ՀՀ նորընտիր կառավարությունը, որը որդեգրել է երկրի պետական բյուջեն էկոնոմ ռեժիմով ծախսելու քաղաքականություն, թերևս, պետք է վերանայի ոչ միայն կառավարման ներքին, այլ նաև արտաքին վարչական ռեսուրսի վրա կատարվող ծախսերը և դրանց արդյունավետությունը, որի մասին արդեն խոսել ենք նախորդ հոդվածներից մեկում:
Այսպիսով, Հայաստանի Հանրապետությունը, դեսպանատներից բացի, մոտ քսան միջազգային կազմակերպությունում ունի մշտական ներկայացուցչություններ, որոնցից վեցը հանդես են գալիս որպես առանձին կառույցներ՝ իրենց առանձին վարչական կառուցվածքով և առանձին բյուջեով՝ ՄԱԿ-ում, Եվրոպայի Խորհրդում, Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդում, ՆԱՏՕ-ում, Սևծովյան տնտեսական համագործակցությունում և ՀԱՊԿ-ում: Քանի որ ՀԱՊԿ-ի շուրջ վերջին շրջանում չդադարող աղմուկ է, դիտարկենք ՀԱՊԿ-ի օրինակը:
ՀԱՊԿ-ն գոյություն ունի արդեն 27 տարի և Հայաստանն այդ կազմակերպության անդամ պետություն է հանդիսանում դրա ստեղծման առաջին իսկ օրվանից, երբ 1992 թվականի մայիսի 15-ին Ուզբեկստանի Տաշքենդ քաղաքում ԱՊՀ վեց երկիր՝ Հայաստան, Ռուսաստան, Ղազախստան, Ղրղըզստան, Տաջիկստան և Ուզբեկստան, պարտավորվեցին դիմակայել սեփական երկրների տարածքային անվտանգությունը սպառնացող մարտահրավերներին՝ հավաքական փոխօգնության հիման վրա: Հետագայում նման կարևոր առաքելություն ստանձնած պետություններին միացան նաև Ադրբեջանը, Վրաստանը և Բելառուսը, այնուհետ Ադրբեջանն ու Վրաստանը լքեցին պայմանագիրը: Այս պահին ՀԱՊԿ-ի կազմում կա յոթ երկիր:
27 տարվա ընթացքում, մինչև այս պահը, ՀԱՊԿ-ն դեռ ոչ մի անգամ չի իրականացրել այն առաքելությունը, որն ի սկզբանե դրված է եղել նրա հիմքում: Մեկ նախադասությամբ ասած՝ ՀԱՊԿ-ն երբեք չի իրականացրել խաղաղապահ առաքելություն, չնայած՝ գոնե Հայաստանի հետ կապված առիթներ այս տարիների ընթացքում բազմիցս հանդիսացել են: Ինչևէ:
Կազմակերպության ամենաակտիվ գործունեությունը պտտվում է ռազմական զորավարժանքների անցկացման շուրջ, որոնք տարին մի քանի անգամ անցկացվում են տարբեր անդամ երկրների տարածքներում: Անցնող տարվա ընթացքում, օրինակ, կազմակերպությունը նմանատիպ միջոցառումներ է անցկացրել Ղազախստանում, Ղրղըզստանում, Ռուսաստանում, Տաջիկստանում, որտեղ մասնակցություն է ունեցել նաև Հայաստանը և, ինչպես մեր զրույցի ընթացքում նշեց ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը, Հայաստանը ընդհանրապես հանդիսանում է ամենաակտիվ և բարեխիղճ անդամ պետությունը ՀԱՊԿ-ում:
Ըստ Վ. Զայնետդինովի, 2018 թվականին ՀԱՊԿ տարեկան բյուջեն ավելացել է մոտ 100 միլիոնով և կազմել է 374,2 ռուսական ռուբլի, որը համարժեք է 5,98 միլիոն դոլարի: Նշված գումարից ոչ մի լումա չի ծախսվում վերոհիշյալ ռազմական վարժանքների կամ կրթական ծրագրերի իրականացման վրա: Այդպիսի միջոցառումների պարագայում, ընդունող երկիրը ինքն է հոգում ամբողջ ծախսը: ՀԱՊԿ-ի բյուջեն, ընդհանուր առմամբ, ծառայում է կառույցի ադմինիստրատիվ կենսագործունեությունը ապահովելու նպատակին, փաստում է ՀԱՊԿ մամուլի խոսնակը:
Ի դեպ, ՀԱՊԿ բյուջեն 538 անգամ ավելի քիչ է, քան ՆԱՏՕ-ի տարեկան բյուջեն նույն ժամանակահատվածում և, ինչպես նշում են մի շարք մասնագետներ, սա արդեն խոսում է տվյալ կազմակերպության ոչ կենսունակ լինելու մասին, կազմակերպություն, որը, որպես ռազմական կառույց, չունի մարզային շտաբներ, ընդհանուր հետախուզություն, հակաօդային պաշտպանության միացյալ համակարգ, օպերատիվ արձագանքի հավաքական ռազմուժի և իրավիճակային կենտրոն, որտեղից, ասենք, վտանգի դեպքում կկազմակերպվի և կուղղորդվի խաղաղապահ առաքելությունը: Անկեղծ ասած, ՀԱՊԿ-ը, մի տեսակ, ինձ հիշեցնում է Օստապ Բենդերի «Союз меча и орала» միության ժամանակակից տարբերակը: Ինչևէ:
Նշված միջոցների ուղիղ կեսը կազմակերպությանն է փոխանցում Ռուսաստանը, մնացյալ 50%-ը կազմում է անդամ պետությունների անդամավճարներից, որոնք հավասարապես բախշվում են վեց երկրի միջև: Այսպիսով, ստացվում է, որ Հայաստանը անցյալ տարի ՀԱՊԿ բյուջե մոտ 32 միլիոն ռուբլի կամ 459 000 ԱՄՆ դոլար է փախանցել:
Հայաստանի ծախսը, սակայն, այդ կազմակերպության հետ կապված, այդքանով չի սահմանափակվում: Հայաստանի Հանրապետությունը, ինչպես արդեն նշեցինք, ՀԱՊԿ-ում ունի մշտական ներկայացուցչություն՝ նստավայրը՝ Մոսկվա, ՌԴ-ում ՀՀ դեսպանություն: Ներկայացուցչությունում աշխատում են երկու դիվանագետ և երեք վարչական աշխատակիցներ: Ըստ ԱԳՆ մամուլի ծառայության տրամադրած տեղեկատվության՝ 2017 թվականին ՀԱՊԿ մոսկովյան ներկայացուցչությանը պետբյուջեից փոխանցված միջոցները կազմել են 181810 ԱՄՆ դոլարին համարժեք գումար:
Այդ գումարից 79020 ԱՄՆ դոլար ծախսվել է աշխատավարձերի վրա, 37200 դոլար բնակարանների վարձակալման և 65590 դոլար՝ պահպանման ծախսերի վրա:
Մեր հարցադրմանը, թե ի՞նչ է ենթադրում տարեկան 65590 ԱՄՆ դոլար պահպանման ծախս ենթաբաժինը, մամուլի ծառայությունը տալիս է բացատրություն, որ այն ենթադրում է գրասենյակային, տնտեսական, տրանսպորտային, փոստային, մամուլի բաժանորդագրության, ապահովագրական և այլ ներկայացուցչական խնդիրներ հոգալը: Ծախսացուցակում այս կետը, մեղմ ասած, զավեշտալի բնույթ ունի, քանի որ, ստացվում է՝ դեսպանության շենքում տեղավորված ՀԱՊԿ հայաստանյան ներկայացուցչության անձնակազմը ամսական 5465 ԱՄՆ դոլարի, ասենք, գրասենյակային ու կենցաղային ապրանքներ, բենզին, թերթեր և այլ նման բնույթի առանձին ապրանքներ է գնում, դեսպանության անձնակազմի հետ նույն շենքում նստած, առանձին է վճարում հեռախոսակապի, լույսի, գազի համար, և ստացվում է, որ դեսպանատունն էլ իր հերթին է նույն ծախսերը անում, ասել է թե՝ նույն թերթին երկու անգամ են բաժանորդագրվում, կապի միջոցների, գազի ու լույսի հաշվիչները նույն շենքում տարբեր են և այլ զավեշտալի պահեր:
Կա մեկ այլ՝ ենթադրյալ և կրկին ոչ այնքան տրամաբանական տարբերակ, որ տարեկան այդ 65590 ԱՄՆ դոլարը միայն ծախսվում է ՀԱՊԿ-ում հիշյալ երկու ներկայացուցչի բժշկական ապահովագրության և գործուղումների վրա, քանզի այդ կետերը նույնպես նշված են ծախսացուցակում: Մամուլի ծառայությանն ուղղված այն հարցին, թե ինչպես կարելի է ծանոթանալ ներկայացուցչության իրականացրած գործունեության տարեկան հաշվետվության հետ, հասկանալու համար ծախսային այդ կետի նպատակաուղղվածությունը, հնչեց պատասխան, որ այդ հաշվետվությունը համարվում է ներքին փաստաթուղթ և հրապարակման ենթակա չէ: Ինչևէ:
Հիմա ստացվում է, որ Հայաստանը, բացի իր բաժին 459 000 ԱՄՆ դոլար անդամավճարը, ևս 181810 ԱՄՆ դոլար շռայլ ու ոչ այդքան տրամաբանական ծախս է կատարում ՀԱՊԿ-ի ուղղությամբ, կազմակերպություն, որը, կարծես թե, գլխացավանքից բացի, դեռ ոչ մի շոշափելի օգուտ չի բերել Հայաստանին:
Նաիրա ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
և այս ամենը շարունակվում է արդեն ավելի քան 10 տարի, ինչ համար է պետք պահել այդքան մեծ դիվանագիտական ներկայացուցչություններ, այն էլ Մոսկվայում, երբ հարյուր հազարավոր մեր քաղաքացի եւ կարող են աշխատել ։ բնականաբար պետական եւ ֆինանսավորումը կլինի 10 անգամ ավելի քիչ։ սա միայն ՀԱՊԿ ներկայացուցչություն, իսկ դեսպանատանը, աշխատում են ավելի քան 15 դիվանագետ, մենք հՆԱ մեկ քաղաքացուն ընկնող չափով ամենաշատ դիվանագետներ ունենք մոսկվայում։ հարց է ծագում ինչու????.
Անհրաժեշտ է ապահովել քայֆաբազությունը ԱԳՆ և համապատասխան սոցիալական փաթեթ ապահովել 3 տարվա գործուղման ձևով մտերիմ ընկերներին, որոնք վաղուց արդեն ընտանիքները տեղափոխել են Մոսկվա և այդ հաստիքները անհրաժեշտ են ապահովել ֆինանսական անհոգություն։ բնակարան , որի վարձը կարելի է ստանալ, բայց ապրել սեփական տանը։
Ահա այսպես, իրավիճակ ԱԳՆ չի փոխվել։
И что за зарплаты , когда более 80% население за чертой бедности. Зачем такие расходы, что это мы себе позволяет. Такие страны как Израиль, Бельгия, Канада, Нидерланды сокращают свои допэмиссии а У нас растет , так как нужно трудоустроить своих людей. Позор какой в одном здании два диппредставиьеьсва …
Պետք է մաքսիմալ կրճատումներ իրականացնել, թողնելով միայն ղեկավար կազմ բաղկացած 3֊5 դիվանագետներից և վերջ։ մնացած անձնակազմը համալրել մոսկվաբնակ մեր հայրենակիցներից։