Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԱՌԵՑՎԱԾ, ԲԱՅՑ ՏԱՔ

Հունվար 11,2019 10:30

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆԻՆՆԵՐՈՐԴ

Գլուխ հիսուներկուերորդ

ՍԱՌԵՑՎԱԾ, ԲԱՅՑ ՏԱՔ

Ամեն իրիկուն, երբ Սադոյան Արշակն ուշացումով թափանցում է «Մարինոյի» տարածք,  «Մարինոյի» տարածքում միայն սրճարանի պահակն ու օրթախականներս ենք ներկա գտնվում, լավագույն դեպքում նաեւ կողքի սեղանի անձնակազմը՝ սառեցված դաշնակ Ավիկով, սառեցված թատերաբան Վալերիկով եւ երբեք չսառչող գրահրատարակիչ ու գրող Վիլյամով, ով գրագետ հասարակությանն առավել հայտնի է Վան Արյան անունով ու ազգանունով, եւ եթե էս երեքն իրիկվա  իննից  հետո «Մարինոյի» տարածքում  ներկա են գտնվում, էս երեքից առաջինը՝ սառեցված ու կախակայված դաշնակ Ավիկն անպայման դիտողություն ու նկատողություն է անում ճվճվացողներին ու ղժղժացողներին եւ հիմնականում հենց Սադոյան Արշակին է նկատողություն ու դիտողություն անում՝ ոչ միայն էն պատճառով, որ Արշակը Ավիկի՝ Ղարաբաղում կռված լինելու հանգամանքին կասկածով է վերաբերվում, այլեւ ու հիմնականում էն պատճառով, որ իր սեղանակիցներն ու սրճարանի պահակը եւս մի անգամ համոզվեն, որ սառեցված ու կախակայված, բայց մշտական ու հավերժական դաշնակ Օհանյան Ավիկը ցանկացած պահի կարող է դիտողություն ու նկատողություն անել նախկին պատգամավոր եւ ժողովրդի նախկին սիրելի Արշակ Սադոյանին, եւ, դրանից էլ բացի, մշտապես սառեցված ու մշտապես դաշնակ Օհանյան Ավիկը չի կարող ներկաներից որեւէ ուրիշի ճվճվալու ու ղժղժալու համար նկատողություն ու դիտողություն անել՝ ոչ միայն այն պատճառով, որ հիմնականում Արշակն է ճվճվում ու ղժղժում, այլեւ՝ միանգամայն այլ ու միանգամայն տարբեր պատճառներով. Հայկունուն ու Ալբերտին չի կարող դիտողություն ու նկատողություն անել, որովհետեւ ժամանակ առ ժամանակ վերջիններից պարտքով փող է խնդրում, եւ ժամանակ առ ժամանակ վերջիններս տալիս են՝ պարտքով, բայց անվերադարձ, եւ սառեցված ու մշտապես տաքարյուն դաշնակ Օհանյան Ավիկն ինչքան էլ տաքանա, Ղուշչյանին էլ չի կարող դիտողություն ու նկատողություն անել, որովհետեւ ամենավերջում, երբ կրքերն արհեստականորեն հանդարտվում են, Ավիկը Ղուշչյանի մեքենայով կամ Ղուշչյանի պատվիրած տաքսիով է գնում տուն, եւ չնայած Մանուկյան Ջոնը, Մաղաքյան Անանիան ու Մալխասյան Արիկն էլ են համարյա ամեն իրիկուն Ղուշչյանի մեքենայից ու պատվիրած տաքսիներից օգտվում, Օհանյան Ավիկի հանգամանքը մի քիչ ուրիշ է, որովհետեւ Ավիկը Ղուշչյանի ամենօրյա էս պասաժիրներից միակն է, ում Ղուշչյանն իր մեքենայով կամ իր պատվիրած տաքսիով մինչեւ տան դուռն է հասցնում, որովհետեւ Ավիկի վարձով տունը Ղուշչյանի տան հենց ճամփի վրա է, մինչդեռ Անանիային, Ջոնին ու Արիկին Ղուշչյանը հարաբերականորեն է տուն հասցնում՝ վերջիններիս ընդամենը իրենց թաղամասերին մոտեցնելով:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031