Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանն այսօր ԱԺ-ում լրատվամիջոցների համար կազմակերպված Ամանորի ավանդական ընդունելությունից հետո պատասխանեց Tert.am-ի հարցերին:
-Պարո՛ն Սաղաթելյան, Դուք հրաժարականի դիմում եք ներկայացրել, ինչո՞վ է պայմանավորված նման որոշումը և ինչո՞վ եք ծրագրում զբաղվել ապագայում:
-Դիմում դեռ չեմ ներկայացրել, ամենայն հավանականությամբ կներկայացնեմ օրվա վերջում կամ երկուշաբթի առավոտյան: Նման ընթացքը կարծում եմ ողջամիտ է և տրամաբանական: Թեև Ազգային ժողովի աշխատակազմն ապաքաղաքական մարմին է, և ինքս որևէ կուսակցության անդամ չեմ, այդուհանդերձ կարծում եմ, որ մեր երկրի ներկայիս քաղաքական առանձնահատկությունները հաշվի առնելով՝ ԱԺ գլխավոր քարտուղարը պետք է հեռանա այն քաղաքական թիմի և այն ղեկավարի հետ, ում հետ եկել է՝ խորհրդարանի նոր ղեկավարությանը հնարավորություն տալով այս պատասխանատու պաշտոնը վստահել իրենց թիմի ներկայացուցչին:
ԱԺ գլխավոր քարտուղարի պաշտոնը լքելու մասին հրապարակավ հայտնել եմ դեռ դեկտեմբերին՝ աշխատակազմի համար կազմակերպված Ամանորի միջոցառման ժամանակ, շնորհակալություն եմ հայտնել ԱԺ նախագահ, հարգարժան պարոն Բաբլոյանին վստահության և համատեղ աշխատանքի հնարավորության համար, իսկ գործընկերներիս՝ միասին անցած ճանապարհի համար: Հորդորել եմ ապագայում ևս լինել նախաձեռնող, և բաց ու պատրաստակամ՝ իրականացնելու 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորների գործունեության մասնագիտական ուղեկցումն ու սպասարկումը: Ընդգծելով աշխատակազմի դերը, որպես ինստիտուցիոնալ հիշողությունը կրող օրգանիզմի, վստահություն եմ հայտնել, որ մեր մասնագետները կանեն ամեն հնարավորը և ունակ են պատվով լուծել իրենց առջև դրված խնդիրները: Անձամբ ես իմ առաքելությունն Ազգային ժողովում այս պահին համարում եմ ավարտված:
-Նախորդ տարի մեր երկիրը բարդ շրջան ապրեց։ Իշխանափոխությունից հետո տևական ժամանակ պետական կառավարման ապարատում անորոշություն էր, անգամ տեսակետներ կային, որ երկրում կառավարման ճգնաժամ էր հասունանում։ Այդ ընթացքում Ազգային ժողովի աշխատակազմն ինչպե՞ս է աշխատել, և ի՞նչ դեր է ունեցել կառավարման ճգնաժամից խուսափելու գործում։
-Կրկին հիշեցնեմ, որ Ազգային ժողովի աշխատակազմն ապաքաղաքական մարմին է։ Այն Ազգային ժողովի կարևորագույն ինստիտուցիոնալ մասնիկն է, որը մի կողմից ապահովում է խորհրդարանի ենթակառուցվածքների համապատասխանությունը պատգամավորների աշխատանքային կարիքներին, պահանջներին, իսկ մյուս կողմից՝ երաշխավորում է խորհրդարանի՝ որպես քաղաքական թիվ մեկ կառույցի այնպիսի կարևոր գործառույթների լիարժեք ու համակողմանի իրականացման համար ամբողջական պայմաններ, ինչպիսիք են ներկայացուցչական, վերահսկողական, օրենսդրական գործառույթները։
Գիտակցելով այս ամենը` Ազգային ժողովի աշխատակազմը հայտնի իրադարձությունների ողջ շրջանում արել է հնարավոր ամեն ինչ, որպեսզի ապահովի պատգամավորների սահմանադրական լիազորությունների և գործառույթների իրականացման համար անհրաժեշտ բոլոր պայմանները։ Մենք հասկանում էինք, որ լարված իրավիճակում չհաշվարկված անգամ մեկ քայլը կարող էր հանգեցնել պետական ապարատում լրջագույն ցնցումների, խաթարել իշխանության ճյուղերի առանց այն էլ փխրուն հավասարակշռությունն ու մեր պետությունը կանգնեցնել այնպիսի մարտահրավերների առաջ, որոնց հաղթահարումը հսկայական ռեսուրսներ ու ժամանակ կպահանջեր։
Հիշում եք, որ այդ լարված շրջանում առաջին հերթին Ազգային ժողովի ղեկավարությունը բավական նախաձեռնողական գործելաոճ էր որդեգրել, որի առանցքն էր շահագրգիռ բոլոր կողմերին բերել երկխոսության, համատեղ քննարկումների ու լուծումների ռացիոնալ դաշտ։ Ազգային ժողովի աշխատակազմը հենց այն մարմինն էր, որն իր մասնագիտական և կառավարչական ֆունկցիոնալ կարողությունների համադրմամբ սպասարկում էր խորհրդարանի ղեկավարության նախաձեռնությունները, որոնք, կրկնում եմ, կոչված էին հարթել բոլոր սուր անկյունները, վեր դնել պետության շահն այսրոպեական շահերից։ Անընդհատ փոփոխվող դրության պայմաններում մեզ համար կարևոր էր չխաթարել պետական կառավարման մեջ բացառիկ արժեք ունեցող ինստիտուցիոնալ հիշողության ապահովման սկզբունքը, չտրվել էմոցիաներին ու տուրք չտալ համընդհանուր խառնաշփոթին։ Եթե կարճ ձևակերպեմ՝ մենք երեք խնդիր ունեինք. ապահովել պատգամավորների ու նախագահության բնականոն աշխատանքը, ապահովել օրենսդիր մարմնի կապն իշխանության մյուս երկու ճյուղերի հետ և զուգահեռ ապահովել Ազգային ժողովում վարչարարական բարեփոխումների իրականացումը, աշխատակազմի մասնագիտական հմտությունների զարգացումը, միջազգային համագործակցության անխափանությունը, ստանձնած հանձնառությունների կատարումը և իհարկե՝ նոր Սահմանադրությամբ խորհրդարանական համակարգի անցնելու նորմատիվ գործընթացն ավարտին հասցնելը, որում խորհրդարանի աշխատակազմի և պատգամավորների համատեղ աշխատանքը հանգուցային կետերից մեկն է։
-Ի՞նչ էական արդյունքներ կարող ենք արձանագրել Ձեր կողմից աշխատակազմի ղեկավարման ժամանակահատվածում:
-Շատ ծավալուն պատասխան ենթադրող հարց է, որի մասին կարելի է խոսել ժամեր շարունակ: Փորձեմ հակիրճ պատասխանել, ինչպես ասում են՝ խոշոր սեգմենտներով: Առաջինը, որպես գլխավոր քարտուղար, աշխատակազմի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումը և աշխատանքի արդյունավետության բարձրացումն էր՝ Ազգային ժողովի մարմիններ-աշխատակազմ փոխգործակցության մեջ: Միաժամանակ, ՀՀ ԱԺ գլխավոր քարտուղարի միջազգային կապերի ընդլայնումը գործընկերների հետ՝ երկկողմ և բազմակողմ ձևաչափերում՝ ինչպես Խորհրդարանների գլխավոր քարտուղարների ասոցիացիայի, այնպես էլ Արևելյան գործընկերության երկրների խորհրդարանների նախորդ տարի Թբիլիսիում ստորագրված հուշագրի և դրա Երևանյան հավելվածի շրջանակներում:
Ֆինանսատնտեսական ոլորտում կարելի է նշել հատկապես ծախսերի արդյունավետ կառավարման մշակույթի զարգացումը՝ սկսած համապատասխան կարգերի մշակման և ներդրման միջոցով ծախսերի կանոնակարգումից մինչև նյութական միջոցների արդյունավետ կառավարում: Հենց դրա արդյունքում է, որ, օրինակ, նախորդ տարվա ընթացքում խնայվել է շուրջ 400 միլիոն դրամ, ի հավելում դրան 2019-ի համար պահեստավորվել է զգալի քանակի ապրանքներ, գույք և վառելիք:
Ի դեպ, երբ խոսում են պետական համակարգում կրճատված ծառայողական մեքենաների մասին դրանցից 14-ը կրճատվել են հենց ԱԺ-ում: Նշեմ, որ վերջին տարվա ընթացքում կատարվել է լայնածավալ բարեկարգման և վերանորոգման աշխատանքներ, որոնք աննախադեպ էին խորհրդարանի գործունեության վերջին տարիների համար սկսած զորանոցից մինչև լրատվամիջոցների համար անհրաժեշտ նվազագույն պայմանների ապահովումը, գրադարանի, թանգարանի վերանորոգումը և այլն: Ներդրվել է էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգը, որը ներդնումը ձգվում էր 2008-ից սկսած: Արդիականացվել են բազմաթիվ տեխնիկական միջոցներ՝ ապահովելով համապատասխան տեխնիկական մակարդակը: Ի թիվս այլ ձեռքբերումների այդ թվում՝ տնտեսված միջոցների հաշվին, 2018-ի ավարտին հաջողվեց խորհրդարանի լրատվական ծառայությունը հասցնել տեխնիկապես ամենաբարձր հագեցվածության՝ որպես խորհրդարանի աշխատանքների թափանցիկությանն ու հաշվետվողականությանը միտված մեր ծրագրի կարևոր մաս:
-Անդրադառնալով արդեն հնչեցված հարցին, ինչո՞վ եք պատրաստվում զբաղվել մոտ ժամանակներս:
-Կվերադառնամ հանրային կապերի և տեղեկատվության ոլորտ, կշարունակեմ մանկավարժական գործունեությունս: Բացի այդ, մի խումբ օտարերկրյա գործընկերների առաջարկով և իրենց հետ համատեղ, իրականացնելու ենք ծրագրեր՝ պառլամենտարիզմի զարգացման, հասարակության իրավագիտակցության մակարդակի բարձրացման, աշխատակազմերի լավագույն փորձի փոխանցման և կիրառման ոլորտում:
Ընթացիկ ամսվա վերջին էլ կարճատև այցով կմեկնեմ Ուկրաինա, որտեղ նախատեսված են հանդիպումներ և քննարկումներ մի շարք առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, ովքեր ժամանակին այցելել են Արցախ և հայտնվել Բաքվի իշխանությունների սև ցուցակում և արդեն շուրջ երկու ամիս է՝ Ադրբեջանի դեսպանատան կողմից ճնշումների են ենթարկվում:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում