Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյանը լավ է հիշում` «Լուսավոր Հայաստանի» եւ «Ելք» դաշինքի ակտիվ պայքարը` Հայաստանի` ԵԱՏՄ-ից դուրս գալու մասով

Հունվար 11,2019 12:22

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին զարմացնում են մամուլի հրապարակումները, թե«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կրկնում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախաձեռնությունը` ԵԱՏՄ եւ տարածաշրջանային հարցերով հանձնաժողովի վերաբերյալ եւ ցանկանում է ղեկավարել այդ հանձնաժողովը:

«Բոլորս շատ լավ հիշում ենք, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը եւ «Ելք» խմբակցությունն էր, որ կատաղի պայքար էին մղում ԵԱՏՄ-ի դեմ: Ավելին, ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալը «Ելք»-ի նախընտրական ծրագրի առանցքային կետերից էր, նախորդ գումարման խորհրդարանում էլ «Ելք» դաշինքը հանդես էր եկել ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու օրենսդրական նախաձեռնությամբ եւ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում շատ ակտիվ հիմնավորում էին, թե ինչո՞ւ պետք է Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Մեր զրուցակցի համար այսօր առնվազն հասկանալի չէ, որ «Լուսավոր Հայաստանը» նման նախաձեռնությամբ է հանդես գալիս, ավելին, հավակնում է ղեկավարել այդ հանձնաժողովը:

Ինչ վերաբերվում է ԲՀԿ-ին եւ նրա հավակնություններին, Նաիրա Զոհրաբյանն ասում է. «ԲՀԿ-ն դեռ 2009 թվականից համագործակցության հուշագիր է ստորագրել ՌԴ-ում իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության հետ, ԲՀԿ-ի նախընտրական բոլոր ծրագրերում ԵԱՏՄ-ի եւ ՌԴ-ի հետ համագործակցությունը եղել է արտաքին քաղաքական գերակայություններից: Ուստի, միանգամայն տրամաբանական եւ հասկանալի է, թե ինչո՞ւ է ԲՀԿ-ն հադես գալիս ԵԱՏՄ եւ տարածաշրջանային համագործակցության հարցերով մշտական հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ»:

Նախկին արեւմտամետ դաշինքի ղեկավարների իշխանության գալուց հետո Հայաստանի արտաքին քաղաքական գերակայության չփոփոխելուն Նաիրա Զոհրաբյանը դրական է վերաբերվում, քանզի կարծում է, որ Հայաստանը ՌԴ-ի եւ ԵՄ-ի հետ պետք է շարունակի վարել հավասարակշռված քաղաքականություն: Իսկ այդ գործիչների իմիջին ինչո՞վ կվնասի նրանց քաղաքական նախասիրությունների փոփոխությունը, իրեն չի մտահոգում: «Դրա մասին արդեն այդ գործիչները պետք է մտածեն»,- Aravot.am-ի հարցին այսպես պատասխանեց նա:

Արդեն կարծես հստակ է, որ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը վերաբացվելու է: Նախորդ գումարման խորհրդարանում այն միացվեց պետաիրավական հարցերի հանձնաժողովին: Ընդ որում, վերաբացված հանձնաժողովը բավական լայն լիազորություններ է ունենալու: Տարբեր վերլուծաբաններ շատ են կարեւորում, որ լայն լիազորություններով եւ վերահսկողական գործառույթ ունեցող այդ հանձնաժողովը ղեկավարի ընդդիմությունը:

Մամուլում հրապարակումներ կան, որ վերաբացված հանձնաժողովը ղեկավարելու է Նաիրա Զոհրաբյանը: Իր ղեկավարած նախորդ`Եվրոպական ինտեգրացիայի հանձնաժողովը, իշխող «Իմ քայլը» դաշինքը վերցնում է իրեն: Իսկ նոր ստեղծվելիք ԵԱՏՄ եւ տարածաշրջանային ինտեգրացիայի նորաստեղծ հանձնաժողովը կղեկավարի ԲՀԿ-ական, ԱԺ նախկին փոխնախագահ Միքայել Մելքումյանը:

Նաիրա Զոհրաբյանն այս մասին մեկնաբանություններ չի անում: «Խորհրդարանը կսկսի աշխատանքը`պարզ կլինի»,- ասաց նա:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031