«Մեր պահանջն է անհապաղ ձերբակալել Մանվել Գրիգորյանին»,- այսօր Էջմիածնում բողոքի գործողություններ իրականացնող քաղաքացիներն այսպիսի պահանջ ունեն:
Այս պահին Էջմիածնում իրականանում է ավտոերթ, որին կհաջորդի քայլերթը: Ընդդեմ Մանվել Գրիգորյանի բողոքի գործողություններ իրականացնող քաղաքացիները ժամը 15.00-ից ավտոերթով կշարժվեն դեպի Երևան, որտեղ ժամը 16.00-ին տեղի կունենա Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը:
Բողոքի գործողությունների մասնակիցները հորդորեցին բոլոր քաղաքացիներին ժամը 16.00-ից գալ Երևան՝ անկախ բնակության վայրից, քանի որ հավաստիացրին՝ Մանվել Գրիգորյանի խնդիրը բոլորինն է. «Բոլորս պահանջում ենք, որ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցն անհապաղ փոփոխության ենթարկվի: Մեր պահանջն է հասկանալ, թե ինչ հոդվածով են նրան դատում, ինչը պարզ կդառնա այսօրվա դատական նիստին: Մեր պահանջն է՝ արդարադատության այն մնացորդները, որոնք մինչև հիմա մնացել են, պետք է անհապաղ դուրս գան, որպեսզի ամեն անգամ մի ինչ-որ կոռումպացված և այլ շահադիտական նպատակներ ունեցող դատավոր ինչ-որ մեկին բաց չթողնի, իսկ մենք էլ, իմանալով, որ մեր կառավարությունը չի կարողանում խառնվել արդարադատությանը, ստիպված անցնենք անհնազանդության մեթոդների, որ տվյալ կոռումպացված չինովնիկն իր տեղը հասկանա»:
Հարցին՝ Մանվել Գրիգորյանն այժմ, գտնվելով ազատության մեջ, ի՞նչ վնաս կարող է տալ, ցույցի մասնակիցներից մեկը պատասխանեց. «Նախ խնդիրն այստեղ մտածելակերպային է, որ այդ մարդը դիկտատուրային ռեժիմում պահել է ողջ քաղաքը, և թասիբ ունեցող մարդիկ թույլ չեն տա, որ Մանվել Գրիգորյանը մնա դուրսը: Իսկ իր տեսակով նա վտանգ է ներկայացնում հանրության համար, վտանգավոր մարդ է և նման մարդուն բաց թողնելու իրավունք չունենք»:
Մի կին էլ ասաց, որ վրդովվել է, երբ իմացել է՝ Մանվել Գրիգորյանն ազատության մեջ է. «Մարդկանց ներվերը քայքայվեց, մենք նման մարդ չենք ուզում, որ գտնվի մեր կողքին, քանի որ նա շատ մեծ ցավ է պատճառել էջմիածինցուն՝ մայր ու մանուկ: Շատ անկիրթ ձևով վերցնում, անիվներ էր հանում, հայհոյում: Նա արել է այն, ինչ մեր թշնամին մեզ հետ չի անում: Մենք պահանջում ենք, որ նրան անհապաղ փակեն, չգտնվի ազատության մեջ»:
Բողոքի ցույցի մասնակիցները վստահեցրին՝ այսօր ուժ են գործադրելու, որ նրան նորից տանեն, փակեն, և նա չգտնվի ազատության մեջ: Ցույցի մասնակիցներն անհանգստացած են իրենց կանանց, երեխաների անվտանգության համար:
Մի կին էլ նշեց, թե Մանվել Գրիգորյանը հրեշ է, նա ոչ մի լավ բան չի արել ժողովրդի համար, միայն ահաբեկել է:
Էջմիածինցի Արտակ Մարգարյանն էլ հավաստիացրեց, որ այժմ Էջմիածնում վախի մթնոլորտ է. այսօր իրենք դա կվերացնեն. «Մի գնդապետի Մանվել Գրիգորյանը 22 օր պահել է նկուղում, երեք օր արջերի վանդակի կողքին, հետո նրա դեմ գործ են հարուցել, տասուկես տարի դատապարտում կա այդ գնդապետի վրա: Առաջարկել եմ լրագրողները գան, ես ուղիղ եթերում հայտարարեմ այդ ամենը: Սպասում ենք նրա պատասխանին»:
Արտակ Մարգարյանն ասաց, որ բողոքի ցույցերին մասնակցում են մարդիկ, որոնց գուցե Մանվել Գրիգորյանն անձամբ վնաս չի հասցրել, բայց այն անձինք, որոնք տուժել են Մանվել Գրիգորյանից, այստեղ չեն, քանի որ վախենում են:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ