Երևանի 28 փողոցներում հեռակառավարվող լուսավորության համակարգ և էներգաարդյունավետ լուսատուներ կտեղադրվեն: Դրանք հնարավորություն կտան ապահովելու քաղաքի գիշերային լուսավորությունը մինչև առավոտ։ Նոր լուսատուների կիրառմամբ ծրագրում ընդգրկված փողոցներում համայնքը կունենա ավելի քան 60% էլեկտրաէներգիայի խնայողություն։ Քաղաքապետարանում այսօր ստորագրվել է Երևանում LED լուսավորության համակարգի մատակարարման և տեղադրման պայմանագիր:
Ընդգծելով անհրաժեշտ ու տեսանելի ծրագրի կարևորությունը՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը քաղաքապետարանի աջակցությունն է հայտնել կապալառու ընկերությանն աշխատանքների իրականացման գործընթացում։
«Քաղաքի գիշերային լուսավորության անընդհատ ապահովման շնորհիվ մեր քաղաքը կլինի ավելի անվտանգ և առավել գրավիչ զբոսաշրջիկների համար։ Հատկանշական է նաև, որ այս ծրագրի շրջանակներում կլուծվի նաև վերգետնյա մալուխային ցանցի հարցը, որն այսօր արդեն անվտանգության խնդիր ունի՝ իջեցնելով վերջիններս ստորգետնյա կապուղիների մեջ», – նշել է քաղաքապետն ու շնորհակալություն հայտնել դոնոր ընկերություններին, մասնավորապես, Եվրոպական Միությանը, ինչպես նաև Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկին, որոնց աջակցության և ֆինանսավորման շնորհիվ հնարավոր է դարձել այս ծրագրի իրականացումը ։
Պայմանագիրը ստորագրվել է Երևանի քաղաքապետարանի «ԵՐՔԱՂԼՈՒՅՍ» ՓԲԸ-ի և ֆիննական «Քնսորթիում Օնինեն Օյ Էնսթո օյի», ինչպես նաև ենթակապալառուներ ԱյԵֆ ենթակառուցվածքների պլանավորում «Այ/էս Այեֆ լայթիգ» ՍՊԸ, «Իքոնեքս-քոմ», «Տրանսփրոջեքթ» ՓԲԸ և «Կարամյանշին» ՍՊԸ-ի միջև:
Քաղաքային լուսավորության ենթակառուցվածքի բարելավման նպատակով Երևանի քաղաքային լուսավորության ծրագիրն իրականացվում է ՎԶԵԲ-ի աջակցությամբ: Պայմանագիրը Հայաստանի Հանրապետության և ՎԶԵԲ-ի միջև կնքվել է 2015 թվականի մայիսի 11-ին: Վարկի գումարը 4.0 մլն ԱՄՆ դոլար է: Եվս 1.9 մլն եվրո դրամաշնորհ տրամադրվել է E5P-ի կողմից, որի պայմանագիրը ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և E5P միջև 2015 թվականի հոկտեմբերի 20-ին:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն