Լրահոս
Օրվա լրահոսը

Հեղափոխության օրակարգը բերում են ԱԺ, «կնոպկա սեղմող» չեն լինելու, բիզնեսներից հեռու են մնալու

Հունվար 11,2019 15:00

«Իմ քայլի» պատգամավորների խոստումներն ու նպատակները՝ մինչեւ ԱԺ մտնելը

Այսօր ԱԺ նորընտիր պատգամավորներին մանդատների հանձնման արարողությունն է լինելու, իսկ մի քանի օրից մեկնարկելու է 7-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստը: «Առավոտը» ԱԺ-ում մեծամասնություն կազմած «Իմ քայլը» խմբակցության նոր պատգամավորներից հետաքրքրվեց, թե ի՞նչ են պատրաստվում անել ԱԺ-ում, ի՞նչ նախաձեռնություններ ունեն ու ինչո՞վ են իրենք տարբերվելու նախկինում մեծամասնություն կազմած ՀՀԿ պատգամավորներից:

Խմբակցության անդամ Գայանե Աբրահամյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ՀՀԿ պատգամավորների հետ համեմատության եզր անգամ չունեն. «Այն մեծագույն պատասխանատվությունը, որ ունի «Իմ քայլը» դաշինքի յուրաքանչյուր անդամ, նախկինում չէր կարող լինել, քանի որ երբեւէ Հանրապետական մեծամասնությունը իր քվեն չի ստացել քաղաքացիների ազատ կամարտահայտման արդյունքում։ Սա այն կարեւորագույն տարբերությունն է, քանի որ մեր ամենամեծ ընդդիմությունը հենց քաղաքացիներն են, պահանջատեր քաղաքացիները, պահանջատեր հասարակությունը, որի ձեւավորման համար մեզնից շատ շատերը տարիների աշխատանք է իրականացրել, եւ որի առաջ մենք ուղիղ պատասխանատվություն ենք կրում: Նախկինների պատասխանատվությունը թաղային խուժանի, թաղային հեղինակությունների, վարչական ռեսուրս կիրառողների, փող բաժանողների առաջ էր եւ ոչ երբեք` լայն հասարակության։ Համեմատության եզր չկա նաեւ կարողությունների եւ գիտելիքների առումով. եթե նախկինում որոշակի կրթությամբ 5-6 քաղաքական գործիչ կարող էինք հաշվել, ապա նոր խորհրդարանի մեծամասնությունը կազմող ուժի պատգամավորների մեծ մասը ստացել է որակյալ կրթություն ոչ միայն Հայաստանում, այլեւ շատ շատերը նաեւ արտերկրում, ունեն քաղաքացիական տարբեր պայքարներով անցած երկար ճանապարհ, արժեքներ ու սկզբունքներ, որոնք անշրջելի են եւ վստահաբար ավելի արժեքավոր, քան մանդատը»։

Թե ինչ է ինքը պատրաստվում անել ԱԺ-ում՝ Գայանե Աբրահամյանն ասաց. «Վերջին 5 տարիների ընթացքում, առավելապես հասարակական գործունեության ոլորտում աշխատելով, դիտարկել եմ մի շարք խնդիրներ հենց օրենսդրական տիրույթում, հատկապես կրթական, սոցիալական, երիտասարդական քաղաքականության տարբեր ոլորտների կարգավորման առումով, կոռուպցիայի դեմ պայքարի իրավական մեխանիզմների ստեղծման, եվրաինտեգրման հարցերի, մասնավորապես՝ Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ «Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագրի շուրջ աշխատանքների, ճանապարհային քարտեզի մշակման ուղղությամբ, եւ հասարակական կառույցների գործընկերներիս հետ սկսել էինք աշխատել տարբեր օրինագծերի վրա, այսինքն՝ արդեն իսկ մի շարք նախաձեռնություններ ունեմ եւ առաջին իսկ օրվանից սկսելու եմ դրանց վրա աշխատել։ Ինձ համար մեկ այլ հույժ կարեւոր ուղղություն է լրատվամիջոցների դաշտի կարգավորման հարցը, «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում բազմաթիվ բացթողումներ կան, որոնց մասին տարիներ շարունակ բարձրաձայնել եմ ե՛ւ ես, ե՛ւ իմ գործընկերները, այս ոլորտում եւս աշխատանքներ կսկսեմ, մեկ այլ ուղղություն է նաեւ ՏԻՄ օրենքն ու «Երեւանի մասին» օրենքը»:

Հաշվի առնելով, որ նախկինում խորհրդարանում մեծամասնություն կազմող ՀՀԿ-ին շատ քննադատում էին կառավարության անորակ օրենքները դակելու համար, հարցրինք՝ Դուք, ձեր խմբակցության պատգամավորները ա՞յլ մոտեցում են որդեգրելու այդ առումով, կաշկանդված չե՞ք դակելու ու «կնոպկա սեղմելով» անցկացնելու այն ամենը, ինչ բերում է կառավարությունը, ինչպես անում էին նախկինները, Գայանե Աբրահամյանը պատասխանեց. «Վստահ եմ, որ «դակող» եւ «կնոպկա սեղմող» խորհրդարան չի լինելու, սա, իհարկե, միշտ կարող է շահարկվել, քանի որ կառավարությունը օբյեկտիվորեն ավելի շատ է բերելու օրինագծեր` որպես մի օղակ, որն անմիջականորեն է առնչվում օրենքների կիրարկման գործընթացին եւ արձանագրում խնդիրները։ Բայց ես վստահ եմ` որեւէ մեկը չի հանդուրժելու անորակ եւ խնդրահարույց օրենքներ, դրանք քննարկումների, տարբեր առաջարկությունների արդյունքում կմշակվեն, բացի այդ, կարծում եմ՝ այս խորհրդարանը առանձնանալու է նաեւ նախաձեռնողականությամբ եւ տարբեր օրինագծերի մշակման ակտիվությամբ, առանձնանալու է նաեւ խորհրդարանական դիվանագիտության կարեւոր գործունեության առավել ակտիվ ծավալմամբ, որը նախկինում, մեղմ ասած, վատ է իրականացվել»:

Նորընտիր պատգամավոր Արման Բոշյանի խոսքով՝ «Մեր քաղաքացիները կազմել էին հեղափոխական կառավարություն, հիմա ընտրությունների միջոցով ձեւավորվել է հեղափոխական խորհրդարան։ Թերեւս սա ամենամեծ տարբերությունն է նախկին ԱԺ-ից։ Ոչ պակաս կարեւոր է լեգիտիմության եւ վստահության այն պաշարը, որ ունի ներկայիս խորհրդարանը։ ՀՀ-ում ոչ ոք կասկածի տակ չդրեց ընտրությունների թափանցիկությունը եւ օրինականությունը։ Այո, սա հայաստանյան վերջին տարիների քաղաքական պատմության մեջ ունիկալ իրավիճակ էր։ Մյուս տարբերությունը մեր թեկնածուների քարոզարշավն էր. մենք քաղաքներում եւ գյուղերում էինք, փողոց առ փողոց, տուն առ տուն։ Մեր քաղաքական թիմի համար կար, կա եւ լինելու է մի քաղաքական սուբյեկտ՝ դա ՀՀ քաղաքացին է, եւ այդ գիտակցումը մեզ պահել է եւ պահելու է Հայաստանի քաղաքներում եւ գյուղերում։ Մնացած տարբերությունները արդեն կտեսնենք աշխատանքի մեջ»: Կառավարության բերած նախագծերը դակելու հետ կապված նա ասաց. «Դակել, կնոպկա սեղմել արտահայտությունները պետք է դուրս գան մեր լեքսիկոնից: Մեր խմբակցությունը կառավարություն ձեւավորող խմբակցություն է, մենք մեկ ամբողջական թիմ ենք մեկ մանդատով: Մենք ձեւավորելու ենք կառավարություն, որն աշխատելու է այն քաղաքական օրակարգի շուրջ, որն առաջ է քաշվել ընտրությունների ժամանակ, այսինքն՝ խմբակցությունը եւ կառավարությունը աշխատելու են մեր քաղաքական նպատակների, հեղափոխության օրակարգի շրջանակներում: Ճանաչելով մեր խմբակցության եւ ապագա կառավարության անդամներին՝ հավաստիացնում եմ, որ քննարկումները բուռն են լինելու, որոշումները ընդունվելու են բալանսավորված եւ համակողմանի ուսումնասիրված: Հասկանում եմ նաեւ նախկին փորձի բացասական երանգը։ Այո, կա վիճակագրություն, որ օրենքների բացարձակ մեծամասնությունը բերվում էր կառավարությունից եւ «օպերատիվ» ձեւով, կնոպկա սեղմելով դակվում էին: Համոզված եմ, որ մեր շարքերում «դակողներ եւ կնոպկա սեղմողներ» չենք ունենալու, կառավարության բերած օրենքները քննվելու են, հիմնավորվելու են եւ տրվելու են բոլոր հարցերի պատասխանները: Գործելաոճի տարբերության մասին խոսելիս պետք է սկզբի համար նշեմ գործնական մասը՝ դա բիզնեսի եւ քաղաքականության տարանջատումն է: Դուք մեր խմբակցությունում չեք տեսնի գործարարների, դուք մեր խմբակցությունում չեք տեսնի մարդկանց, ովքեր տարբեր կապերով կապված են բիզնես շրջանակների հետ: Մենք ասել ենք եւ ասում ենք, որ քաղաքականությունը եւ բիզնեսը պետք է զատվեն: Հաջորդ տարբերությունը եւ ինձ համար երեւի թե ամենակարեւորը իրականության զգացողությունն է, երկրում իրական իրավիճակին տիրապետելը»:

Արման Բոշյանը սոցիալական ոլորտին առնչվող գաղափարներ ունի, որոնք պատրաստվում է կյանքի կոչել ԱԺ-ում. «Խոսքս մասնավորապես վերաբերում է ընտանեկան աղքատության հաղթահարմանը, կենսաթոշակներին, նպաստներին։ Վերջին ամիսներին, լինելով Սոցիալական ապահովության ծառայության ղեկավար, աշխատանքային գործունեության ընթացքում առանձնացրել եմ խնդիրների խումբ, որոնց լուծման ճանապարհը գործադիրի եւ օրենսդիրի համատեղ աշխատանքի արդյունքում կարող ենք լուծել։ Պատգամավորական գործունեության ընթացքում փորձելու եմ օպտիմալ լուծումներ գտնել այդ խնդիրների համար։ Ուզում եմ նաեւ նշել, որ աշխատանքային դաշտը շատ ավելի լայն է լինելու, եւ ապագայում, համոզված եմ, այլ ոլորտներում նույնպես անելիքներ եմ ունենալու։ Բացի օրենսդրական աշխատանքից՝ մենք պետք է արձանագրենք, որ ԱԺ-ն նաեւ քաղաքական թիվ մեկ ամբիոնն է, եւ մեր գործունեության սկզբունքը լինելու է հեղափոխության օրակարգը բերել Ազգային ժողով, նոր համակարգային հունի մեջ դնել այն»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

10.01.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031