6-րդ գումարման ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն այսօր ԱԺ-ում Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոների առթիվ կազմակերպված ընդունելությանն էր մասնակցում:
Aravot.am-ի դիտարկմանը, որ հիմա ԱԺ-ում մեծամասնություն կազմած «Իմ քայլը» դաշինքի պատգամավորները նույնիսկ վիրավորվում են, երբ իրենց համեմատում ենք ՀՀԿ մեծամասնության հետ՝ Արփինե Հովհաննիսյանն արձագանքեց. «Փորձառության պակասից է՝ ոչինչ, կարող է որոշ ժամանակ անց մենք վիրավորվենք, երբ մեզ համեմատեք, եթե չասեմ հիմա…Դուք ուզում եք, որ ես քաղաքական գնահատականնե՞ր հնչեցնեմ այն մասին, թե ինչպիսի վիճակում է գտնվում երկիրը 8 ամսվա ընթացքում: Ես բոլոր դեպքերում սադրանքների չեմ տրվի, դուք տեսեք ինչպիսի վիճակում է գտնվում երկիրը: Ես հուսով եմ, որ իրենք կհաջողեն ոչ թե բառերով, ոչ թե գեղեցիկ, բարձրագոչ եզրույթներով, պաթետիկ նախադասություններով, ՀՀԿ-ին փնովելու անխոնջ աշխատանքով, այլ իրականում կկարողանան ապացուցել, որ իրենք կարող են աշխատել աշխատանքով: Դա ամենակարեւորն է, նրանք գործ ունեն անելու, թե չէ քննադատել, համեմատվել, խորը եւ համապարփակ վիրավորել կարող են բոլորը, աշխատել՝ քչերը: Կկարողանան աշխատել՝ շատ լավ, ես ՀՀ քաղաքացի եմ, ապրում եմ այստեղ ու իրենց կայացրած որոշումները ինձ վրա ազդելու են այնպես, ինչպես ձեզ վրա եւ հետեւաբար այստեղ աստղային պատերազմներ չենք մղելու, թող աշխատեն՝ կտեսնենք»:
Նոր խորհրդարանի հետ կապված՝ ասաց. «Հուսով եմ, իրենք կգիտակցեն այն բեռն ու պատասխանատվությունը որն իրենց վրա դրված է, կգիտակցեն այն կառույցը, որտեղ իրենք գտնվելու են, կգիտակցեն պատասխանատվությունը, որը կրում են հայ ժողովրդի առջեւ ու իրենց առաքելությանը համահունչ գործունեություն կծավալեն, իրենց հաջողություն եմ մաղթում»:
Դիտարկմանը, որ նոր խորհրդարանի կազմին քննադատում են՝ ասելով, որ երիտասարդ են՝ Արփինե Հովհանիսյանն արձագանքեց. «Ես առավել շատ կարեւորում եմ պրոֆեսիոնալիզմը, կոմպետենտությունը, կոնկրետ թեմային, հարցին տիրապետելու կարողությունը: Ես գնահատական չտամ, եթե այս հարցի վերաբերյալ դուք՝ լրագրողներդ պարզեք ձեր դիրքորոշումը, հայ ժողովուրդը երբ կպարզի ով ինչպիսի իրավասություն, կարողություն, ունակություն ունի, ըստ այդմ իրենք էլ կպատասխանեն այդ հարցին՝ տարիքը կամ փորձառությունը խոչընդո՞տ են, թե՞ ոչ»:
Հարցին՝ նոր պատգամավորներն ավելի պրոֆեսիոնա՞լ կլինեն, քան դուք՝ Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց, որ իր պրոֆեսիոնալիզմի գնահատականը պետք է տան լրագրողները, ոչ թե ինքը. «Եկեք չհամեմատեմ: Գործող խորհրդարանի կազմի պրոֆեսիոնալիզմը տեսել եք, հատկապես այն մարդկանց, ովքեր երեւացել են առաջնագծում՝ տարբեր ոլորտների վերաբերյալ: Երբեք կատարյալ չեն եղել խորհրդարանները՝ իրենց կազմի տեսանկյունից: Ինչքանով է կատարելության ձգտում այս խորհրդարանը՝ կտեսնեք դուք առաջիկայում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ