Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արքմենիկ Նիկողոսյան. «Չի կարելի մի հայտարարությամբ` թեկուզ գիտակցված, թեկուզ չգիտակցված, նախորդ արածների վրա խաչ քաշել, ասել` գիտե՞ս ինչ, Նոր Հայաստանում սկսեցին գիրք գնել». «Իրատես»

Հունվար 11,2019 10:57

«Քիչ առաջ լուրերի թողարկումից իմացա, որ 2018-ին Երևանի գրախանութներում Երրորդ հանրապետության պատմության համար ռեկորդային թվով գիրք է վաճառվել: Սա է Նոր Հայաստանը»,- ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը առանձնապես չի ոգևորել «Նոր» Հայաստանի քաղաքացիներին, հատկապես նրանց, ովքեր ուղղակի կապ ունեն գրահրատարակչական ոլորտի հետ: Մի դեպքում` «Նոր» Հայաստանի բազմաթիվ բացերն են մատնանշում, մյուս դեպքում` հրատարակչական ոլորտում երկար տարիներ կատարած աշխատանքը:

Հետանկախության շրջանում խոպանի վերածված գրական դաշտը ծաղկեցնելու, գրող-ընթերցող-հրատարակիչ խզված կապը ամրացնելու համար ինչքա՜ն ջանք ու եռանդ է պահանջվել: Ասում էին` գրականություն չկա, պարզվեց` կար, պարզապես կարդացող չկար, գրողի խոսքն ու գրական արտադրանքը արժևորող չկար: 2012-ին Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու փաստը սվիններով ընդունեցին, հատկապես մատնանշվում էին 500 տպաքանակով լույս ընծայվող գրքերը, որոնք մեռնում էին գրապահոցներում: Սակայն, արդեն հետադարձ հայացքով, նայում ես ու հասկանում, որ քիչ առ քիչ պրոպագանդվում էր գիրքը: Փակվող ու կոշիկի խանութի վերածվող գրախանութներին փոխարինելու եկան նոր բացվող, ժամանակակից գրախանութները: Այսօր արդեն ունենք «գրատների փողոց»` հանձինս Աբովյան փողոցի ավելացող գրախանութների: 2008-ին Թումանյանի ծննդյան օրը գիրք նվիրելու օր հռչակվեց ՀԳՄ երջանկահիշատակ նախագահ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ: Ասում էին` երբեք այն համընդհանուր տոնի չի վերածվի: Այսօր և գրքի տոն ունենք, և գրքի երևանյան փառատոն: Գրքեր նվիրելու տարատեսակ ֆլեշմոբերն ու միջոցառումներն էլ թիվ ու հաշիվ չունեն: Բոլոր խոսակցությունները թարգմանական բումի մասին են, գրքի գովազդի, գրական միջոցառումների: Գրահրատարակչության ոլորտի ձեռքբերումները երկնքից չեն իջել: Բայց այս ամենով հանդերձ էլի շատ են բացերը, ընթերցողները` քիչ, գրողները` չգնահատված կամ քիչ գնահատված:

Թեմայի շուրջ զրուցեցինք «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր, գրականագետ ԱՐՔՄԵՆԻԿ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԻ հետ:

-Վարչապետի պաշտոնակատարի` գրքի ռեկորդային վաճառքի մասին հայտարարությունն ինչպե՞ս կմեկնաբանեք: Գրքի վաճառքի աճը «Նոր» Հայաստանի՞ ձեռքբերումն է, թե՞ երկարատև աշխատանքի:

-Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը միանշանակ չընկալվեց ընդհանրապես, ոչ միայն գրահրատարակչական առումով, որովհետև իր այդ գրառման տակ եղան նաև սոցիալական, քաղաքական տարբեր բնույթի մեկնաբանություններ: Ես ինքս արձագանքել եմ ֆեյսբուքում, այն մտայնությամբ, որ չի կարելի ամեն ինչ վերագրել հեղափոխությանը. հեղափոխությունը երկու աշխարհի սահմանագիծն էր, եկավ, կտրեց ամեն ինչ, ինչքան վատ բան կար` դարձրեց լավ: Ես գնահատում եմ դրականը, լավը, որ տվել է հեղափոխությունը մեր երկրին, բայց չի կարելի մի հայտարարությամբ` թեկուզ գիտակցված, թեկուզ չգիտակցված, նախորդ արածների վրա խաչ քաշել, ասել` գիտե՞ս ինչ, Նոր Հայաստանում սկսեցին գիրք գնել: Իմ դիրքորոշումը հետևյալն է. տարբեր կազմակերպություններ, անհատներ` մեկն իր հրատարակչական հնարավորություններով, մեկը` խմբագրական, լրագրողները, այդ թվում` դու` գրականություն քարոզելու քո գործունեությամբ, կայքեր, թերթեր, հանդեսներ, խմբեր, խմբավորումներ, վերջին տարիներին` նաև ֆեյսբուքյան խմբեր, գրախանութներ, գրախանութների տնօրեններ մեծ աշխատանք են արել, որ գիրքը, գրականությունը, ինտելեկտը լինեն մեր հասարակության մեջ հարգանք վայելող երևույթ: Ես իմ գրառման մեջ էլ եմ նշել այս մասին, հեղափոխություններից առաջ, ընթացքում, հեղափոխությունից հետո էլ բազմիցս ասել եմ` այս տարիներին գրքին նվիրված մարդիկ կարողացան ապահովել միջավայր, զարգացնել ընթերցանությունը, գիտելիքը, ինտելեկտը մեր երկրում, իսկ ինտելեկտն իր հերթին նշանակում է քաղաքացիական ավելի բարձր գիտակցություն, ինչը իր պտուղները տվեց հեղափոխության տեսքով: Վստահ եմ ասում սա. ահա այս փոփոխությունն էր, որ հանգեցրեց հեղափոխության, ոչ թե հեղափոխությունը հանգեցրեց, որ մարդիկ ավելի շատ կարդան:

-Դուք ընդհանրական խոսեցիք, բայց անցյալ տարի է վաճառքի մեծ ցուցանիշ գրանցվել: Սա ինչո՞վ է բացատրվում:

-2017-ին, երբ ամփոփում էինք արդյունքները, կրկին արձանագրեցինք, որ Երրորդ հանրապետության պատմության մեջ ամենաշատ գիրքն է վաճառվել: Որովհետև տարեցտարի այդ դրական դինամիկան կար: Պարզապես դրա մասին ոչ ոք չբարձրաձայնեց: Սերժ Սարգսյանը ե՞րբ էր խոսում գրքի մասին…Պետք է այս ամենի մեջ լավն էլ տեսնենք, մարդ, որը խոսում է գրքի մասին, մարդ, որը նաև գրքի վաճառքի պայմանավորողներից մեկն է իր գրքով, իր գրքի վաճառքով, մարդ, որը հաճույքով է արձանագրում իր ղեկավարած պետության մեջ գրքի առաջընթացը: Ավելի շատ այդ խոսքերից իր թիմակիցներն են օգտվում, դրոշակի պես թափահարում են, թե ինչ եղավ, հեղափոխությունից հետո եղավ: Հիմա, իմ ասածն էլ դա է` երբ մենք հեղափոխություն էինք անում, դուք ու՞ր էիք:

Զրուցեց Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031