Դեկտեմբերին ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը Երեւանի պետական համալսարանում ուսումնասիրությունների արդյունքում հայտարարել էր, որ 800 միլիոն դրամի չարաշահումներ են հայտնաբերվել, Մայր բուհի ռեկտորն էլ տոներից առաջ հրատապ ասուլիսում մեկնաբանել էր խնդիրը՝ ՊՎԾ-ին անվանելով «ոչ պրոֆեսիոնալ» կառույց:
«Արմենպրես» լրատվական գործակալությունում ԶԼՄ-ների հետ հանդիպմանն այսօր ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանն արձագանքեց Արամ Սիմոնյանին՝ նրա գնահատականները որակելով «իրականությունից կտրված եւ ճչացող երեւույթ»: «Նրա ասածները որեւէ կերպ չեն կարող իրավիճակ փոխել: Ներկա եւ նախկին բոլոր պաշտոնյաներին խորհուրդ չեմ տա Արամ Սիմոնյանի օրինակին հետեւել եւ ենթադրել, թե քաղաքական հետապնդում է իրականացվում»,-ասաց Դավիթ Սանասարյանը:
Անդրադառնալով Արամ Սիմոնյանի այն կարծիքին, թե ինքը ՀՀԿ-ական է, այդ պատճառով է ՊՎԾ-ն նման գործողություններ իրականացրել իր դեմ, Դավիթ Սանասարյանը վստահեցրեց. «Լինի ՀՀԿ-ական, թե ՔՊ-ական, բոլոր պաշտոնյաներն օրենքի առաջ պետք է հավասար լինեն եւ պատասխան տան: Որեւէ մեկը չպետք է մոլորեցնի մարդկանց: Արամ Սիմոնյանն իրականությունից կտրված հայտարարություններ է արել, դրանք սուտ են: Նա պնդում է, օրինակ, թե մենք իննը միլիարդից ավելի գնումներ ենք ստուգել, բայց այդպես չէ՝ 2,5 միլիարդի ենք ստուգել»:
Դավիթ Սանասարյանը վստահեցրեց, որ օրենքին համապատասխան ուսումնասիրել են ԵՊՀ երեք տարվա ծախսային հատվածը. «Եթե այդ ուսումնասիրությունները երկար տեւեին, արձանագրված թվերը բազմապատկվելու էին: ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղն, օրինակ, չենք ուսումնասիրել»: Իսկ թե ինչու ուսումնասիրություններն ավելի երկար չեն տեւել, Դավիթ Սանասարյանն այսպես պատճառաբանեց. «Այդքան ժամանակ չունենք, որ պարզենք, թե պետությանն ինչ վնաս է պատճառվել, բայց մեր արձանագրածի համար պատասխանատու ենք: Մենք ոչ թե ստուգող մարմին ենք, ինչպես ասում են, այլ ուսումնասիրող»: Ապա ՊՎԾ պետը ԵՊՀ-ին խորհուրդ տվեց վարձել բարձրակարգ իրավաբանների, որպեսզի կարողանան խնդրի «տակից դուրս գալ». «Այն, ինչ ներկայացնում են, իրականության հետ կապ չունի, սխալ տեղեկություն են իրենց տալիս»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ