Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՎԾ-ի փաստերը՝ ԵՊՀ ռեկտորի դեմ. «Բուհը պայմանագիր է կնքել իր համար ցանկալի անձի ընկերության հետ»

Հունվար 11,2019 15:10

ՀՀ պետական վերահսկողական ծառայության սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության պետ Դավիթ Ադյանն այսօր «Արմենպրես» լրատվական գործակալությունում ԶԼՄ-ների հետ հանդիպմանն արձագանքեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հայտարարություններին:

Հիշեցնենք, որ դեկտեմբերին ՊՎԾ-ն արձանագրել էր՝ բուհում 800 միլիոն դրամի չարաշահումներ են կատարվել: Ադյանը ռեկտորի գնահատականներն իրականությանը չհամապատասխանող որակեց եւ իրենց ուսումնասիրության տեղեկանքից մեջբերումներ արեց՝ պնդելով, որ ԵՊՀ ղեկավարությունն, օրինակ, «Գնումների մասին օրենքի» խախտումներ է թույլ տվել: Մասնավորապես, ըստ Դավիթ Ադյանի, ԵՊՀ-ում շինարարական աշխատանքներ կատարելու համար իննը անձ մասնակցել է մրցույթի. «ԵՊՀ-ն մերժել է ցածր գնային առաջարկ ներկայացրած կազմակերպությունների հայտը եւ ընդունել ամենաթանկ առաջարկը: Պարզվել է, որ դա հիմնավոր չի եղել: Մրցույթի մասնակիցների կողմից եղել են բողոքներ, բայց առանց մրցակցային ընթացակարգի՝ ԵՊՀ-ն ծառայության գնումը կատարել է ամենաթանկ առաջարկ արած կազմակերպությունից: Պայմանագիրը կնքվել է իրենց համար ցանկալի անձի ընկերության հետ, որի եկամուտների 90%-ը «Երեւանի պետական համալսարան» հիմնադրամից է: Այսինքն, այդ ընկերությունը ստեղծվել եւ աշխատել է բացառապես ԵՊՀ-ի շինարարական աշխատանքները կատարելու համար»:

Դավիթ Ադյանը նշեց, որ ԵՊՀ-ում կատարված շինարարությունն ուսումնասիրելու ժամանակ բացահայտել են 24 միլիոն դրամի ծավալային հավելագրում եւ 17 միլիոն դրամով ավելի թանկ գնով շինարարական աշխատանքների իրականացում, քան ամրագրված է եղել պայմանագրով. «Բացահայտվել է նաեւ գերշահույթ»:

Դավիթ Ադյանի փոխանցմամբ՝ 2017թ.-ին ԵՊՀ-ին մատուցվել են տեխնիկական բնույթին չհամապատասխանող ծառայություններ. «Պահնորդական ծառայություն, օրինակ՝ անվտանգություն, մատուցողները չեն ունեցել որակավորում, ինչպես օրենքն է պահանջում, բայց պատվիրատուի՝ ԵՊՀ-ի կողմից այդ փաստն անտեսվել է: Սրա արդյունքում ԵՊՀ-ի կողմից տույժ պետք է գանձվեր պահնորդական ծառայություն մատուցողից՝ 16 միլիոն դրամի չափով, բայց գանձում չի իրականացվել»:

ՊՎԾ պաշտոնյան նաեւ հայտնեց, որ 2015թ.-ին ԵՊՀ-ի կողմից  սանմաքրման ծառայության ձեռքբերման տեխնիկական բնութագրում նշվել են կարիքներին ոչ համապատասխան չափորոշիչներ. «ԵՊՀ ողջ մաքրվող տարածքը նշվել է 124 000 ք/մ (առանց բակային տարածքների)՝ այն դեպքում, երբ այն իրականում 85 000 ք/մ է: Կամ, նշվել են մաքրման համար նախատեսվելիք պատերի մակերեսի եւ սեղանների քանակի ոչ ճիշտ թվեր: Սա արվել է նրա համար, որ մրցույթի մասնակիցները բարձր գնային առաջարկներ ներկայացնեն եւ հաղթող ճանաչվի այն ընկերությունը, որը տվյալ պահին ԵՊՀ-ի համար ցանկալի է եղել: Բացի այդ, ամեն օր բոլոր լսարանները մաքրելու անհրաժեշտություն չի եղել, բայց մաքրությունն իբրեւ թե տեղի է ունեցել»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031