Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Բաբլոյանը՝ չարաճճի պատգամավորներին պատժելու, իր հուզմունքի, ալեկոծություններ առաջացնող լրագրողների մասին

Հունվար 11,2019 14:42

Այսօր 6-րդ գումարման ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ ընդունելության էր հրավիրել ԱԺ-ում հավատարմագրված լրագրողներին: Ընդունելությանը մասնակցում էին նաեւ ԱԺ փոխնախագահներ Արփինե Հովհաննիսյանը, Միքայել Մելքումյանը, պատգամավորներ Էդմոն Մարուքյանը, Նաիրա Զոհրաբյանը:

Լրագրողներին բարեմաղթանք հղելով՝ իր ելույթում Արա Բաբլոյանը մեզ համեմատեց իր կոլեգաների՝ բժիշկների հետ:

Լրագրողների հետ զրույցում, երբ հիշեցրին՝ դուք ասել էիք, որ կպատժեք չարաճճի պատգամավորներին, հաջողվե՞ց դա անել՝ նրանց բուժել ու պատժել՝ Արա Բաբլոյանը պատասխանեց. «Ես, ճիշտն ասած, նրանց պատժելու խոստում չեմ տվել: Ես խոսք եմ տվել, որ կանեմ այն ամենը, ինչին ունակ եմ: Ինչ արել եմ՝ դուք պետք է գնահատեք, ինձ համար դժվար է, որ ես գնահատեմ իմ աշխատանքը: Հուսով եմ. Դուք կգնահատեք ու ձեր կարծիքը կասեք»:

Հրաժեշտ տալով՝ Բաբլոյանն ասաց. «Ես կարծում եմ, ես այս դաշտում արել եմ այն ամենը, ինչ կարող էի անել: Հիմա ավելի լավ է, որ ես վերադառնամ առողջապահություն, անեմ այն, ինչ շատ-շատ լավ եմ կարողանում անել: Ինձ մոտ վիրահատելն ավելի լավ է ստացվում, քան թե խոսելը»:

Լրագրողները նկատեցին՝ հուզված եք երեւում՝ Արա Բաբլոյանն ասաց, որ հուզմունքը բնական է. «Ես նորընտիր պատգամավորներին ու մարդկանց, ովքեր պետք է շարունակեն, իմ կարծիքը հայտնել եմ: Ես միշտ հանդես եմ եկել՝ որպես երկրի քաղաքացի: Մի մարդ եմ, որ իր 70 տարվա ավելի քան 50 տարին նվիրել է մարդկանց առողջությանը, ամեն դեպքում ծրագրերի զարգացմանը, դրա համար ես անտարբեր չեմ այն ամենին, ինչ պետք է տեղի ունենա: Հետեւելու եմ զարգացմանը, կանեմ այն, ինչ ինձանից կախված է: Պատրաստ եմ իմ փորձը հաղորդել նոր խորհրդարանին, ես չեմ լինի պետական պաշտոնյա»:

Aravot.am-ը հարցրեց՝ Սերժ Սարգսյանն ասում էր, որ լրագրողները գաղջ մթնոլորտ են տարածում, դուք այդ գաղջ մթնոլորտը զգացե՞լ եք, օրինակ, մենք ԱԺ-ում գաղջ մթնոլորտ տարածե՞լ ենք, թե՞ չենք տարածել՝ Արա Բաբլոյանը պատասխանեց. «Լինենք օբյեկտիվ. Ինչպես որ բոլոր բնագավառներում ու բոլոր մասնագետների մեջ, լրագրողների մեջ էլ կան լավ ու վատ աշխատողներ, ինչպես բժիշկների, ինժեներների մեջ: Մենք ձեզ հետ միասին ինչ-որ տեղ կոլեգաներ ենք, երբ մարդիկ ունեն հոգեկան խնդիրներ կամ հոգեբանական դժվարություններ, նրանք շատ հաճախ դիմում են բժիշկներին,որ ստանան համապատասխան օգնություն: Լրագրողները կարող են հոգեկան ու հոգեբանական հանգստություն առաջացնեն, կամ ընդհակառակը՝ ալեկոծություն բերեն, դրա համար նրանք, ովքեր արհեստական են դա անում, նրանք ձեզ պատիվ չեն բերում, այնպես որ մեզ պատիվ չեն բերում այն բժիշկները, ովքեր կարող են առանց ճիշտ ախտորոշման բուժում նշանակել: Դրա համար ես գտնում եմ, որ չի կարելի ընդհանրացնել ու քանի որ շատ եմ սիրում իմ մասնագիտությունը,համեմատելով,որ մենք կոլեգաներ ենք՝ դրանով ես բարձր գնահատեցի ձեր մասնագիտությունը»:

Անդրադառնալով նոր խորհրդարանի կազմին՝ Արա Բաբլոյանն ասաց, որ իրենք իրենց ձեռագիրն են թողել ու 6-րդ գումարման ԱԺ-ն ժողովրդավարական մոտեցում է ունեցել. «Շատ կարեւոր է, որ դա ունենա իր շարունակությունը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031