Ազգային հողի վրա Ռուսաստանի քաղաքացիների ձերբակալումն ու արտաքսումը նրանց իրավունքների կոպիտ խախտում է: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով բողոքներին՝ թե ազգությամբ հայ Ռուսաստանի քաղաքացիների մուտքն Ադրբեջան արգելվում է:
Դեկտեմբերի 29-ին Ռուսաստանի քաղաքացի Քրիստինա Գևորգյանը Facebook-ում գրել էր, որ 13 ժամ է անցկացրել Բաքվի օդանավակայանում, որից հետո նրա մուտքը արգելվել է: Նա գրել էր, որ ցանկացել է ամանորյա արձակուրդներն անցկացնել Ադրբեջանում, բայց իրեն թույլ չեն տվել: Ըստ Գևորգյանի՝ օդանավակայանում եղել է ևս երեք հայկական ազգանունով ընտանիք, որոնց թույլ չեն տվել անցնել սահմանը:
«Ես տեսել եմ մեծ թվով տեղեկություններ, այդ թվում սոցցանցերում: Տոների ընթացքում նույնպես եղել են միջադեպեր, մենք դրանք գրանցել ենք նաև նախկինում: Մենք պարբերաբար այդ հարցը բարձրացրել ենք ադրբեջանական կողմի առաջ, ասել ենք, որ նման դեպքերը, ցավոք, ավանդույթ են դառնում, ցավոք, ոչ լավ ու սխալ»,- ասել է Զախարովան:
Նրա խոսքով՝ մի քանի օր առաջ մեծ թվով նյութեր են հրապարակվել սոցցանցերում, բայց սա էթնիկ հողի վրա խտրականության առաջին դեպքը չէ:
Ըստ ԱԳՆ-ի՝ անցյալ տարի գրանցվել է էթնիկ հողի վրա Ադրբեջան մուտքը արգելելու 16 դեպք: Ընդ որում, Ռուսաստանի քաղաքացիները մի քանի ժամով ձերբակալվել են օդանավակայանում, հետո բռնի կերպով արտաքսվել են երկրից: Պաշտոնական պատճառներ նշված չեն:
«Նշված են փաստեր, մեր տեսանկյունից, դրանք Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ մարդու իրավունքների կոպիտ խախտումներ են»,- ասել է Զախարովան՝ հավելելով, որ դրանք հակասում են ռուս ադրբեջանական պայմանագրերի ոգուն և տառին:
«Ռուսաստանի ԱԳՆ-ն բազմիցս ադրբեջանական կողմի ուշադրությունն է հրավիրել ստեղծված իրավիճակի անընդունելիության վրա: Պահանջել ենք դադարեցնել այդ փորձը՝ ձերբակալությունները և արտաքսումը: Այն անհամատեղելի են մեր երկրների միջև բարեկամական հարաբերությունների հետ»,- ասել է Զախարովան:
Նա, այնուամենայնիվ, նշել է, որ ռուսական կողմը հավաստիացումներ է ստացել Ադրբեջանի ղեկավարությունից, որ իրավիճակը կշտկվի:
«Եվ մենք այդ հարցում մեծ հույսեր ունենք»,- ընդգծել է Զախարովան:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Կարծում եմ ,,զերկալնի,,պատասխան կլիներ եթե արտաքսեին ազգությամբ ռուս ՌԴ քաղաքացիներին….