Բժիշկ Հայկ Մանասյանը «Բժշկագիտական բարդակ» թեմայով ուղիղ եթերում խոսել էր պարբերական հիվանդությամբ տառապող մի 17-ամյա տղայի մասին, որին նշանակել էր «Կոլխիցին» ու ուղարկել «Արաբկիր» բուժկենտրոն՝ հաշվառման: Նրա խոսքով՝ տղան պետք է գնա բանակ ու կարեւոր է, որ նա հաշվառվի, հակառակ դեպքում տանջվելու են ինքն էլ, ծնողներն էլ, եթե այս հիվանդությամբ նրան տանեն բանակ. «Տղային գենետիկ քննության են ուղարկել, արդյունքում մուտացիա չեն հայտնաբերում, ասում են՝ գնա, չգիտեմ ինչ է, համենայնդեպս, պարբերական հիվանդություն չի, մինչդեռ պարբերական հիվանդության դիագնոզը միայն գենետիկ քննության հույսին չի, ամբողջ աշխարհում ընդունված է այդ հիվանդության ախտորոշումը կլինիկական ախտորոշման հիման վրա դնել: Միայն մեր երկրում է, որ գենետիկ քննությունը բժիշկներին ապահովագրելու համար է: Կարող է գենետիկ քննության մուտացիա չհայտնաբերվի, բայց հիվանդի մոտ լինի պարբերական հիվանդություն»: Նա պատմում է, որ իր բոլոր հիմնավորումները մանրամասն գրել է եւ տվել տղային, որ տանի «Արաբկիր» ԲԿ՝ ասելով, որ կարող է «մի հատ տապոռ բժշկի» այնտեղ հանդիպի. «Ես գիտեմ, որ «Արաբկիրում» կարող են հանդիպել պատի, հանդիպել շվելլերի, ռելսի, կարող են հանդիպեն այնտեղ բժշկական տգիտության, ես դա հասկանում եմ, որ կարող է լինել բժշկական տգիտություն»:
Aravot.am-ի հետ զրույցում այսօր «Արաբկիր» բուժկենտրոնի հիմնադիր, 6-րդ գումարման ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն այս քննադատության հետ կապված պարզաբանեց. «Նախ, ես համաձայն եմ բժիշկ Մանասյանի հետ, որ կարող է պատահի գենետիկորեն մենք չունենանք հնարավորություն մինչեւ վերջ հաստատելու, որ գտնենք այն մուտացիան, որը գոյություն ունի, կամ չունի ու դրանով ասենք՝ կա՞ պարբերական հիվանդություն, թե՞ ոչ: Մուտացիաները մենք հայտնաբերում ենք հիմնականում, բայց այն դեպքում, երբ չենք հայտնաբերում, ինքը ճիշտ է ասում, մենք կարող ենք կլինիկորեն դնենք: Ի՞նչ է նշանակում կլինիկորեն, մենք նախ պետք է կարողանանք զննենք հիվանդին ու ժխտենք այն հիվանդությունները, որոնք կարող են այդ փորացավը բերել, գոնե այն ախտանշանները, որոնք նշում է՝ փորացավ, ջերմություն եւ այլն: Մի ուրիշը կարող է ունենա կրծքավանդակի ցավ, պարբերականը տարբեր է արտահայտվում: Կարող են լինել հիվանդություններ, որոնք կբերեն այդ ախտանշաններին, մենք պետք է ժխտենք դա: Երբ ժխտենք ու տեսնենք, որ այլ հիվանդություններ չկան ու տեսնենք, որ կա այդ նոպան, պետք է կարողանանք գնահատել՝ իսկապե՞ս այդ նոպան նման է պարբերականի՝ կլինիկորեն: Բայց դոկտոր Մանասյանը պահանջում է բժշկից, որ նա իր տեսածի հիման վրա ճանաչի այդ 17, 5 տարեկան տղային պարբերական հիվանդ, վերցնի դիսպանսեր, որից հետո թուղթ գրվի, որ նա բանակից ազատվի: Բժիշկը, որը «Արաբկիրում» աշխատում է, մի քանի խախտումներ պետք է թույլ տար, նախ ինքը պետք է չախտորոշեր, իր կարծիքը չդներ, որը թույլ չի տալիս օրենքը, երկրորդը՝ բժիշկը, եթե մուտացիան չկա, պետք է կլինիկորեն համոզվի, որ դա պարբերական է»:
Մեր հարցին՝ այդ դեպքում, եթե չի համոզվել ձեր բժիշկը, ինչո՞ւ է հիվանդին ճանապարհել տուն՝ Արա Բաբլոյանը պատասխանեց. «Ոչ, դա ազնիվ չէ, ոչ ոք տուն չի ճանապարհել: Եթե վերցնեք պացիենտին տրված խորհրդակցության թերթիկը, այնտեղ գրված է, որ դուք ունեք իրավունք բացառապես անվճար գալու «Արաբկիրում» հետազոտվելու, վերցրեք ձեր ուղեգիրը, որը հաստատված կլինի զինկոմիսարիատի կողմից, որն օրենքն է պահանջում, եւ եկեք, անվճար հետազոտվեք, որովհետեւ դա շատ ծախսատար պրոցես է»:
Արա Բաբլոյանը Մանասյանին դիմելով՝ ասաց. «Եթե կան մասնագիտական վեճեր, կարելի էր կոնսիլիում հրավիրել, կարելի էր սեղանի շուրջ նստել, բայց ոչ ֆեյսբուքյան լայվի միջոցով շվելլեր կոչել կամ տապոռ կոչել: Դա բժշկին հարիր չէ: Ես կարծում եմ, երեւի թե ինքը վրդովված է եղել, նման արտահայտություն է իրեն թույլ տվել, բայց չեմ կարծում, որ դա պատիվ է բերում բժշկին»:
Մեր դիտարկմանը, որ բժիշկը վրդովվել է, որովհետեւ բանակում մեր տղաները այդ խնդրի պատճառով լուրջ պրոբլեմի առաջ են կանգնում, նրանք, եւ նրանց ծնողները հետո տառապում են զինվորական հոսպիտալներում՝ Բաբլոյանն արձագանքեց. «Երբ որ ինքն ասում է մի քանի դեպք ունի նման, մեր բժիշկները 3000-ից ավելի ունեն հսկողության տակ, թող գան, մի հատ հլը տեսնեն, թե մենք քանիսին ենք հանդիպել, երբ որ այս կամ այն բժիշկը վճարովի ճանապարհով ինչ-որ ախտորոշում է դրել»:
Մենք ճշտեցինք՝ այսինքն, դա կոռուպցիոն ռիսկերի տե՞ղ է տալիս, եթե հիմնվեք բժիշկների կլինիկական ախտորոշումների վրա, եւ ոչ թե գենետիկ քննության՝ Բաբլոյանը պատասխանեց. «Բա իհարկե: Եթե խոսքը գնում է…ինքը ինչի՞ վրա է հիմքը դնում: Մենք հիմքը դնում ենք մարդու առողջությա՞ն, թե՞ բանակից ազատվելու: Նախ և առաջ` մարդու իրավունքին ու մարդու առողջությանը մենք պետք է անդրադառնանք: Եթե մենք առողջությանը պետք է անդրադառնանք, պարտավոր ենք լիարժեք բոլոր հետազոտություններն անենք: Եթե «Արաբկիրը» պետք է պատասխանի, ինքը չի կարող ուրիշի կարծիքի վրա հիմնվել: Ինքը կարող է ուրիշի կարծիքը վերցնել՝ որպես հիմք, որ ուղեգրել է, բայց ինքը պարտավոր է հետազոտվի: Բայց քանի որ ինքը տեսնում է՝ այդ երեխան ունի իրավունք անվճար հետազոտվելու, ասում է՝ ավելի լավ է երեխային ուղեգրով վերցնենք, հետազոտենք, քան թե ոտքի վրա հաստատենք: Երեխայի իրավունքների պաշտպանություն է տեղի ունեցել, մարդու իրավունքի պաշտպանություն է տեղի ունեցել: Մենք նախ եւ առաջ պետք է մարդու իրավունքների պաշտպանության մասին մտածենք ու նման երեխաներ մեր հսկողության տակ 3000-ից ավելի են»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ