Լրահոս
Օրվա լրահոսը

Օպերայի հարակից կանաչ գոտին վերականգնվում է

Հունվար 11,2019 22:50

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը իր այսօրվա հասցեում գործում է արդեն 80 տարի: Թամանյանական նախագծով կառուցված շենքն ուներ հարակից այգի, որտեղ հանդիսատեսը ներկայացման ընդմիջումներին պետք է դուրս կգար, զբոսներ ճեմուղիներում: Մայրաքաղաքի այցեքարտերից համարվող Օպերայի շենքը տարիներ անց շրջափակվեց սրճարաններով: Երևույթ, որ չկա աշխարհի ամենահայտնի մշակութային կենտրոնների շրջակայքում:

«Եթե նայենք, թե ինչ է կատարվում այլ երկրների մշակութային կենտրոնների շրջակայքում, դա այնքան էլ այն չէ, ինչ կարելի է մեզ մոտ տեսնել: Հիմա փոքր-ինչ այլ տրամադրություն է շրջակայքում՝ աշխույժ աղմուկ… Գուցե այդ ամենը կարող է տեղ ունենալ մի քիչ հեռու՝ ոչ թե անմիջապես երկրի գլխավոր թատրոնի մուտքի առաջ: Հասկանում եմ, որ սա բարդ, դժվար գործ է, շատ մարդիկ այդ ամենի մեջ բավական մեծ փողեր են ներդրել: Մենք գիտեք, որ թատրոնի ներքևում զվարճանքի ակումբ էլ ունենք, այնպես որ, տարածքները մաս առ մաս են վերցրել: Այնպես որ, լավ կլինի այդ ամենը նոր դիտանկյունից քննարկել. ոչ թե աղքատ, հետսովետական հանրապետության դիտանկյունից, այլ արդեն նոր Հայաստանի դիրքերից, որը զբաղվելու է մեծ մշակույթով, մեծ գործերով՝ ձգտելով  մնալ  միջազգային մակարդակի»,- նշում է թատրոնի տնօրեն Կոնստանտին Օրբելյանը:

Տարվա սկզբից քաղաքապետարանը ձեռնարկել է Երևանի կանաչ տարածքների վերականգնման և զարգացման գործընթացը: Առաջինն Օպերայի հարևանությամբ՝ Ազատության հրապարակին անմիջապես հարող հատվածն է: Քաղաքի սեփականություն հանդիսացող հողամասերը տարիներ շարունակ վարձակալած  տնտեսվարողները ծանուցվել են՝ հրաժարվել վարձակալության իրավունքով տրամադրված հողամասերի մի մասից:

Պայմանագրերի համաձայն՝ քաղաքապետարանն իրավունք ունի ցանկացած պահի վարձակալությամբ տրամադրված տարածքն ազատելու պահանջ ներկայացնել՝  30 օր առաջ ծանուցելու պայմանով:

Ի դեպ, կանաչապատման ենթակա տարածքում գործող սրճարանները, բացառությամբ մեկի, սրճարանային տարածք ունեն նաև հարակից հատվածներում: Ստացվում է, որ կանաչապատվելու է նրանց տնօրինած տարածքների միայն մի մասը:

Փոխահատուցում տնտեսվարողներին, ըստ պայմանագրի նախատեսված չէ, սակայն քաղաքային իշխանությունը, կարևորելով ձեռնարկատիրությունը խթանելու քաղաքականությունը, առաջարկում է շարունակել գործունեությունը քաղաքի այլ՝  ավելի պատշաճ  հատվածներում:

Արդեն գարնանը, նախագծի համաձայն, տարածքները կբարեկարգվեն և կկանաչապատվեն,  կվերականգնվի դրանց երբեմնի նշանակությունն ու տեսքը:

Օպերայի տարածքից բացի Երևանի քաղաքապետարանը նախատեսում է ազատել նաև հանգստի համար նախատեսված քաղաքի կանաչապատ մյուս գոտիները:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի
տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031