Առավել տարածված տեսակետի համաձայն՝ Ռուսաստանը թանկացրել է գազը, որպեսզի Հայաստանում իշխանությունների նկատմամբ հասարակության վերաբերմունքը փոխվի։ Այսինքն, ըստ այս վարկածի, Ռուսաստանը փորձում է անուղղակիորեն ազդել Հայաստանի ներքաղաքական գործընթացների վրա։ Բայց եթե անգամ դա այդպես է, ռուսական որոշակի շրջանակները սխալ «գործիքակազմ» են ընտրել։ Որովհետեւ ակնհայտ է, որ գազի թանկացման արդյունքում փոխվելու է մեր հասարակության վերաբերմունքը ոչ թե Հայաստանի իշխանությունների, այլ Ռուսաստանի նկատմամբ։ Ի վերջո, գազը թանկացնողը Ռուսաստանն է, իսկ Հայաստանի իշխանություններն ուղղակի փորձում են անել ամեն ինչ, որ գոնե սպառողների համար գազը չթանկանա, ուրեմն ի՞նչ տրամաբանությամբ պիտի մեր ժողովուրդը «նեղանա» ոչ թե ռուսներից, այլ սեփական իշխանություններից։
Իրականում խնդիրն, իհարկե, «նեղանալ-չնեղանալու» հարթությունում չէ: Միջպետական հարաբերություններում նման կատեգորիաներ ընդհանրապես չկան։ Խնդիրը երեւի այն է, որ Հայաստանն այլեւս չի ցանկանում «բազում մանր ծառայություններ» մատուցել ու ձգտում է ձերբազատվել Շուրա Բալագանովի կարգավիճակից, որում իրենց այնքան լավ էին զգում նախկին իշխանությունները (նրանց քարոզչամիջոցներն, ի դեպ, մինչեւ հիմա որպես հիմնական հաղթաթուղթ ներկայացնում են տարիներ շարունակ իբր ձրի ստացված «վիտամինների» ցանկը)։
Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին, ապա մեզ ոչ թե հովանավորներ են պետք, այլ դաշնակիցներ։ Եվ այդ իմաստով «հովանավորչության» վերացումը միայն նպաստում է իրական դաշնակցային հարաբերությունների ստեղծմանը։ Հովանավորչության մասին հայտնի խոսք կա՝ «եթե միլիոնատեր քեռին հովանավորում է զարմուհուն ու ադամանդներ նվիրում, ուրեմն կամ քեռին է կեղծ, կամ ադամանդները»։ Հիմա հարց՝ մեզ այդպիսի՞ հարաբերություններ են պետք, թե՞ այնուամենայնիվ լուրջ դաշնակցային համագործակցություն՝ հիմնված փոխադարձ հարգանքի ու ռազմաքաղաքական շահերի համադրման սկզբունքի վրա։
Վստահաբար՝ երկրորդը։ Որքան էլ ավելի դժվար լինի ու ավելի լուրջ աշխատանք պահանջի։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում