«Կադանս» երաժշտության կենտրոնի հիմնադիր, գործադիր տնօրեն ու պրոդյուսեր Նիկա Բաբայանը, ի թիվս այլ մտահոգ մարդկանց, միացել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին ուղղված ստորագրահավաքին: Մշակույթի եւ արվեստի ոլորտի մարդիկ նրան ուղղված դիմումում նշում են, որ կադրային ձախողման հարցում հնարավորություն այլեւս չկա: Նաեւ վարչապետին հորդորում են, որ առաջիկայում ոլորտի կառավարման պատասխանատուներին ընտրելիս իբրեւ կողմնորոշիչ ու չափանիշ ընդունվեն ներկայացված մշակութային հայեցակարգերն ու սկզբունքները, մասնագիտական փորձառությունը, իրազեկությունն ու հանրային ճանաչելիությունը։
Նիկա Բաբայանն Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ իրավունք չունենք շռայլել ժամանակը: «Չգիտես ինչու, մարդկանց թվում է, որ հարյուրամյակներ կարող ենք այդպես շարունակել, կամաց-կամաց ընթացքում սովորել: Սովորել միշտ պետք է, եւ չսովորող մարդուց լավ բան չի կարելի սպասել, բայց ճիշտ չէ մարդկանց սկզբից պաշտոն տալը, հետո սպասելը, որ իրենք ինչ-որ բան կսովորեն, եւ քաղաքական գործունեության փորձը կարող է օգտակար լինել: Մասնագիտական ոլորտներում այդպիսի բանն անընդունելի է: Ես մտածում եմ, որ այն նախարարները, օրինակ, մշակույթինը, կրթությանը, որոնք իրենց չեն արդարացրել, այլեւս չպետք է շարունակեն: Մյուս կողմից էլ մարդիկ, չգիտես ինչու, միայն նախարարի անունն են տալիս սխալներ մատնանշելիս, բայց չեն խոսում թիմի մասին: Ես համարում եմ, որ դա միայն նախարարին չի վերաբերվում, այլ ամբողջ թիմի տապալումն է, եւ պետք չէ միայն նախարարին հանել մեղավոր, իսկ մյուսներին անտեսել:
Ես շատ մեծ հույսեր ունեմ, որ այն մարդիկ, որոնք 8 ամիս գործող նախարարի հետ են աշխատել, այլեւս չեն աշխատի այդ բնագավառում: Անշուշտ, հասկանալի է, որ եթե մեկն այսօր ստանում է պետական պաշտոն, ինքը պետք է այդ պաշտոնից բան հասկանա: Ճիշտ է, ասում են` նախարարը քաղաքական պաշտոններ է, գուցե դա չի պահանջում մասնագիտական ինչ-ինչ գիտելիքներ, մինչդեռ դա այդպես չէ: Նախարարները, ի տարբերություն մյուս պետական պաշտոնյաների, ոչ միայն քաղաքական գործիչներ են, այլեւ շատ կոնկրետ բնագավառի լիդերներ, որոնք պետք է առաջ տանեն բնագավառը: Որովհետեւ առանց մասնագիտական գիտելիքների որեւէ քայլ չես կարող առաջ գնալ: Եվս մի տեխնիկական հարց, որի վրա չես կարող ուշադրություն չդարձնել: Նախարար են նշանակվում անփորձ երիտասարդներ, որոնց խորհրդականները շատ ավելի երիտասարդ են, քան նախարարը: Դա ծիծաղելի է եւ նշանակում է` անլուրջ վերաբերմունք ոլորտի հանդեպ»
Պարոն Բաբայանը տարակուսանք է հայտնում. «Իբր մշակույթի նախարարի հարցը լուծվեց, հիմա էլ սուպերնախարարություն է ստեղծվում: Ինչո՞ւ ենք մոռանում, որ սուպերնախարար դառնում է մի մարդ, որն իմ կարծիքով՝ շատ բաներ տապալել է, եւ իմ կարծիքով մշակույթի նախարար Մակունցը գործում էր ավելի փորձառու մեկի հետ ու անշեղորեն կատարում հենց նրա որոշումները: Այդ ժամանակ կրթության եւ գիտության նախարարն էր թելադրում մշակույթի նախարարության բոլոր քայլերն ու գործողությունները: Այնպես որ, եթե ասում ենք մշակույթի նախարար, պետք է նկատի ունենանք գործող, արդեն հետագա ընդհանուր նախարարին: Իմ կարծիքով, մշակույթի նախարարի սխալների մեծ մասն իր անմիջական մասնակցությամբ է տեղի ունեցել:
Կա՞ մշակույթի նախարարության մի նախագիծ, որ չի կապվում ԿԳ նախարարության հետ: Ասեմ ավելին, բացահայտ երեւում էր այդ նախարարի թելադրանքը: Հիմա այդ նախարարը, որին մեր վարչապետը մեծ տեղ է տալիս, պետք է դառնա կրթության եւ մշակույթի համակարգողը: Գիտեմ, որ արդեն 100 տոկոսով տապալված թիմից ինչ-որ մեկին էլի նշանակում են, դա նախարարի տեղակալներից մեկն է, իսկ նա իրավունք չունի այդ գործով զբաղվելու: Ամեն դեպքում, ես մեծ սպասումներ չունեմ: Այն մարդը, որ պետք է ղեկավարի մշակույթի նախարարությունը, ցույց տվեց, որ ամենաանհեթեթ, անեկդոտիկ որոշումը կարող էր կայացնել` արվեստի գործերը դպրոցներ տանելը: Նման քայլի համար պետք էր աշխատանքից հեռացնել: Այստեղ չպետք է հանդուրժողականության ոչ մի տեղիք տրվի:
Մարդիկ նման սխալներ են անում, որոնք բխում են իրենց մենթալիտետից: Եվ հիմա նման առաջարկ անող մարդը, որն, ավելին, այդ անհեթեթ առաջարկը ներկայացնում է կառավարության նիստին, պարզվում է՝ պետք է նորից մշակույթ ղեկավարի: Ես հրաշքների չեմ սպասում: Միակ բանը, որ կարող է զսպող ինչ-որ բան լինել, մշակույթով իսկապես լուրջ զբաղվող մարդիկ պետք է լինեն, որոնք ստորագրել են վարչապետին ուղղված նամակը: Նրանք պետք է համախմբվեն եւ հիմար որոշումների դեպքում մեծ աղմուկ բարձրացնեն, մինչեւ երկրի ղեկավարությունը հասկանա, որ ոլորտը այսպես չի կարելի ղեկավարել»:
Հավելենք, որ վարչապետին ուղղված նամակի տակ ի թիվս մշակույթի եւ արվեստի այլ գործիչների, ստորագրել են Ռուբեն Բաբայանը, Նորա Բադալյանը, Նարինե Գրիգորյանը, Եղիշե Պետրոսյանը, Համլետ Չոբանյանը, Վարդան Մկրտչյանը, Նվարդ Անդրեասյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը` Նիկա Բաբայանի ֆեյսբուքյան էջից:
Յարգելիս, դուք մտահոգ էք, որ նորաստեղծ «գերնախարարութիւնում» մշակոյթի հարցերը վտանգուած են։
Իսկ ես մտածում եմ, որ հէ՛նց կրթութեան եւ գիտութեան վերջն է գալու։
Ու դա լինելու է Փաշինեանի, յեղափոխութեան «աքիլլեսեան գարշապարը», որով ձախողուելու է «աւետեաց երկրի» կառուցումը։ Որովհետեւ առանց կրթական եւ գիտական բարեփոխումների ՈՉԻՆՉ չի ստացուելու։
Հակահեղափոխությունն է? գլուխ բարձրացնում….