Վերաքննիչ քրեական դատարանում քննարկվում էր դատախազության բերած բողոքը առաջին ատյանի այն որոշման դեմ, որով 25 մլն դրամ գրավի դիմաց գեներալ Մանվել Գրիգորյանն ազատ էր արձակվել:
Քիչ առաջ լրագրողների հետ զրույցում Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը տեղեկացրեց, որ դատական նիստը հետաձգվել է, քանի որ այս պայմաններում չէր կարող այն կայանալ. «Խոչընդոտվում է: Սա ճիշտ մոտեցում չի, երբ փողոցից մեկը բութը վերեւ է հանում, ներքեւ է հանում, ուզում եմ, չեմ ուզում, լայվեր են մտնում, թե պայքարում են արդարադատության դեմ… համապատասխան արձագանքը չեն ստանում: Նիստը հետաձգվել է զուտ տեխնիկական պատճառով՝ որոշակի փաստաթղթերի տրամադրման անհրաժեշտություն կա՝ միջնորդություններին պատրաստվելու, ներկայացնելու համար, նիստը հետաձգվել է մեկ այլ օր»: Թե երբ՝ պաշտպանը չասաց:
Պաշպանն ասաց, որ Մանվել Գրիգորյանի առողջությունը թույլ չի տվել, որ նա մասնակցի այսօրվա դատական նիստին, բայց նա ցանկություն հայտնել է մասնակցել: Հետագայում, երբ առողջությունը ների, նա կմասնակցի:
Թե ինչ հիմքով են Մանվել Գրիգորյանին կալանքից գրավով ազատ արձակել՝ Արսեն Մկրտչյանն ասաց, որ հիմնավորվել է ոչ միայն առողջության բացասական դինամիկայով, պարզապես այն հիմնավորումները, որ նախաքննական մարմինը ներկայացրել էր, անընդհատ տեխնիկական կրկնության միջոցով չեն կարող հիմք հանդիսանալ հետագա կալանքները երկարաձգելու համար. «Դատարանը արդարացիորեն գտել է, որ հնարավոր է կալանքը փոխարինել գրավով»:
Լրագրողներն ասացին, որ տեսել են Մանվել Գրիգորյանին իր ոտքով բուժկենտրոն գնալիս, եթե նա ի վիճակի է անձամբ գնալ կլինիկա, ինչո՞ւ չի կարող գալ դատական նիստին՝ պաշտպանն ասաց, որ գիշերը շտապօգնության մեքենա է եկել, ու եթե ասում են, որ առողջական վիճակը չի ներում գալ դատարան, դա չի նշանակում, որ նա պետք է անպայման անկողնուն գամված լինի:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ