Բոլորս դիտեցինք երեք օր առաջ զորակոչիկներին տեղափոխող ավտոբուսում պատահածը՝ լակոտական-խուլիգանական գարշելի մի քաշքշուկ, որը, ընդունենք կամ ոչ, մանրանկարն էր մեր մեջ տիրող հոռի բարքերի, հետեւանքը՝ կրթադաստիարակչական վատթար վիճակի: Բոլորս լսեցինք կամ կարդացինք դեպքի առթիվ մեր փառապանծ ոստիկանության պարզաբանումը, թե, օրինակ, քաղաքի մինչեւ ո՛ր գիծն է ձգվում ռազմական ոստիկանության կամ զինկոմիսարիատի պատասխանատվությունը նորակոչիկների բանակ տեղափոխման գործում, կամ՝ թե ե՛րբ եւ ո՛ր համարի տակ է ՀՀ կառավարությունը որոշել սահմանագծել պատասխանատվությունը: Պարզվում է՝ մեր ոստիկանությունն էլ սահմանափակ պատասխանատվության ընկերության նման մի բան է. պատասխանատու է այս կետից մինչեւ այն կետը, իսկ արանքներում՝ զորակոչիկները թող իրար ուտեն, նրանց վրա թող հարձակվեն, ծեծեն, սպանեն…
Հիմա թողնենք ոստիկանությանը զբաղվելու իր սիրածՙ «միջադեպի մասնակիցների ինքնությունը ճշտելու եւ նրանց հայտնաբերելու» գործով ու փորձենք հասկանալ նման միջադեպերի ծագման խորքային պատճառները, ավելի շուտ՝ մեր հասարակության եւ հատկապես երիտասարդության մեջ տիրող անդաստիարակության, անկրթության եւ անգրագիտության պատճառները:
Խնդրեմ, ոչ ոք թող չհիշեցնի ինձ մեր շատ երիտասարդների հաջողությունները օտար լեզուների իմացության, արվեստի, գիտության, բիզնեսի կառավարման, նաեւ հասարակական գիտակցության եւ այլ ասպարեզներում: Դժբախտաբար նրանք գրեթե տոկոս չեն կազմում: Խոսքը վերաբերում է մեծամասնությանը, կարիքի եւ աղքատության հետնախորշերից, ներընտանեկան խնդրահարույց վիճակներից, փողոցային ազդեցությունից, ապագայի անստուգության եւ աննպատակության վիճակներից եկող տղաներին, նաեւ աղջիկներին: Սակայն նրանք այդ բոլորի համար մեղք չունեն:
Ի՞նչ եւ ի՞նչպիսի դաստիարակություն են նրանք ստացել հոգսերի մեջ մխրճված իրենց ընտանիքներում, դպրոցներում, այսպես կոչված՝ հասարակական վայրերում, ֆեյսբուքային ինքնացուցադրական հարթակներում, հեռուստատեսային սերիալներում: Ո՞վ եւ ո՞վքեր են նրանց մտատիպարները, այսպես կոչվածՙ էտալոնները: «Լյա՜վ տղա»նե՞րը, որոնք կարող են մեկ օրից մյուսը միլիոնանոց քաղաքի ղեկավար դառնալ: «Women՛s club»ի աղջիկնե՞րը՝ գռեհիկ իրենց Զառայով: Թե՞ գողական որոգայթներում իրենց «ճիշտը» պարտադրող հովոները կամ «ժարգոներեն» խոսող մյուս հերոսները:
ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում։