Ցմահ ազատազրկվածների (այդ թվում՝ նրանց ներում շնորհելու) վերաբերյալ կարծիքս հետևյալն է․
Որքան երկարատև է անձի պատժաչափը (կամ անձը երկար է գտնվել հիմնարկում), այնքան զգույշ, բայց նպատակասլաց քայլեր պետք է կատարվեն նրանց՝ աստիճանաբար (սա կարևոր է) հասարակություն մուտքն ապահովելու ուղղությամբ։
Հետևաբար․
1) հիմնարկի մեկուսացվածության աստիճանական փոփոխություն (ռեժիմի փոփոխություն),
2) արտաքին աշխարհի հետ կապի հաճախացում,
3) կարճաժամկետ մեկնումների տրամադրում,
4) պատժից պայմանական վաղաժամկետ ազատում կամ
5) պատժի չկրած մասն առավել մեղմ պատժատեսակով փոխարինում։
ԻՆՉՈ՞Ւ
Բանտին (անազատության որոշ այլ վայրերին ևս) հատուկ են գործոններ, որոնք ազդում են անձի, այսպես կոչված, հետաճի վրա․ հարկադիր մեկուսացումը, օրվա խիստ կանոնակարգվածությունը յուրաքանչյուր անձի համար, միասեռ խմբում գտնվելը և անձնային տարածքի բացակայությունը (այլ հարակից գործոններ ևս)։ Որոշ ժամանակ բանտում գտնվելով (հաճախ նշվում է 1-3 տարին)՝ այս գործոնների ազդեցության պատճառով, փոխվում է անձի ճանաչողական ֆունկցիաների (զգայությունների, ուշադրության, հիշողության, մտածողության և երևակայության) նորման, ինչը հանգեցնում է մտային, հուզական ու վարքային փոփոխությունների։ Այս փոփոխությունները հաճախ խոչընդոտում են անձի՝ «լայն հասարակությունում ադեկվատ ընկալված լինելուն», հետևաբար նաև՝ արդյունավետ վերաինտեգրմանը, վերասոցիալականացմանն ու կրկին անգամ հանցանք գործելու ռիսկի նվազմանը։
Հասկանալի է, որ երկար ժամանակ նման պայմաններում գտնվելն անձի վրա (մտքում, հույզերում, վարքում՝ հոգեկանում) թողնելու է վերը նշված «հետքը» և, միանգամից ներման կամ այլ կերպ ազատ արձակելը, լավագույն լուծումը չի լինելու ո՛չ իր և ո՛չ էլ հասարակության համար։
ՈՒՍՏԻ, անհրաժեշտ է (ի դեպ, սա վերաբերվում է ոչ միայն ցմահ ազատազրկվածներին)․
1․ Քրեակատարողական օրենսգրքում ամբողջապես փոխել քրեական օրենսգրքի ազդեցությունն ու տրամաբանությունը և վերացնել ՔԿ հիմնարկում անձի պահման պայմանները որևէ կերպ փոփոխելու համար նրա կատարած հանցանքի ծանրության աստիճանով պայմանավորված արգելքը։ Այսինքն, անկախ կատարված հանցանքի ծանրության աստիճանից՝ բոլորին տալ հնարավորություն՝ օգտվել կարճաժամկետ մեկնումներից, հիմնարկում տեսակցել հարազատների հետ առավել հաճախ և փակ ուղղիչ հիմնարկից, վարքի «դրական» փոփոխությունների արդյունքում, հասնել մինչև բաց ուղղիչ հիմնարկ։
2․ Վերը բերվածի արդյունքում, հնարավորություն տալ երկարաժամկետ, այդ թվում՝ ցմահ ազատազրկման դատապարտվածներին, փոխել «խցային տիպի» պահման պայմանը «հանրակացարանային տիպով», փակ տիպի ուղղիչ հիմնարկը՝ կիսափակով, կիսաբացով և բացով։ Այսինքն, հնարավորություն ընձեռել, որպեսզի անձի փոփոխությունները դիտարկվեն ՔԿ հիմնարկում այլոց հետ շփումներում, գործունեության, այլոց հետ ակտիվության մեջ։ Զգուշորեն, բայց նպատակային օգտագործել նաև դեպի իր համայնք (տուն) կարճաժամկետ մեկնելու հնարավորությունը, գնահատել նրա վարքային փոփոխությունները նաև ՔԿ հիմնարկից դուրս պայմաններում։
3․ Վերը բերված 2 կետերի արդյունքում, զարկ տալ նրանց՝ պատժից պայմանական վաղաժամկետ ազատմանը, իսկ որոշ դեպքերում, նաև՝ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինմանը։
4․ Ներում կիրառել խիստ հազվադեպ՝ առնվազն հիմնավորելով, որ նախորդ 3 կետերի արդյունքները խիստ «դրական» են (անձն օգտվել է վերը բերված բոլոր ինստիտուտներից, հիմնարկում և համայնքում հաղորդակցման և շփման կոմպետենտությունը բավարար է, միջանձնային հարաբերություններում կոնֆլիկտների ու բռնության ռիսկը նվազ է և այլն) և մենք գործ ունենք լոկ դատական սխալի կամ ներքին համոզման նախատրամադրվածության կամ այլ խիստ հազվագյուտ գործոնի հետ։
Արշակ ԳԱՍՊԱՐՅԱՆ
«Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ
Լուսանկարը՝ Սոցիալական աշխատողի իմիջի խթանում/Boosting Image of Social Worker ֆեյսբուքյան էջից