Հունվարի 8-ից կառավարությունը «Գազպրոմ Արմենիա» ընկերության հետ բանակցություններ է սկսել՝ գազը սպառողներին գործող սակագնով մատակարարելու վերաբերյալ:
Հիշեցնենք, որ ամիսներ տեւած բանակցությունների արդյունքում ռուսական կողմը Հայաստանի համար գազի սակագինը 15 դոլարով թանկացրեց: Այս տարվա հունվարի 1-ից 1000 խմ գազի դիմաց «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը կվճարի 165 դոլար նախկինում գործող 150 դոլարի փոխարեն:
Դեռեւս տարեվերջին տեղի ունեցած ասուլիսում «Գազպրոմ Արմենիայի» տնօրեն Հրանտ Թադեւոսյանը նշել էր, որ ««Գազպրոմ Արմենիա»-ն վնասով է աշխատում եւ իրենք «Գազպրոմ»-ից 13.6 միլիարդ գումար են վերցնում, որպեսզի ամբողջապես հոգան իրենց ծախսերը»:
Այս հանգամանքը նկատի ունենալով, Aravot.am-ը «Գազպրոմ Արմենիայից» հետաքրքրվեց՝ եթե «Գազպրոմ Արմենիան» գազը թանկ է ստանալու, ինչի՞ հաշվին է հայաստանյան սպառողներին նախկին գնով մատակարարելու՝ հատկապես, որ մի բան էլ «Գազպրոմ»-ից է գումար վերցնում: Ընկերությունից խնդրել էին հարցերը գրավոր ուղարկել:
Ընկերության պատասխանատուներին նաեւ հարցրինք՝ մինչ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը բանակցություններ չե՞ն եղել «Գազպրոմ Արմենիա» ընկերության ղեկավարության հետ, այսինքն՝ ընկերության համաձայնությունը չի՞ եղել գազը չթանկացնելու, որ նոր միայն սկսել են գնի շուրջ բանակցել:
Հետաքրքրվեցինք նաեւ՝ արդյոք կա՞ն նախնական հաշվարկներ, թե գինը չբարձրացնելու դեպքում «Գազպրոմ Արմենիան» ինչպիսի՞ վնասներ է կրելու: Եթե, այնուամենայնիվ, «Գազպրոմ Արմենիայի» հետ կառավարությունն ունի նախնական պայմանավորվածություն՝ գազի գինը չբարձրացնելու, ի՞նչ ժամանակահատվածի մասին է խոսքը: Այսինքն՝ հայաստանյան սպառողին որքան ժամանակ գազը կմատակարարվի գործող սակագներով:
Երեկ «Գազպրոմ Արմենիա»-ից ստացանք մեր հարցերի պատասխանները, որոնք հրապարակում ենք ամբողջությամբ:
Ի պատասխան մեր հարցերին, ընկերությունից հայտնում են.
««Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն, հանդիսանալով բնական գազ մատակարարող կազմակերպություն, տեղեկացնում է, որ ՌԴ «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ի եւ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի միջեւ 02.12.2013թ. կնքված Հայաստանի Հանրապետություն 2014-2019 թվականներին բնական գազի առաքման N02-13-04 Կոնտրակտի 30.12.2018թ. կնքված N 69 Լրացուցիչ համաձայնագրի համաձայն՝ 2019 թվականի հունվարի 1-ից 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար ՀՀ առաքվող բնական գազի գինը 1000 խորանարդ մետրի համար սահմանվել է 165,00 ԱՄՆ դոլար, ընդ որում՝ նշված ժամանակահատվածում առաքված բնական գազի կալորիականությունից կախված բնական գազի արժեքի վերահաշվարկ չի իրականացվելու:
ՀՀ առաքվող բնական գազի գնի վերը նշված փոփոխությամբ պայմանավորված, Էներգետիկայի բնագավառում ՀՀ կառավարության լիազորած մարմնի, կարգավորող մարմնի եւ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի միջեւ՝ շահագրգիռ հասարակական կազմակերպությունների եւ համապատասխան մասնագետների մասնակցությամբ անցկացվում են քննարկումներ (բանակցություններ) Ընկերության՝ որպես բնական գազ մատակարարող կազմակերպության կողմից բնական գազ սպառողներին վաճառվող բնական գազի սակագների կառուցվածքում ներառվելիք Ընկերության սակագնային մարժայի (ներառյալ դրա հաշվարկի համար անհրաժեշտ ցուցանիշների) մեծության վերաբերյալ փոխհամաձայնեցված որոշումներ ընդունելու առումով:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ակնկալում է, որ նշված քննարկումների (բանակցությունների) արդյունքում կգտնվեն այնպիսի լուծումներ, որոնք կապահովեն Ընկերության բնականոն գործունեությունը եւ սպառողների հուսալի ու անվտանգ գազամատակարարման իրականացումը»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ