Այսօր «Հոդված 3» ակումբում «Միգրացիայի հնդկական թնջուկը» թեմայով քննարկման ժամանակ ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանն ասաց, որ 2018-ի առաջին 9 ամիսների վիճակագրությամբ ՀՀ մուտք են գործել Հնդկաստանի 21 հազար 61 քաղաքացիներ, ելքերի հետ տարբերությունը 2966 է: Կացության կարգավիճակ ստացած Հնդկաստանի քաղաքացիների թիվը 2018-ի տվյալներով շուրջ 2000 է: Նրանց ճնշող մեծամասնությունը ուսման հիմքով է ստացել կացության կարգավիճակ, շուրջ 800-ը՝ աշխատանքի հիմքով. «Աճը, անշուշտ, նկատելի է՝ նախորդ տարվա համեմատ»:
Հիմա թե սա հնարավորությո՞ւն է տնտեսության համար, թե՞ խնդիր՝ աշխատաշուկայի առումով՝ Ղազարյանն ասաց, որ այս հարցի քննարկումը կարեւոր է, բայց սոցիալական մեդիայում դա ստացավ ատելության խոսքի դրսեւորումներ, իսկ ատելության խոսքը երբեք ու ոչ մեկին լավ տեղ չի տարել:
Ազգագրագետ, մշակութային մարդաբան Աղասի Թադեւոսյանը հարցին, թե ինչո՞ւ է ատելության խոսք լինում մի հասարակությունում, որը նախկինում հենց ատելության խոսքի զոհ է դարձել՝ պատասխանեց, որ հայկական նացիոնալիզմի եւ դրա դրսեւորման ձեւերի հետազոտություն չի կատարվել. «Դրանում, իմ կարծիքով, շատ մեծ դեր ունի խորհրդային շրջանը: Չնայած ինտերնացիոնալիզմին, դրա քարոզչության վերջում ինտեր-ը դուրս էր գալիս, տակը մնում էր նացիոնալիզմը: Խորհրդային հասարակությանը բնորոշ էր այն ընկալումը, որ իրենք աշխարհի ամենազարգացած երկրների քաղաքացիներ են, մնացած բոլորը հետամնացներ են ու պետք է նրանց վերեւից նայել»:
Բացի այդ, ըստ պարոն Թադեւոսյանի, հայերը, որպես իրենց պետություն, միշտ համարել են, որ այնտեղ պետք է լինեն միայն հայեր, վտանգ ենք տեսնում, չենք կարողանում օտարի նկատմամբ ավելի հանդուրժողական լինել ու ընդունել. «Իհարկե, երկիրը պետք է ունենա իր քաղաքականությունը, բայց հասարակությունը այլատյաց չպետք է լինի ու ռասիստական մոտեցում չունենա, դա արդեն խնդիր է»:
«Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը գտնում է, որ միգրացիոն հոսքերի համար ռազմավարություն է պետք, մենք չգիտենք միգրացիոն հոսքի կառուցվածքը. «Արդեն ժամանակն է, որ Հայաստանը մտածի աշխատանքային իրավունք մտցնելու հասկացություն ընդունելու մասին, դա պետք է արվի ոչ թե որպես խտրականության դրսեւորում, այլ՝ որպես կարգավորում: Հայաստանը չպետք է դառնա այլ երկրներում մշակված քաղաքականությունների փորձադաշտ, մենք չենք կարող վստահ լինել, որ այս հոսքերը ուղղորդված չեն, այլ բնական հոսքեր են»: Խուրշուդյանն ասաց, որ ընդամենը 3000 այլազգի է եկել, արդեն մեծ աժիոտաժ է առաջացել, այս մտածողությունը փակ հասարակության ժառանգությունն է, որը ԽՍՀՄ-ից ստացել ենք. «Եթե մենք պլանավորում ենք 4-5 մլն բնակչություն ունենալ, չպետք է վախենանք, որ դրա 10 տոկոսը այլազգիներ կլինեն, այլ եկեղեցիների դավանողներ: Եթե մենք այդ մտածողության սահմանները չվերացնենք, խնդիր ենք ունենալու»:
Փորձագետ Հայկ Բալանյանը գտնում է, որ Հայաստան եկած հնդիկները կարող են ազդել մեր աշխատաշուկայի վրա: Էժան աշխատուժի ներմուծումը բերել է նրան, որ հայը ազատվում է աշխատանքից, արտագաղթում է, նրա փոխարեն գալիս է հնդիկը. «Գյուղատնտեսության մեջ ունենք փոքր հողակտորներ, հողերի 40 տոկոսը չի օգտագործվում, այդ հողերի տերերը կամ ՌԴ-ում են, կամ Երեւանում են, բայց իրենց հողը մնացել է: Նրան ձեռնտու է, որ մի հատ ճորտ ճարի՝ իր հողը մշակի, իրեն էլ ինչ կտա՝ կտա»: Ըստ փորձագետի, այս հողերը ոչ թե պետք է մշակման տան էժան աշխատուժին, այլ այդ փոքր հողերը պետք է խոշորացվեն. «Եթե հիմա Հայաստան ներգաղթածները էժանով աշխատում են, 10-15 տարի հետո չեն աշխատելու, արդյունքում ստացվելու է,որ մեր գյուղատնտեսական հողերը ցածր արդյունավետության մակարդակի են մնալու: Եվս մի լուրջ խնդիր ունենք՝ բիզնեսի զարգացման ճանապարհը սխալ ուղղությամբ է գնում: Մենք էժան աշխատուժի առումով Ինդոնեզիայի պես երկիր չենք կարող լինել, էժան աշխատուժի շուկան մեզ մոտ հեռանկարային չէ, մեր տնտեսությունը պետք է բարդ տեխնոլոգիական արտադրանք տա: Քո տնտեսական մոդելը, եթե ուզում ես ԵՄ երկրներին հասնես, պետք է այդ մոդելը համապատասխանի այդ ուղենիշին: Մեզ մոտ աշխատավարձը պետք է լինի բարձր: Եթե մենք ուզում ենք այդ մրցակցությանը դիմանանք, հստակ հաշվարկներ են պետք: Աշխատուժը դուրս կմղվի, ցածր աշխատավարձ ստացող սեգմենտ է գալու: Ասում են՝ հայերը ծույլ են, չեն ուզում աշխատել, բայց մեր բիզնեսն է ծույլ, որ չի ուզում մրցակցի ԵՄ երկրների հետ»: Մեր երկիր հնդիկների ներգաղթից մեծ հաշվով, ըստ փորձագետի, օգտվում է ՌԴ-ն, հնդիկները գալիս են այստեղ, մերոնք գնում են ՌԴ՝ խոպան:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Լուսանկարը՝ «Հոդված 3» ակումբի