Իմ հոդվածներում եւ գրառումներում ես հաճախ եմ օգտագործում «քառակուսի» բառը, երբ խոսք է գնում մարդկանց մտածելակերպի եւ դրսեւորումների մասին: Թեեւ մոտավորապես պարզ է, թե ինչի մասին է խոսքը, այնուամենայնիվ՝ պարզաբանեմ: Երբ ասում ենք՝ «քառակուսի», նկատի ունենք երկրաչափական պատկեր, որն իր որոշակի հատկություններով անփոփոխ է: Մեծ թե փոքր, սեւ թե կանաչ, գծած կավիճով թե գրչով, քառակուսին մնում է քառակուսի:
Խնդիրն անհամեմատ ավելի բարդ է, երբ մենք խոսում ենք հասարակական երեւույթների եւ մարդկանց մասին: Երբ ասում ենք՝ «զզվելի անձնավորություն», պարտադիր պետք է հարցեր ծագեն՝ արդյոք նա ո՞ղջ մարդկության համար է զզվելի, արդյոք նա մի՞շտ, ծնված օրից էր այդպիսին: Կամ հակառակը՝ երբ մեկին անվանում ենք «հրաշալի մարդ», կարո՞ղ ենք արդյոք պնդել, որ նա միշտ եւ բոլորի համար է հրաշալի, թե՞, որն ավելի հավանական է, կան մարդիկ, որոնք նրան տանել չեն կարող:
Եվ ահա՝ երբ մենք սահմանափակվում ենք միայն մեկ բնութագրիչով եւ մեր կանխակալ պատկերացումներից ելնելով չենք ուզում տեսնել մարդուն կամ երեւույթը իրենց ողջ բարդությամբ ու բազմակողմանիությամբ, հենց դա եմ ես անվանում «քառակուսի» մոտեցում: «Քառակուսիությունը» բերում է անհանդուրժողականության եւ ֆանատիզմի, իսկ դրա բացակայությունը լայնախոհության եւ ներողամտության նախապայմանն է: Այդ վերջին, իմ կարծիքով՝ ճիշտ հատկությունները պետք է կիրառել նաեւ այն դեպքերի համար, երբ մարդիկ մեղադրվում են կամ դատապարտվել են ծանր հանցագործությունների համար:
Լավ է, որ կա հավանականություն, որ սպանության համար դատապարտված Մհեր Ենոքյանին ազատություն կշնորհեն՝ իր կատարած հանցագործության համար նա բավական երկար մեկուսացված էր հասարակությունից: Անկեղծորեն ցանկանում եմ, որ նրա եւ մի շարք այլ ցմահ ազատազրկվածների գործերը դիտարկվեն մարդասիրության տեսանկյունից: Վատ է, որ Մհերը անկեղծ չէ՝ շարունակելով պնդել, թե իբր սպանություն չի գործել:
Հասկանալի է, որ ՊՊԾ գնդի վրա զինված հարձակում գործած եւ անմեղ մարդկանց արյան համար պատասխանատու մարդկանց մեծ մասին ազատ են արձակել՝ ելնելով ինչ-ինչ քաղաքական հաշվարկներից: Հասկանալի չէ, որ նրանք նախ՝ երեք սպանություններից միայն մեկն են ընդունում, իսկ այդ մեկի վերաբերյալ, ըստ էության, ասում են՝ սպանել ենք, լավ ենք արել, դա ապստամբություն էր, ազգին դա պետք էր: Ինձ համար առավել անհասկանալի է, որ այդ տեսակետը կիսում են հազարավոր հայեր:
Բայց եթե մարդիկ չեն մտածում իրենց արարքների եւ մտածելակերպի հոգեւոր հետեւանքների մասին, դա, ի վերջո, իրենց գործն է: Բոլոր դեպքերում սխալ է մեկ բառով կամ մեկ բառակապակցությամբ բնութագրել մարդկանց, այդ թվում՝ նրանց, որոնց դիրքորոշումը խիստ անընդունելի է թվում: Պիտակներ կպցնելը «քառակուսի» լինելու ամենակարեւոր ցուցիչն է:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Հարգելի պարոն Աբրահամյան,
շնորհակալ կլինեմ, եթե արձագանքեք: Երկու հարց ծագեց՝
1. ինքս ոչինչ չեմ բացառում, բայց ինչն է ստիպում միանշանակ բացառել, որ Մհերն անկեղծ չէ?
2. եթե իրոք անկեղծ չէ, ոչ գործի վերանայման ճանապարհով է փորձում ապացուցել իր անմեղությունը, ոչ էլ խոստովանում է մեղքը և զղջում, ապա ինչու պետք է ներման արժանանա?
այդ դեպքում որ դեպքերի համար է ցմահ ազատազրկումը նախատեսված?
1/ Սպանությունից նմիջապես հետո թե քննության ժամանակ, թե դատարանում խոստովանել է իր մեղքը: https://www.radioaurora.am/novosti/2019-01-10-sarsapeli-kadrer-21-mard-enq-spanel-mher-enoqyani-khostovanutyuny-ev-och-miayn.html?fbclid=IwAR0xjUhwqt1pjnSrEh3QXT9U6UXh2OiHffJqpyAQlH6Mk7pOp0BUYQuoBuk
2/ Իրավական խնդիրների մեջ չխորանալաով, կարծում եմ, անգամ մարդասպանին 23 տարի ազատազրկելուց հետո կարելի ազատ արձակել
Սովորաբար ընթերցողների հետ վեճի մեջ չեմ մտնում: Այնպես որ եթե Ձեզ հաջորդ գրառմանը չպատասխանեմ, ներող եղեք
2/ Իրավական խնդիրների մեջ չխորանալաով, կարծում եմ, անգամ մարդասպանին 23 տարի ազատազրկելուց հետո կարելի ազատ արձակել
————————————————————————
Այդ տեւողութիւնը, տուեալ երկրին Օրէնքի մէջ գրուած պէտք է ըլլայ, եւ կախեալ է յանցագործութեան բնոյթից:
Կանխամտածուած մարդասպանութեան պարագային, ընդհանրապէս 25 տարիներէ ետք է որ կարելի է պայմանագրուած ազատագրում ստանալ, սակայն այդ ալ՝ ոչ ինքնաբերաբար: Պայման է որ՝ բանտարկեալը խոստովանի իր արարքը, ընդունի որ ոչ մէկ արդարացում չունի անոր համար, զղջում յայտնէ, եւ ցուցաբերէ որ դուրս ելլելով, անօրէն վարքագիծ չունենար այլեւս երբեք:
Աւելի երկար ժամանակ, գործօն փաստաբան եմ եղել, արեւմտեան երկրի մը մէջ, քան թէ մինչեւ օրս Հայաստանի Հանրապետութեան գոյութեան լրիւ տեւողութիւնը (ներառեալ 1918-20ը…) Որպէս օրինական խորհրդատու, այս ոլորտում աւելի մասնագէտ գործընկերներու կողքին, տասը տարիներէ աւելի ծառայել եմ՝ յատուկ հանգամանքներով դատուած եւ ցմահ բանտարկուած անձերու:
Աշխարհում ամէն տեղ, բոլոր բանտերուն մէջ, երեւի միլիոնաւոր բանտարկեալներ կան որոնք առաջին օրէն իսկ սկսեալ եւ մինչեւ իրենց վերջին շունչը կը պոռան թէ իրենց անմեղ են այն ոճիրի կապակցութեամբ որու համար դատապարտուած եւ բանտարկուած են:
Երբ որ դատը տեղի ունեցած է, եւ դատապարտման վճիռը արձակուած է, բանտարկեալը օրինապէս բանտէն դուրս կարող է ելլել երկու միջոցներով՝ ներում, կամ պայմանագրուած ազատագրում (parole; libération conditionnelle).
Երկու պարագաներուն ալ, անհրաժեշտ է որ բանտարկեալը իր անմեղութեան հանկերգը փոխէ: Ասեմ՝ նոյնիսկ եթէ խորքին մէջ, իրապէս անմեղ է, պէտք է որ դադրի այդ ըսելէ…
Ներումի պարագային, պէտք է որ գոնէ այլեւս լռէ, այդ մասին: Երկրորդ միջոցի պարագային սակայն, օրինական պայման է որ, ոչ միայն անվերապահօրէն խոստովանի յանցանքի արարքը, այլ չփորձէ իսկ անոր մղումը որեւէ կերպով արդարացնել, եւ դեռ առաւել, համոզիչ կերպով զղջում յայտնէ այդ մասին:
Այպէս կը գործեն Օրէնքը, Պետութիւնը, նորմալ երկիրներու մէջ:
Իսկ եթէ մօտեցումը այն է թէ՝ դեհ լա՜ւ, հըլէ մենք նորմալ երկիր չենք, կարգին Պետութիւն ալ չունենք, թող դուրս հանեն այս մարդը, վսյո՛… Շատ բարի, սակայն այդ պարագային ի՞նչպէս պիտի որոշուի, ո՞վ պիտի որոշէ, թէ ո՞րմէկ ցմահ բանտարկեալը պիտի բանտէն արձակուի, եւ ո՞րմէկը այդտեղ պիտի մնայ ու մեռնի: Ի՞նչ հիման վրայ:
(Իսկ «դատական սխալներու» պարագային, լրիւ այլ, շատ հազուադէպ գործընթաց կայ: Այս ուղղութեամ երթալու համար, նախապէս պետական պատկան մարմինները պէտք է որ համոզուին ու հաստատեն թէ բաւարար պատճառներ կան, սկզբից վերանայելու համար ամբողջ թղթածրարը: Օրինակի համար՝ երբ որ առարկայական, անժխտելի փաստ մը նոր մէջտեղ կ’ելլէ, որ անյայտ էր դատավարութեան ընթացքին, եւ որու հիման վրայ անհնար է որ դատապարտուածը յանցաւոր լինի:
Արագ ու վստահ գործելը՝ աստվածային հրաշքի՝ հաջողության ու հարգանքի գրավականն է, կասկածով գործողները՝ անհավատ ու անհաջող էակներն են, իսկ անգյալները՝ ոչ մի նպատակ չունեն, որ հաջող կամ անհաջող կոչվեն, իսկ նպատակ ունեցողներին ոտից գլուխ նախանձում ու քննադատում են: Էս հին ու նոր տարում գործենք արագ ու վստահ ու աստվածային հրաշքները ընդունենք որպես աստծո նվեր ու չքննեք այդ նվերի գինը, որտեղ են ծախում ու նման բաներ, ուրախանանք այդ նվերով ու պրծ: Մեծերի համար աստված նույնն է, ինչ փոքրիկների համար իրենց սիրող մեծերը: