«ՀՀ-ում որեւէ պաշտոնյա`ոչ վարչապետը, ոչ հանրապետության նախագահը, չեն երաշխավորում ՀՀ տարածքային ամբողջականությունը, ՀՀ-ի անկախությունը, մեր ներքին եւ արտաքին անվտանգությունը: Էլ չեմ խոսում մարդու իրավունքների մասին: ՀՀ հիմնական օրենքում այս ամենը չկա, այդ թվում, այդ ամենը հանված է նաեւ երդման տեքստից»,- սա հիմնական խնդիրներից ընդամենը մեկն է, որը նախկին պատգամավոր, նախկին ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանին ստիպել է դառնալ «Փոխենք միասին» քաղաքացիական նախաձեռնության խմբի ներկայացուցիչ:
Խումբն արդեն ստորագրահավաք է նախաձեռնել Սահմանադրական փոփոխություններ կատարելու համար: Դրա համար էլ պետք է 200 հազար ստորագրություն: Aravot.am-ի հետ զրույցում Հովհաննես Մարգարյանն անկեղծացավ. սկզբում մտածել են`մեծ բան չէ, կհավաքեն անհրաժեշտ ստորագրությունները: Ընթացքում հասկացել են, որ մի շարք խոչընդոտներ կան «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում: Մասնավորաբար, ստորագրահավաքի համար տրամադրվում է 45 օր ժամանակ: Այդքան ժամանակ է տրամադրվում նաեւ որեւէ օրենքում փոփոխություն նախաձեռնելու համար 50 հազար ստորագրություն հավաքելու համար: Բայցի այդ, նաեւ ոչ աշխատանքային օրերին եւ ժամերին ստորագրահավաք իրականացնելու կարգ սահմանված չէ, մինչդեռ այդ ժամանակը ներառվում է 45-օրյա ժամկետի մեջ: Ընդ որում, պետական մարմնին, ստորագրությունների ստուգման համար մեկամսյա ժամկետ է տրամադրվում. 15 օրով ավել, քան դրանք հավաքելու համար: Այլ, այսպես կոչված, տեխնիկական խնդիրներ էլ կան: Մի խոսքով, այժմ մտածում են`«եթե չհասցնենք, ապա 50 հազար ստորագրություն կհավաքենք`«Հանրաքվեի մասին» օրենքը փոխելու համար»: Հովհաննես Մարգարյանի համոզմամբ, նոր խորհրդարանի առաջին գործը հենց «Հանրաքվեի մասին» օրենքը փոխելը պետք է լինի:
Ինչ վերաբերվում է Սահմանադրական փոփոխություններին, նախաձեռնող խումբն առաջարկում է նախագահին կրկին առաջնային մանդատով օժտել: Այսինքն, նրան ժողովուրդն ընտրի: Նախատեսված է նաեւ ետ կանչի ինստիտուտ: Դա ապահովվելու է ստորագրություններով: «Վարչապետին թող ընտրի ԱԺ-ն, ինչպես ընտրում է: Հանրապետության նախագահը վարչապետին ոչ կարող է նշանակել, ոչ էլ ազատել: Այսինքն, բալանսավորում ենք մեր իշխանությունը»,- իրենց պատկերացումները մանրամասներից Հովհաննես Մարգարյանը: Այժմ գործող խորհրդարանական կառավարման մոդելը նա համարում է խայտառակ, քանի որ, իր պնդմամբ, աշխարհում գոյություն չունի կառավարման նման մոդել, այն գերլիազորություններով օժտված վարչապետական կառավարում է: 2015 թվականին ինքը «դեմ» է եղել Սահմանադրության այդ նախագծին, «դեմ»-ի քարոզին է մասնակցել, ինքն էլ «դեմ» է քվեարկել: Հիշում է նախկին բանավեճն այն մասին, որ միտումնավոր է Ազգայն անվտանգության խորհուրդը փոխվել Անվտանգության խորհրդի, որպեսզի այդ կազմում չլինեն ԱԺ նախագահը, երկրի նախագահը եւ այդ կառույցը դարձել է վարչապետին կից մարմին:
«Ըստ գործող Սահմանադրության, եթե ռազմական դրություն է հայտարարվում, նույնիսկ զորք է կիրառվում, այս որոշումը կարող է կայացնել հանրապետության վարչապետը` նախագահին տեղյակ պահելով: Իսկ սա շատ վտանգավոր միտում է: Ատոմային զենք ունեցող երկրներում նույնիսկ երկրի նախագահն այդ զենքը օգտագործելու միանձնյա որոշում չի կարող կայացնել, այն գոնե երեք տեղում կոդավորված է, առնվազն երեք մարդու մասնակցություն պետք է»,- մանրամասնում է մեր զրուցակիցը:
Խնդիրը, մեր զրուցակիցը կառավարման մոդելի ընտրությունը չի համարում, այլ կառավարիչներին տրված լիազորությունները: ՀՀ գործող Սահմանադրությամբ, ըստ նրա, մենք ժողովրդին հինգ տարով զրկել ենք երկրի կառավարմանը մասնակցելու հնարավորությունից. «Մեկ անգամ ԱԺ ենք ընտրում, այն էլ ընտրելուց չիմանալով, թե այդ խորհրդարանը քանի՞ պատգամավոր կունենա»: Հովհաննես Մարգարյանը պնդում է, որ ի դեմս այս Սահմանադրության, նախկին իշխանությունը հասարակության վզին փաթաթեց մի փաստաթուղթ, համաձայն որի մենք ունենալու ենք գերլիազորություններով օժտված վարչապետ, որը ոչնչի համար պատասխանատվություն չի կրում:
Ժամանակին, խորհրդարանի ամբիոնից ինքն այս եւ այլ վտանգների մասին բարձրաձայնել է, բայց, ինչպես ասում են, «ձայն բարբառո անապատի»: Այժմ, իրողությունների փոփոխության արդյունքում, կարծում է, որ նոր հնարավորություններ են ստեղծվել`իշխանությունը նաեւ «դե յուրե» ժողովրդին վերադարձնելու: Միաժամանակ խոստովանում է, այն ժամանակ շատ խութեր չի նկատել: Օրինակ, պատգամավորների թվի դրույթը. «Մեզ նման միամիտներին համոզել էին, որ համամասնական ընտրակարգ կլինի: Բայց մեկ տող են ավելացրել, որտեղ գրված է, որ ընտրակարգը սահմանվում է Ընտրական օրենսգրքով: Էդտեղ էլ ռեյտինգային ընտրակարգը ներառեցին, բոնուս-ֆոկուսները, որ 101-ը կարող է դառնալ 200 պատգամավոր: Մինչդեռ, Սահմանադրությամբ պատգամավորների թիվը պետք է հստակ սահմանվի: Մենք առաջարկում ենք`85 պատգամավորի թիվ սահմանել եւ ԸՕ-ն պետք է ընտրական գործընթացը սահմանի, ոչ թե ընտրակարգ: Ընտրակարգը Սահմանադրությամբ պետք է ամրագրվի: Մենք կարծում ենք, որ Հայաստանը պետք է լինի մեկ միասնական ընտրատարածք եւ մեկ միասնական ցուցակով համամասնական ընտրություններ կայանան: Կուսակցությունների եւ դաշինքների համար նվազագույն շեմ ենք նաեւ սահմանում`համապատասխանաբար, 3 եւ 5 տոկոս: Այլապես, այս խորհրդարանը կարող է վաղն, օրինակ, ԸՕ-ով 15 տոկոս անցողիկ շեմ սահմանել»:
Նախաձեռնող խումբը նաեւ առաջարկում է գաղտնալսումների կարգ. դա պետք է լինի բացառիկ դեպքում, ԱԱԾ տնօրենի իմացությամբ եւ 12 ժամից ոչ ավել: Հակառակ պարագայում դատարանի որոշում է պահանջվելու: Առաջարկում են վերականգնել նաեւ Սահմանադրական այն դրույթը, որով պետությունը երաշխավորում է Առաքելական եկեղեցու անվտանգ ու բնականոն գործունեությունը: Նախաձեռնող խումբը նաեւ մարդու իրավունքներին վերաբերվող մի շարք առաջարկներ ունի:
Հովհաննես Մարգարյանն ասում է`հաջողության հասնելու հնարավորություններ տեսնում է, նաեւ հասկանում է`«լավ գործը հեշտ չի արվում»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ