Ինչպես հաղորդել էր Ermenihaber.am– ը, Դիարբեքիրի դատախազությունը Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) հայ պատգամավոր Կարո Փայլանի դեմ հետաքննություն է սկսել այդ երկրի քրեական օրենսգրքի 301 հոդվածի հատկանիշներով:
Թուրքական քրեական օրենսդրության 301-րդ հոդվածը պատիժ է նախատեսում Թուրքիայի, թուրք ազգության կամ թուրքական կառավարության կառույցները վիրավորելու կամ նսեմացնելու համար։ 2008 թ․-ի ապրիլի 30-ին մի շարք փոփոխություններ են արվել նշյալ հոդվածում, սրանց թվում նաև մի լրացում, որը պարտավորեցնում է արդարադատության նախարարության թույլտվության ստացումը քրեական գործի հարուցման համար։
Դատախազությունն արդեն Փայլանի վերաբերյալ գործ է կազմել, որի հիման վրա միջնորդագիր է ուղարկել խորհրդարան՝ պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու պահանջով: Դատախազությունը հետաքննություն սկսելու համար ստացել է նաև արդարադատության թույլտվությունը:
Փայլանի վերաբերյալ գործը կազմվել է՝ հիմնվելով 2018 թվականի հուլիսի 25-ին մեջլիսում տեղի ունեցած ԺԴԿ-ի խմբակցության ժողովից հետո Փայլանի ունեցած ելույթում, ինչպես նաև դրանից 2 օր հետո տված հարցազրույցում հնչեցրած արտահայտությունների վրա:
Փայլանն արձագանքել է իր վերաբերյալ անձեռնմխելիությունից զրկելու դատախազության պահանջին՝ ասելով, որ գործի համար հիմք հանդիսացած ելույթներում ինքը ներկայացրել է Դիարբեքիրում տիրող իրավիճակը:
«Ես տեսածներս եմ պատմել: Ամեն անկյունում ջրցան ու զրահամեքենա կա, և այս վիճակը Հիտլերի ու Մուսոլինիի ժամանակաշրջանն է հիշեցնում: Դատախազը վերցնում է իմ այդ արտահայտությունն ու ասում՝ Թուրքիայի Հանրապետությունը նսեմացրել է, ցանկանում եմ, որ 301-րդ հոդվածով դատապարտվի: Որոշումն ուղարկում է արդարադատության նախարարին, որն էլ ասում է՝ այո՛, Կարո Փայլանն ինձ վիրավորել է և թույլ է տալիս հետաքննություն սկսել 301-րդ հոդվածի հատկանիշներով: Սա իրավական առումով սկանդալային վիճակ է: Սա ցուցիչն է այն բանի, որ կառավարությունը 301-րդ հոդվածն օգտագործում է ընդդիմությանը լռեցնելու համար: Այդ հոդվածը շատ քննարկվեց Հրանտ Դինքի սպանությունից հետո: Այն ժամանակ կառավարությունն ասաց, որ հոդվածը չի հանում, բայց դրա կիրառությունը կսահամանափակի, հավաստիացրեց, որ այդ հոդվածը փաստացի չի գործի: Մինչդեռ տեսնում ենք, որ սկսել են գործադրել»:
Այս կապակցությամբ վարչապետի արտաքին հարաբերությունների հարցերով վարչապետի նախկին խորհրդական, «Ալիք մեդիա» լրատվամիջոցի գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի սիրելի գործընկերներ
Հունվարի 14-ին Ձեր իրավասությունները պաշտոնապես ստանձնելուց անմիջապես հետո, առաջարկում եմ համատեղ հայտարարությամբ հանդես գալ ի պաշտպանություն Թուրքիայի Մեջլիսի անդամ մեր հայրենակից` Garo Paylan – Կարօ Փայլան-ի: Ինչպես գիտեք, թուրքական պետությունը արդեն տեւական ժամանակ է` Փայլանի դեմ բռնաճնշումներ է բանեցնում, իսկ այս պահին, նրա եւ իր մի շարք գործընկերների դեմ գործ է հարուցված այդ երկրում դեռեւս գործող չարաբաստիկ 301-րդ հոդվածի հիմքերով: Հիշեցնեմ, որ հենց այս հոդվածով էր հետապնդվում ուղիղ 12 տարի առաջ Պօլսում սպանված Ակոսի խմբագիր Հրատ Դինքը:
Խորհրդարանական համակարգի անցած բացառիկ լեգիտումությամբ այս Ազգային ժողովը հայտարարությամբ նաեւ պետք է ուղերձ հղի Գործադիրին, իսկ մասնավորապես Արտաքին գերատեսչությանը, աշխարհի տարբեր մայրաքաղաքներում եւ միջազգային կառույցներում մեր դիվանագիտական առաքելություններին հանձնարարել համակարգված աշխատանք տանել Թուրքիայում տեղի ունեցող գործընթացները դատապարտող հայտարարություններ, ելույթներ եւ բանաձեւեր ընդունելու ուղղությամբ: Խորհրդարանական դիվանագիտությունը առաջիկայում ունենալիք ամբիոնները կարող է օգտագործել խնդիրը բարձրաձայնելու համար, իսկ հայկական սփյուռքի քաղաքական կառույցները վստահաբար ակտիվորեն աջակցելու են գործընթացին:
Հայտարարությունն առաջին հերթին Փայլանի եւ իր գործընկերների կյանքին սպառնացող վերահաս վտանգը ինչ-որ կերպ կանխելու նպատակ կունենա, սիմվոլիկ կլինի սակայն նաեւ նախադեպը, երբ ժողովրդի անվերապահ վստահությունը վայելող Օրենսդիրն առաջին իսկ օրվանից ցույց կտա, որ կան հարցեր, որոնց պարագայում մենք անկախ ամեն ինչից միասնական ենք:
Մեզ բոլորիս բարի եւ խաղաղ ընթացք…»։
https://www.facebook.com/photo.php?fbid=2233205006774373&set=a.256408517787375&type=3&theater