Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Եթե էդքան ակտիվ էին, էդքան տղամարդ էին, բա հեղափոխությունից առաջ ո՞ւր էին, հիմա չեն վախենում, հա՞». Մանվել Գրիգորյանի պաշտպանը՝ ցուցարարներին

Հունվար 11,2019 18:10

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Վերաքննիչ քրեական դատարանում քննարկվում էր դատախազության բերած բողոքը առաջին ատյանի այն որոշման դեմ, որով 25 մլն դրամ գրավի դիմաց գեներալ Մանվել Գրիգորյանն ազատ էր արձակվել: Դատարանի մոտ էլ մի խումբ ցուցարարներ պահանջում էին կալանավորել Մանվել Գրիգորյանին:

Դատական նիստը հետաձգվել է, բայց պաշտպանը՝ Արսեն Մկրտչյանը չէր ցանկանում հայտնել, թե երբ է տեղի ունենալու հաջորդ դատական նիստը: Նա բողոքում էր ցուցարարներից, որոնք փորձում են ազդել դատարանի որոշման վրա: Լրագրողները հարցրեցին՝ ցուցարարների պատճառո՞վ է, որ չեք ուզում դատական նիստի մասին հայտնել՝ Արսեն Մկրտչյանը պատասխանեց, որ դատարան գալիս հետեւել է ցուցարարների խոսքին. «Հոգեբանական, մարդկային ճնշում կա, էլ չեմ ասում խոչընդոտ՝ մասնագիտական գործունեություն իրականացնելու վրա»: Հարցին՝ Մանվել Գրիգորյանը ճնշվո՞ւմ է ցուցարարներից՝ նա պատասխանեց, որ Մանվել Գրիգորյանը թշնամուն դիմակայած Արցախի հերոս է, այն ժամանակ չի ճնշվել, ու ճնշվել, նեղվել, խոշտանգվել հասկացությունները նրա համար հարիր չեն. «Ես շատ հարգում եմ ե՛ւ ակտիվիստներին, ե՛ւ իրենց կողքը հայտնված քաղաքացիներին, բայց լինելով իրավաբան՝ իմ մեջ հարց է ծագում, երբ մարդուն մեղադրանք ես հնչեցում, այն էլ հրապարակային, թե նա 30 տարի մեզ խոշտանգել է, մեզ 30 տարի վախեցրել է, հիմա էդ 30 տարի վախեցած քաղաքացիները բավականին ակտիվ են, Էջմիածնից հասնում են Երեւան, Մանվելի հասցեին վիրավորական խոսքեր են գոռում: Եթե սրանք էդքան ակտիվ էին, էդքան չխոշտանգվող էին, էդքան տղամարդ էին, բա հեղափոխությունից առաջ ո՞ւր էին: Հիմա չեն վախենում, հա՞»:

Պաշտպանն ասաց. «Դուք չե՞ք գտնում, որ արդեն հասունանում է այն ժամանակը, որ կարող է դատավորները, դատախազները, արդարադատություն իրականացնողները սկսեն վախենալ ակտիվիստներից, չե՞ք կարծում, որ դա հակառակ ծայրահեղությունն է: Ի վերջո, արդարադատությունը պետք է իրագործվի դատարանում: Մենք չենք փորձել Մանվել Գրիգորյանի կողմնակիցներին բերել դատարան: Ընտանիքի անդամներն անգամ չեն եկել: Դուք կարծում եմ, չգիտեք, թե Մանվել Գրիգորյանի կողմնակիցները քանի՞ անգամ գերազանցող կլինեն ներկա գտնվող հավաքվողներից»:

Պաշտպանը գտնում է, որ ցուցարարներին ուղղորդող կա. «Արդեն ժամանակն է, որ իրավապահ մարմինները գնահատական տան դրան»:

Լրագրողները հետաքրքրվեցին Նազիկ Ամիրյանի գործից՝ Արսեն Մկրտչյանը պատասխանեց. «Ես տղամարդ եմ, ուրիշի կանանցից չեմ խոսում, ես իր պաշտպանը չեմ»:

Արսեն Մկրտչյանը նաեւ ասաց, որ ինքը Մանվել Գրիգորյանի գործում ներգրավել է՝ որպես ԵԿՄ անդամ ու եթե մի պահ անգամ կասկածի, որ Մանվել Գրիգորյանը կապ ունի իրեն մեղսագրվող արարքների հետ, մի վայրկյան անգամ իր կողքին չի մնա՝ որպես պաշտպան. «Ես չեմ կասկածում, որ Մանվել Գրիգորյանը արդար է եւ մաքուր: Ինչքան էլ ակտիվիստ լինի, ինչքան էլ լայվեր լինեն, Մանվել Գրիգորյանը չի ընդունելու այն, ինչը ինքը չի արել, չի՛ լինելու դա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031