկորցնի իր նշանակությունն ու կարևորությունը, եթե գործընթացը դրա ուղղությամբ դադարի, եթե Հայաստանի հետաքրքրությունը կորի, և Հայաստանը չցանկանա այն ամբողջությամբ ներդնել:
«Մենք միայն հակառակի մասին հայտարարություններ ենք լսել, նոր որակի հարաբերություններ հաստատելու հայտարարություններ են եղել, ուստի գուցե նոր փաթեթներ ևս առաջարկվեն Եվրոպական միությանը»,- ասել է նա:
Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում