Լրահոս
Օրվա լրահոսը

Ծանր է պատգամավորի «փարաջան»

Հունվար 11,2019 10:00

Քաղաքական համակարգի զարգացման ճանապարհով գնալու համար մենք պետք է ոչ միայն մեր բառապաշարից, այլեւ մեր ուղեղից հանենք «իշխող կուսակցություն» եզրը: Ժողովրդավարական հասարակարգում կուսակցությունը չպիտի իշխի, պաշտոնյաները չպիտի իրենց աթոռները ստանան, ինչպես ասում են, «չերեզ Մելիք-Ադամյան» կամ որեւէ այլ փողոց: Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է բազմակուսակցական խորհրդարանի եւ կառավարության միջոցով:

Այդ համատեքստում ինձ այսպիսի հարցեր են հետաքրքրում. արդյոք «Իմ քայլը» խմբակցությունում եւ, ասենք, «Քաղաքացիական պայմանագրի» համագումարներում որոշումներն ընդունվելու են միաձա՞յն: Արդյոք իշխող կուսակցության մեջ կգտնվե՞ն մարդիկ, որոնք հրապարակավ կքննադատեն ղեկավարության կուրսը: Շեշտում եմ՝ հրապարակավ: Թե չէ նախորդ իշխող կուսակցության ներկայացուցիչները մեզ մշտապես հավաստիացնում էին՝ «մեզ մոտ լուրջ բանավեճեր են տեղի ունենում, մի՛ կարծեք, թե բոլորը միշտ ծափահարում են առաջին դեմքին»: Ճիշտն ասած, գրեթե վստահ եմ, որ միշտ ծափահարում ու գովերգում էին, եւ, ի դեպ, հենց այդ գովերգողներն էին, որ առաջին իսկ վտանգի պահին փախան կուսակցությունից եւ խմբակցությունից:

Իսկ եթե «Իմ քայլում» կամ ՔՊ-ում հայտնվեն այլախոհներ, ի՞նչ են նրանց մասին ասելու իշխանությանը համակրող լրատվամիջոցները եւ հ/կ-ները, որոնք այսօր մեծամասնություն են կազմում: Դատելով նրանից, թե ինչպես էին «այլախոհներին» վերաբերվում ՀՀՇ-ում, այստեղ խնդիր կարող է առաջանալ: Այս առումով Կոմկուսի եւ ՀՀԿ-ի մասին (նրանց «իշխանական» կարգավիճակում) խոսելն ավելորդ է, որովհետեւ այնտեղ այլախոհներ ի սկզբանե չկային:

Հետաքրքիր է նաեւ՝ արդյոք իշխող խմբակցության մեջ հայտնված նախկին լրագրողները ձերբազատվելո՞ւ են մեր մասնագիտությանը բնորոշ (միանգամայն առողջ, իմ կարծիքով) թերահավատությունից եւ խոսելու են «Պրավդայի» ոճի քառակուսի բանաձեւերո՞վ՝ «ժողովրդի հաղթանակ», «ժողովրդի իշխանություն», «նախորդ հանցավոր ռեժիմ», «անցյալից մնացած ծանր ժառանգություն», «նոր Հայաստանի փայլուն նվաճումներ» եւ այլն: Եթե շարունակեն ամեն ինչ հալած յուղի տեղ չդնել, փառք ու պատիվ նրանց: Ցավոք, այս 28 տարում բազմիցս եմ արձանագրել այն դեպքերը, երբ իմ ծանոթները, որոնք առանց քաղաքական գործչի «փարաջայի» միանգամայն նորմալ, ադեկվատ մարդիկ էին, հենց որ մտնում են քաղաքական խաղի մեջ, իսկույն կորցնում են հումորի զգացողությունը, «քառակուսիանում են» եւ սկսում են իրենք իրենց չափից դուրս լուրջ ընկալել:

…Զուտ արտաքնապես, սակայն, 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորների մեծ մասն ավելի համակրելի է թվում, քան նախորդինը: Կարեւոր է, որ նրանց ուղեղները չճարպակալեն՝ դա բացասաբար է անդրադառնում նաեւ արտաքինի վրա:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. henri says:

    Եթէ,եթէ,եթէ…՛՛ Եթէ ՛՛ չէ մնացած ,ցաւօք սրտի- ամէն ինչ պրաւտայական
    քառակուսի կաղապարներով սկսած է երթալ .ինչ յուսախաբութիւն …

  2. Հ.Շ. says:

    Ինչպէս որեւէ կուսակցութեան մէջ որ տիրացած է իշխանութեան, ներքին «այլախոհները» կը լինեն ընդհանրապէս անոնք, որոնք անձնապէս դառնացած ու դժգոհ կ’ըլլան, իրենց ուզած պաշտօնը չստանալուն պատճառով: Հենց որ գոհացում ստանան, անմիջապէս կը լռեն ու կը դառնան հլու հնազանդ, յուզումնալից հաւատարմութեամբ եւ հիացմունքով կը լեցուին՝ establishment-ին նկատմամբ: Այդքան կը լինի որակը անոնց քննադատութիւններուն:

    Այդպէս չեղողներն ալ կը զսպուին հակասելէ պաշտօնի վրայ գտնուողները, գիտակցելով որ այդպիսի հանրային բանավէճերը կը շահագործեն ներքաղաքական հակառակորդները (ախպարներու լեզուին մէջ, թշնամի չի նշանակեր այդ բառը… չնայած, այս պարագային, թերեւս այդ իմաստն ալ կրնայ ունենալ), եւ այդպէսով կը տկարանայ իշխանութիւնը, ի վնաս երկրին, նաեւ արտաքին ճակատի վրայ:
     
    Հետեւաբար, նամանաւանդ տուեալ պարագային, նախընտրելի է որ իշխող կուսակցութեան մէջ չլինեն այդպիսի հանրային տարակարծութիւններ, որպէսզի երկրի ու ազգի ճակատագրին հետ խաղ չլինի՝ անձնական փառասիրութեամբ, ճղճիմութեամբ, խոհանոցային վրէժխնդրութիւններով, կամ ել՝ շատ տեսական, գաղափարապա՜շտ, իդէալական ըմբռնողութիւններով:

    Եթէ լուրջ ընդդիմութիւն կ’ուզէիք, բնակչութեան կէսը տունը թող չի մնար, ընտրութեան օրը, միւս կէսն ալ մի քիչ խելքը թող գործածեր:
     
    Եթէ Փաշինյանի բացարձակ հեղինակութիւնը ջլատուի, իր խօսքն ու կամքը հաստատօրէն ու միշտ չտիրապետեն, նկատի առնելով իր շրջապատը, վայ է եկեր մեր գլխին:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031