Հունվարի 11-ին Գեղարքունիքի մարզպետարանում քննարկվեցին Սևանա լճում սիգի ձվադրման շրջանում ձկնորսության արգելքի հսկողության խստացման հետ կապված միջոցառումների ընթացքին վերաբերող հարցեր: Հանդիպմանը մասնակցում էին Սևանա լճում ձկնորսության արգելման մասին համաձայնագիր ստորագրած չորս կազմակերպությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ, ափամերձ համայնքներից ձկնորսությամբ զբաղվող քաղաքացիներ:
Հանդիպման սկզբում Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը իր դժգոհությունն հայտնեց վերջին օրերին արգելքի հետ կապված միջոցառումների իրականացման ընթացքի վերաբերյալ:
«Ձկնոսության արգելքի հետ կապված միջոցառումների իրականացման ընթացքը, մեղմ ասած, գոհացուցիչ չէ: Շատ շատերը թերահավատորեն են մոտենում քառակողմ համաձայնագրի կյանքի կոչմանը: Մենք պետք է հասկանանք և ընդունենք մի փաստ. ձվադրման շրջանում Սևանա լճում ձկնոսության արգելքը դա ազգային և պարենային անվտանգության խնդիր է: Մենք պետք է գնանք ձկնոսության ոլորտի կանոնակարգման»,- դիմելով ներկաներին նշեց Գեղարքունիքի մարզպետը:
Արգելքի հսկողության խստացման հետ կապված միջոցառումների իրականացման ընթացքի մասին խոսեցին ՀՀ ոստիկանության պետի տեղակալներ Աղասի Կիրակոսյանը և Վարդան Մովսիսյանը, ՀՀ Բնապահպանության նախարարի տեղակալ Այսեր Ղազարյանը, «Սևան »ԱՊ տնօրեն Վահե Գուլանյանը: Նրանք հորդորեցին ձկնորսների ներկայացուցչական խմբին՝ մինչև 2019 թվականի հունվարի 20-ը ձեռնպահ մնալ լիճ մտնելուց և խստիվ պահպանել արգելանքի ռեժիմը: Պաշտոնյաները հավաստիացրին ձկնորսներին, որ առաջիկայում կներդրվի արտոնագրային ձկնորսության նոր կարգը, ամեն ինչ կբերվի օրենքի դաշտ, որից կշահեն և ձկնորսները և պետությունը: Ձկնորսները խոստացան պահպանել սահմանված կարգը՝ ակնկալելով , որ արտոնագրային նոր կարգը հնարավորինս շուտ կդրվի գործողության մեջ:
«Մենք պետք է հաշվի առնենք, որ պատերազմական իրավիճակի մեջ գտնվող երկիր ենք, ուստի պետք է ամենայն պատասխանատվությամբ պահպանենք Սևանա լճի ձկնապաշարը և պայմաններ ստեղծենք նրա վերարտադրության համար, որպեսզի կարողանանք ցանկացած իրավիճակներում խուսափել անցանկալի զարգացումներից»,- խորհրդակցությունն ամփոփեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:
ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան