Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Չենք կարող ասել, որ Ղազախստանում այժմ հակահայկական լուրջ տրամադրություն կա». Ալեքսանդր Իսկանդարյան

Հունվար 11,2019 16:52

«Այն, ինչ նախորդ տարի տեղի ունեցավ մեզ մոտ, ես բնորոշում եմ որպես իշխող վերնախավի փոփոխություն: Վերնախավերը փոխվեցին երկրում. դա մեզ մոտ տեղի ունեցավ անցյալ տարվա ապրիլից և մի քանի օրից կավարտվի»,- «Տեսակետ» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Ըստ նրա՝ շատ բան չի փոխվել, բայց մեր երկրում հարյուր տոկոսով նոր մարդիկ են իշխանության գլխին:

Ըստ քաղաքագետի, թեև մենք խորհրդարանական համակարգում ենք, բայց չունենք լավ զարգացած կուսակցություններ. «Կուսակցական համակարգը գտնվում է կոլապսում: Շատերն ասում են, որ չկա ընդդիմություն: Խնդիրն ավելի մեծ է: Իշխանական կուսակցությունն էլ դեռ ձևավորված չէ: Քաղաքացիական պայմանագիրը ևս ձևավորված չէ մարդկային և այլ ռեսուրսներով: Այն մարդիկ, որոնք եկել են իշխանության, պետք է հասկանան, որ ամեն ինչ իներցիայի վրա չի կարող հիմնվել: Պետք է տնտեսական, ռազմավարական փաստաթղթեր մշակել, մշակել ճգնաժամային կառավարման ռազմավարություն»:

Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց, որ նոր իշխանության ներկայացուցիչներից շատերն առաջին անգամ են խորհրդարանում. «Մինչ այդ հասարակությունը նրանց չգիտեր էլ: Նրանք դեռ պետք է դառնան ներկայացուցչական մարմին, որպեսզի ներկայացնեն: Այն կոնֆիգուրացիան, որ հիմա կա խորհրդարանում, դա առանց ընդդիմության կոնֆիգուրացիա է»:

Դառնալով Ղազախստանում տիրող իրավիճակին՝ Ալեքսանդր Իսկանդարյանն ասաց. «Չենք կարող ասել, որ Ղազախստանում այժմ հակահայկական լուրջ տրամադրություն կա: Ղազախստանում կա լուրջ դժգոհություն կառավարությունից, ինչը շատ հաճախ դրսևորվում է նաև ցույցերի միջոցով: Այն, ինչ վերագրում են, թե հայերի նկատմամբ է կատարվում, դա ավելի հաճախ իշխանություններից, կառավարությունից, ոստիկանությունից ունեցած դժգոհությունն է»:

Դառնալով Կարագանդայում կատարվածին՝ Ալեքսանդր Իսկանդարյանն ասաց. «Այն, ինչ կատարվեց Ամանորի գիշերը, դա էթնիկական հարց չէ: Դա միջադեպ էր, որին մասնակցում էին տարբեր ազգերի ներկայացուցիչներ: Իրավական հարցերի մեջ չեմ խորանում: Հետո տեղի ունեցավ ռեակցիա: Նորմալն ադրբեջանական ռեակցիան էր, քանի որ նրանք միշտ բոլոր կետերում փորձում են աշխատել հայերի դեմ: Ինչ վերաբերում է ղազախական կառավարության դիրքորոշմանը՝ այս պահի դրությամբ ղազախական կառավարությունը արժանապատիվ է արձագանքել»:

Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով՝ Արցախի հարցով ռիսկերը պահպանվում են. «Թեև իրավիճակն Արցախի հարցով արտաքինից հանգիստ է թվում, սակայն այն ինձ համար հանգիստ չի թվում: Այն ազդանշանները, որոնք գալիս են Ադրբեջանից, դրա մասին են վկայում: Պետք է լուրջ աշխատանք կատարվի: Արցախի հետ կապված ռիսկերը պահպանվում են: Չեմ կարծում, որ դա պատերազմի ռիսկն է, բայց էսկալացիոն ռիսկերը չեն վերացել, դրանք պահպանվում են: Այդ ռիսկերը կանխելու համար պետք է դիվանագիտական ճակատում լուրջ աշխատանք տարվի: Այն իրավիճակը, որ կա, Ադրբեջանը դրանով բավարարված չէ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031