ԱԺ-ում այսօր Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոների առթիվ կազմակերպված ընդունելությանը 6-րդ գումարման ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում հարցին, թե հիմա ինչո՞վ է զբաղվելու՝ պատասխանեց. «Պարոն Դավիթ Հարությունյանի եւ իմ գործընկերների հետ կա հիմնադրված իրավաբանական ընկերություն, որտեղ ծավալելու եմ մասնագիտական գործունեություն: Ես տարիներ առաջ նաեւ փաստաբանական գործունեությամբ զբաղվելու քննություն հանձնել եմ եւ լիցենզիաս չեմ վերցրել, այդ գործունեությամբ հավանաբար եւս կզբաղվեմ: Հանրային քաղաքականության մեջ մնալու ձեւաչափի համար որոշ պրոյեկտներ կան, բայց հիմա փակագծերը չեմ բացի: Կարող եմ խոստանալ, որ հանրային քաղաքականությունից եւ ձեր հետ շփումներից չեմ խուսափելու ու լինելու եմ»:
Մենք ճշտեցինք՝ այսինքն, հաստատ չեք արտագաղթելու՝ Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց. «Ոչ, ես հուսով եմ, հայրենի իշխանությունը այնպիսի պայմաններ չի ստեղծի, երբ արտագաղթելը այլընտրանք չի ունենա, բայց նույնիսկ այդ դեպքում ես չեմ պատրաստվում արտագաղթել: ՀՀ-ն իմ հայրենիքն է եւ այստեղ ես շարունակելու եմ գործունեություն ծավալել: Որքան էլ որ պաթետիկ ու հերոսական հնչի՝ պատասխանատվություն եմ զգում մի շարք զարգացումների համար եւ մի շարք զարգացումներին ընդառաջ, որոնց ՀՀ-ն պետք է առերեսվի: Այդ տեսանկյունից կարծում եմ, որ գործունեության ոլորտները, որոնք ես ընտրել եմ ապագայի համար, թույլ տալու են, որպեսզի ՀՀ քաղաքացիների ձայնը լսելի դարձնեմ եւ նրանց շահերը պաշտպանեմ»:
Հարցին՝ պետականաշինության գործում ամեն դեպքում չե՞ք մասնակցելու, եթե իշխանությունների կողմից նման առաջարկ լինի՝ Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց. «Ես արդեն ասացի ինչ պլաններ ու ծրագրեր ունեմ»:
Հարցին՝ այս 8 ամսվա ընթացքում ձեր սոցիալական վիճակը չի՞ բարելավվել, նոր իշխանությունների կայացրած որոշումները ձեզ վրա, որպես ՀՀ քաղաքացի, ինչպե՞ս են ազդել՝ Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ես երկու օր անց լինելու եմ գործազուրկ եւ այդ գործողությունների արդյունքում եմ դարձել գործազուրկ, հետեւաբար դժվար է ասել, որ այդ գործողությունների արդյունքում իմ սոցիալական վիճակը դրանից բարելավվել է: Նվազագույնը առաջիկա ամիսներին,կարծում եմ, գազի գինը ազդեցություն կունենա ոչ միայն ինձ վրա, այլեւ ձեզ վրա»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ