Ամենայն հավանականությամբ մի քանի նախարարությունների միավորման կառավարության առաջարկի նախագիծը կընդունվի ԱԺ առաջին նիստերից մեկում, երբ հաստատվի նոր կառավարության կազմը:
Կառավարությունը հայտարարում է, թե նախագիծն առայժմ քննարկման փուլում է ու ոչինչ դեռ որոշված չէ: Մեր տեղեկությամբ, հարցի վերջնական քննարկումը կառավարությունում կայանալու է վաղը: Այլեւս ժամանակ չի մնում: Գրեթե կասկած չկա, որ սպորտն ու մշակույթը միանում են կրթությանն ու գիտությանը: Սակայն հետաքրքիր է, թե այդ քննարկումներին սպորտի ներկայացուցիչները մասնակցե՞լ են, մարզաշխարհի հեղինակավոր մարդկանց կարծիքը լսվե՞լ է, թե՞ բավարարվել են միայն կառավարության անդամներով, որոնց մեծ մասը, կարծում ենք, այնքան էլ լավ չեն պատկերացնում սպորտի ոլորտի խորությունն ու նրբությունները: Չի ասվում նաեւ, թե, մասնավորապես, սպորտը ի՞նչ կարգավիճակ է ունենալու սուպերնախարարության կազմում: Հավանաբար՝ վարչության: Սակայն այդ կարգավիճակով, թերեւս, հնարավոր լինի կազմակերպել երիտասարդական բլոկի եւ առողջ ապրելակերպի քաղաքականությունը: Իսկ ի՞նչ է լինելու բարձրագույն նվաճումների սպորտի ճակատագիրը:
Նախկինում, ոչ միայն նախորդ իշխանության ժամանակ, սպորտը մեկ այլ ոլորտի միացնելու քայլեր արվել են, սակայն որոշ ժամանակ անց հասկացել են, որ դա սխալ է:
Անպատասխան խնդիրները բազմաթիվ են: Բայց մի հարց ամենից շատն է հետաքրքրում: Նոր սուպերնախարարությունը, որն ամենայն հավանականությամբ ղեկավարելու է կրթության ոլորտի ներկայացուցիչը, ինչպե՞ս է գլուխ հանելու մեծ սպորտից, միջազգային մակարդակի մարզիկներ պատրաստելու գործից, եթե ի վիճակի չէ կազմակերպել ընդամենը հանրակրթական դպրոցներում ֆիզիկական կուլտուրա առարկայի շատ թե քիչ նորմալ դասավանդումը, առարկա, որը չինչին բացառություններով կատաստրոֆիկ վիճակում է գրեթե բոլոր դպրոցներում: Հաշվի առնվե՞լ է, որ 2019-ը նախաօլիմպիական տարի է, 2020-ը՝ օլիմպիական, որ մեր մարզիկները պետք է առանց խափանումների մասնակցեն ուսումնամարզական հավաքների, վարկանիշային մրցաշարերի, Եվրոպայի ու աշխարհի առաջնությունների, եւ այդ ընթացքում արագ ու ճիշտ լուծումներ պահանջող բազմաթիվ խնդիրներ են առաջանում:
Նոր սուպերնախարարը նաեւ կառուցվածքային անխուսափելի տեխնիկական փոփոխությունների պայմաններում այդքան ժամանակ ու հմտություն ունենալո՞ւ է բացի կրթությունից, գիտությունից եւ մշակույթից, նաեւ սպորտային հարցերով զբաղվելու համար: Թե՞ սպորտն էլ այսուհետեւ կշարունակվի այնպես, ինչպես ֆիզկուլտուրա առարկան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
http://www.thetower.org/7038oc-israel-opens-olympic-sports-research-center/
«Իսրայէլը օլիմպիական մարզաձեւերի ուսումնասիրութեան կենտրոն կը բացի»
Այսօրուայ յօդուած է, որը կարծես յօդուածագրի հարցերի պատասխանը տայ՝ ուղղակի Իսրայէլի համար 😊
Յ.Գ. Յետ էք։ Շա՜տ յետ էք։ Ասում ենք օգնենք, ասում էք՝ չէ, դու մեզ հետ չես քայլել 😊