Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Թարվերդյանը` նախարարությունների միավորման եւ ֆեյսբուքյան սուբյեկտիվ լայքերի մասին

Հունվար 12,2019 12:00

2018-ի տարեվերջին կառավարությունը նախաձեռնեց ՀՀ մշակույթի և սպորտի նախարարությունները կրթության ու գիտության նախարարությանը միացնելը: Մշակույթի նախարարության առանցքային ՊՈԱԿ-ներից մեկն էլ` հուշարձանների պահպանության ոլորտը կարգավորող կառույցը Քաղաքաշինության պետական կոմիտեին փոխանցելը: Լուրը դժգոհություն էր առաջացրել ոչ միայն հուշարձանների պահպանությունը իրականացնողների, այլև` դրանց վերականգնմամբ զբաղվող ու հնագիտության ոլորտի մասնագետների մոտ: Նրանց համոզմամբ՝ մոտեցումը սխալ է ու վտանգավոր, քանի որ հակադիր կառույցները մի ծածկի տակ չեն կարող աշխատել: Խնդրին դեռեւս վերջնական լուծում չի տրվել: Թեմայի վերաբերյալ զրուցեցինք «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանի հետ:
-Պարոն Թարվերդյան, ի՞նչ կտա այս միացումը հուշարձանների պահպանությունը իրականացնող շուրջ 300 հոգանոց կառույցին: Որո՞նք են այն մտահոգությունները, թե միավորումը սխալ է:

-Խնդիրը մեր կառույցի աշխատակիցների թվաքանակը չի, այսինքն՝ մեզ համար այս միացումը սոցիալական դաշտի խնդիր չէ, այն առավել բովանդակային, մասնագիտական, և այս համատեքստում ռիսկային գործոններ պարունակող խնդիր է: Մեր կազմակերպությունն իր իրավասությունների շրջանակում իրականացնում է հուշարձանների պահպանություն, օգտագործում, գիտահետազոտական ուսումնասիրություն և հանրահռչակում: Մարզային 11 կառույցների և արգելոց-թանգարանների պատասխանատուների վրա դրված է 19.000 հուշարձանի նկատմամբ թվարկածս գործառույթների իրականացումը: Նշեմ նաև, որ 19.000-ը ավելացման ենթակա թիվ է, քանի որ, ինչպես պրակտիկան է ցույց տալիս, հուշարձանների հայտնաբերումը Հայաստանի տարածքում կարելի է ասել անվերջանալի գործընթաց է:

«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքը հստակ մեկնաբանում է «քաղաքաշինություն» եզրույթը: Համաձայն այդ ձևակերպման՝ քաղաքաշինության գործառույթը կենսագործունեության համար բարենպաստ տարածական միջավայրի ստեղծման կամ փոփոխման նպատակով որոշակի սուբյեկտների կողմից իրականացվող գործողությունների համախումբ է: Տարածական միջավայրի ստեղծումը, որն ուղղված է և բխում է մարդու պահանջմունքներից, կարող է ունենալ շատ լայն ընդգրկում՝ թե՛ տարածական իմաստով, թե՛ ցանկությունների: Այստեղ առաջանում է մի խնդիր, արդյոք այդ պահանջմունքները բավարարելու համար քաղաքաշինության գործառույթները չե՞ն հատի հուշարձանների պահպանության բնագավառի սահմանը. այս պարագայում էլ նկատի ունեմ թե՛ իրավական, թե՛ տարածական առումով: Ինչ վերաբերում է մտահոգություններին, դրանք տարբեր են ու շատ, բայց կենտրոնանաք արմատական հարցերի վրա:

Երաշխիք չկա, որ հայտնվելով հակակշիռ կառույցի ենթակայությամբ` հուշարձանների պահապաններն անհրաժեշտ իրավիճակներում կարող են իրենց լիազորություններն իրականացնել լիարժեք: Հաշվի առնենք, որ բացակայում են այս կառույցների փոխհարաբերությունները կարգավորող իրավական ակտերը, ինչն էլ կարող է առաջացնել սուբյեկտիվ տարաձայնություններ համակարգի ներսում: Եթե սրան էլ ավելացնենք այն հանգամանքը, որ հուշարձանների պահպանության բնագավառը կարգավորող օրենսդրությունն էլ իր հերթին, մեղմ ասած, «բարեփոխումների կարիք ունի», ապա պրոբլեմների քանակական ու որակական զարգացումներն անխուսափելի են լինելու:

-Պարոն Թարվերդյան, գուցե միավորման դեպքում քաղաքաշինության ոլորտի գործունեությունն արդեն հնարավոր կլինի, այսպես ասած՝ «վերահսկել»:

-Չեմ կարծում, քանի որ ընդունված է, որ ենթական վերադասին չի վերահսկում: Միաժամանակ, թյուր կարծիք էլ չձևավորվի, թե մենք ուզում ենք ինչ-որ մեկին վերահսկել: Քաղաքաշինության կոմիտեի նկատմամբ ենթակայության բացակայությունը հնարավորություն է տալիս պարզապես հավասարակշռել ռիսկերը: Պահպանության գործառույթը հուշարձանների տարածքներում մեր կազմակերպության կողմից հավուր պատշաճի է իրականացվում, քանի որ առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի դրանք չեն թույլատրվում: Որպես կարևոր քաղաքաշինական փաստաթղթեր են դիտարկվում նաև հուշարձանների պահպանության գոտիները, եթե հուշարձանը չունի պահպանության գոտի (ընդհանուրի մոտ 90%-ը չունի), ՊՄՊ ՊՈԱԿ-ի աշխատակիցների համար խնդիր է առաջանում` առանց վերոհիշյալ փաստաթղթերի դժվար է լինում դադարեցնել կամ կասեցնել քաղաքաշինական աշխատանքները: Չեմ խուսափի ասել, որ երբեմն տարաձայնությունները միջանձնային լարված դրսևորումներ են ունենում:

Որպես կանոն, խիստ տարբեր են լինում նաև ՊՄՊ ՊՈԱԿ-ի և ՀՀ քաղաքաշինության ոլորտի լիազոր մարմնի աշխատակիցերի մասնագիտական եզրակացությունները հուշարձանների տարածքների, հարակից սահմանների, հուշարձաններ ունեցող բնակավայրերի տարածքները քաղաքաշինական նպատակներով օգտագործման ժամանակ, ինչպես նաև` պատահաբար հայտնաբերված նորահայտ հուշարձաններին կարգավիճակ տալու դեպքերում: Սա ևս մեկ հիմնավոր պատճառ է, որ հուշարձանների պահպանության ոլորտը կարգավորող մարմինը պետք է մնա ՀՀ մշակույթի նախարարության լիազոր մարմնի կազմում:

-Ըստ ձեզ, ո՞րն է այն կապը, ինչի հիման վրա կարելի է իրականացնել այս ծրագիրը:

-Ես, իհարկե, տեղյակ չեմ, թե այս գաղափարի գեներացնողերն ինչը կարող էին հիմք ընդունած լինել, սակայն հիմնվելով որոշ փաստերի վրա՝ կարող եմ միայն ենթադրություն անել: Կարծում եմ՝ մշակույթի ոլորտից հուշարձանների պահպանության համակարգի տեղաշարժելը պայմանավորված է Երևան քաղաքում տեղի ունեցած մի քանի ճարտարապետական շենքերի նկատմամբ իրականացրած շինարարական աշխատանքների ժամանակ մշակույթի նախարարության որոշակի պասիվությամբ: Քաղաքաշինության համակարգ տեղափոխելու հիմքը, ենթադրում եմ, այն է, որ մեկ միասնական կառույցում կարելի է քննության առնել և քաղաքաշինական լուծումը, և ճարտարապետական հուշարձանի համադրումը այդ լուծումների մեջ: Բայց առաջնորդվել միայն մի դրվագով, ու ասել, թե մշտապես հակադիր բևեռներում գտնվող կառույցները կարելի է միավորել, կարծում եմ` սխալ է: Ինչո՞ւ: Հայաստանի հուշարձանները չեն սահմանափակվում Երևանի մի քանի պատմաճարտարապետական կառույցներով և չեն սահմանափակվում միայն քաղաքաշինական-ճարտարապետական խնդիրներով: Անգամ վերականգնումը չի կարելի այդքան վստահ համարել ճարտարապետություն, ընդհանրական ասեմ. վերականգնողը ճարտարապետ չի: Հիշեցնեմ, որ բացի պատմաճարտարապետական հուշարձաններից, հուշարձաններ են համարվում նաև քարեդարյան կայանները, հնագույն և միջնադարյան բնակատեղիները, ամրոցները, դամբարանադաշտերը, ժայռապատկերները, պատմական գերեզմանատները, հնագիտական մշակութային շերտերը…

-Արդյո՞ք բարձրաձայնել եք պատկան մարմիններին ձեր մտահոգությունները:

-Իհարկե, ազգային մշակութային ժառանգությանն առնչվող հարցերը չեն կարող մնալ անարձագանք: Խնդրի վերաբերյալ եղել են քննարկումներ բնագավառի փորձ ունեցող մասնագետների մասնակցությամբ: Կազմվել է համապատասխան փաստաթուղթ, որտեղ հանգամանալից ներկայացվել են հնարավոր հետևանքները, եթե «կյանքի» կոչվի այդ ծրագիրը:

-Պարոն Թարվերդյան, դուք ասում եք, որ հուշարձանների պահպանությունը իրականացվում է հավուր պատշաճի, սակայն սոցցանցերում հաճախ կարելի է հանդիպել հուշարձանների անմխիթար վիճակի մասին քննարկումներ, չե՞ք կարծում, որ այս հանգամանքը նույնպես կարող էր նպաստել հուշարձանների պահպանության համակարգի նկատմամբ այս վերաբերմունքին:

-Ես չեմ ժխտում, որ հուշարձանների պահպանության աշխատանքում թերություններ չկան, չի թերանում միայն նա, ով չի անում իրեն վստահված գործը: Երբ ասում եմ, որ հուշարձանների պահապանները իրենց գործն անում են հավուր պատշաճի, նկատի ունեմ, որ իրենց լիազորությունների սահմաններում մեր պահապանները աշխատանքները հավուր պատշաճի են կատարում: Ինչ վերաբերում է սոցցանցերի հրապարակումներին, որոնց մի մասը խիստ սուբյեկտիվ են ու զուտ լայքեր հավաքելու համար են` դրանց չանդրադառնանք: Խոսենք իրական փաստերի մասին, դրանք իրավիճակային թերացումների արդյունքներ են և ստանում են իրավիճակից բխող լուծումներ: Կարծում եմ՝ որքան համակարգը լիազորությունների ավելի լայն հնարավորություններով օժտված լինի, իրավիճակից բխող թերություններն էլ նվազագույնի կհասցվեն: Հիմնվելով վերը նշածիս վրա, վերաբերմունքի մասով կասեմ հետևյալը. չեմ կարծում՝ իրավիճակից բխող թերացումների համար պետք է «հարվածել համակարգին», կարծում եմ ընդհակառակը` պետք է հզորացնել համակարգը, որ կարողանա դիմադրել անցանկալի իրավիճակներին: Հավուր պատշաճի աշխատելու օրինակ կարող եմ բերել հուշարձանների պահպանության ծառայության ակտիվ դերակատարումը ամենածավալային քաղաքաշինական ծրագրի` Հյուսիս-հարավ մայրուղու շինարարության ժամանակ, երբ մեր իրավասությունների սահմաններում բարեխճորեն կատարել ենք մեր պարտականությունները:

-Հզորացում ասելով նկատի ունեք իրավասությունների շրջանակների ընդլայնո՞ւմ:

-Ոչ միայն: Նկատի ունեմ նաև համակարգի բարեփոխում` համախմբման եղանակով: Հուշարձանների պահպանության բնագավառը նախկինում միասնական կառույց է եղել` կոմիտեի կարգավիճակով, Խորհրդային Հայաստանի կառավարությանն առընթեր: Տարիների ընթացքում այն տրոհվել է տարբեր կառույցների ու փոխել իր գերատեսչական ենթակայությունը: Եթե ուզում ենք իրոք բարեփոխում իրականացնել, ապա պետք է նորից անցնենք համախմբված, միասնական մեկ կառույցի տարբերակին` բնականաբար, ընդլայնված իրավասություններով:

-Որո՞նք եք համարում իրավասության ընդլայնում:

-Նախ և առաջ հուշարձանի պահպանության ծառայութունը պետք է ունենա տեսչական գործառույթ, ինչն այսօր բացակայում է: Այսօր հուշարձանի պահապանը ընդամենը խախտումն արձանագրող է և իրավապահներին ներկայացնող, անգամ եթե իրավախախտը փաստացի հայտնաբերված է:

-Պարոն Թարվերդյան, դուք անընդհատ խոսում եք հուշարձաններից, բայց ձեր կազմակերպության մասն են կազմում նաև թանգարանները: Նրանց ճակատագիրն ի՞նչ է լինելու:

-Շատ կարևոր և ուշադրության արժանի հարց եք տալիս: Տեսեք՝ ինչ է ստացվելու: Հենց սկզբից նշեմ, որ «Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի հուշարձանների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ օտարման ոչ ենթակա հուշարձաններ են նաև մասնավորապես` «պատմամշակութային հավաքածուներ ներառող պետական պահոցների, թանգարանների, տուն-թանգարանների շենքերը և այլն»: Միայն մեր կազմակերպության ենթակայությամբ գործում է չորս թանգարան` իրենց ցուցադրական ու ֆոնդային նյութերով: Լիազոր մարմնից` ՀՀ մշակույթի նախարարության ենթակայությունից առանձնանալու դեպքում կստացվի, որ մեր թագարանները կանցնեն այլ գերատեսչության ներքո, որը չունի համապատասխան ստորաբաժանում, որը պետք է ապահովի թանգարանների գիտամեթոդական ուղղորդումները: Չեմ բացառում, որ կգտվեն մարդիկ, ովքեր կարող են մտածել, թե թանգարանները ենթարկվեն քաղաքաշինությանը, իսկ մեթոդական ուղղորդումները ստանան մշակույթից: Ըստ իս՝ նման խառնիխուռն երկակի ենթակայությունը հաստատ բարեփոխում անվանել չի կարելի:

-Իսկ ո՞րն է ձեր առաջարկը:

-Համակարգի զարգացմանը ուղղված իրական բարեփոխումները ես տեսնում եմ հետևյալ կերպ. ողջ աշխարհում «հուշարձանի պահպանություն» գործընթացը «պատմամշակութային նյութական ժառանգության կառավարում» գործընթացի մասն է կազմում: Արդեն նշեցի, որ պահպանությունից բացի, իրականացվում է հուշարձանների հանրահռչակում, օգտագործում, գիտահետազոտական ուսումնասիրություն, վերականգնում, վերանորոգում, բարեկարգում և այս ամենն իրար հետ կառավարումն է: Հետևաբար պետք է ստեղծվի մեկ միասնական կառույց, որն իրականացնի այս բոլոր գործընթացները, այսինքն` կառավարումը: Ժամանակն է, որ հին կարծրատիպերից ազատվենք ու ավելի ճկուն, ծավալային կառավարման մեթոդների անցնենք: Նկատի ունեմ, որ հուշարձանների կառավարումը առանց դրանց ցուցադրության, այսինքն՝ թանգարանային գործի կազմակերպման`անավարտ է: Ամբողջացնելու համար անհրաժեշտ է այդ կառույցի մեջ ներառել նաև թանգարանների կառավարումը, նկատի ունեմ նաև այն թանգարաններն ու արգելոց-թանգարանները, որոնք մինչ օրս չէին գտնվում լիազոր մարմնի` ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության տակ: Հիմնվելով պրակտիկայի վրա՝ կարող եմ ասել նաև, որ մեկ միասնական կառույցի հետ աշխատելը արդյունավետ կլինի նաև զբոսաշրջության, կրթության և գիտության, արտաքին դիվանագիտական լիազոր մարմինների, վերազգային գիտամշակութային կազմակերպությունների համար: Այս կերպ ավելի արդյունավետ կարելի է իրականացնել «արտահանվող մշակութային քաղաքականությունը»:

-Եվ որ կառույցի ենթակայությամբ….

– Խորին հարգանք ու բարձր գնահատական ունենալով քաղաքաշինության բնագավառի բոլոր մասնագետների նկատմաբ, այդուհանդերձ կարծում եմ` անվերապահորեն մշակույթի կառավարման լիազոր մարմնի ենթակայությամբ է հնարավոր արդյունավետ կյանքի կոչել վերը նշածս ծրագրերը:

Զրուցեց ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ, 

11.01.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031