Լրահոս
Օրվա լրահոսը

Սեւանում 4 կառույցների ուժեղացված հսկողության արդյունքը՝ արգելված Սիգն ազատ վաճառվում է

Հունվար 10,2019 15:00

2018 թվականի դեկտեմբերի 20-ից մինչեւ 2019-ի հունվարի 20-ը Սեւանա լճում որսն արգելված է. որեւէ լողամիջոցի մուտքը լիճ նույնպես արգելված է:

Սակայն արգելված ժամանակահատվածում՝ տոնական օրերին, մայրաքաղաքի փողոցներում ու շուկաներում Սիգ եւ Իշխան ձկան բացահայտ վաճառք էր իրականացվում:

Դեկտեմբերի 20-ին բնապահպանության նախարարությունը հայտարարություն տարածեց. «Իշխան եւ Սիգ ձկնատեսակների ձվադրման ժամանակահատվածում ձկների բնական վերարտադրությունն ապահովելու նպատակով արգելվել է որեւէ լողամիջոցի մուտքը Սեւանա լիճ, եւ ուժեղացված հսկողություն է սահմանվել Հայաստանի ողջ տարածքում։ Իրականացվող գործողությունների շրջանակներում բնապահպանության նախարարությունը, ոստիկանությունը, Գեղարքունիքի մարզպետարանը եւ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը ստորագրել են համատեղ միջոցառումների եւ փոխգործակցության քառակողմ ծրագիր: Մինչեւ արգելքի ժամանակահատվածը «Սեւան» ազգային պարկի տարածքից դուրս են բերվել բոլոր լողամիջոցները, որսագործիքները եւ ժամանակավոր կացարանները»։

Բայց եթե մենք Սիգի ազատ վաճառքի ենք հանդիպում (Իշխանը գոնե հնարավոր է արհեստական լճերում բուծել, Սիգը՝ ոչ), ուրեմն այս 4 կառույցների համատեղ ջանքերն ու ուժեղացված հսկողությունը արդյունքներ չեն տվել:

«Առավոտի» հետ զրույցում բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը վստահեցրեց՝ տոնական օրերին, այդ թվում նաեւ Սուրբծննդյան օրերին, իրենց տեսուչները տեղերում աշխատել են: Արդյունքների մասին Գրիգորյանը հետո կխոսի: Իսկ տեսչական մարմնի աշխատանքների, մասնավորապես Սիգի ապօրինի վաճառքի բացահայտման ու դրա առգրավման մասին Գրիգորյանն ասում է՝ այդ պրակտիկան անարդյունավետ է. «Իմ կարծիքով՝ դա պետք է վերացնել, իմաստ չկա, վնասը պատճառվել է, ձուկը սատկել է, ընդ որում՝ ձկնկիթը մեջը: Այդ հսկայական քանակությամբ ձուկն ի՞նչ անենք: Մեզանից արդեն հրաժարվում են ընդունել մանկատներն ու հիվանդանոցները: Խնդիրն այն չէ, որ պետք է առգրավել: Հիմա այլ կերպ ենք վարվելու»:

Գրիգորյանի կարծիքով՝ քառակողմ այդ հսկողությունն էլ անարդյունավետ էր. «Մենք անիմաստ ռեսուրս ենք ծախսել: Այս մասին պատկան մարմինները տեղեկացվել են, բնապահպանության նախարարությանն էլ ասել ենք՝ մենք այլեւս չենք պատրաստվում շարունակել այդ համատեղ գործողությունները, որովհետեւ մենք մեր գործառույթը կատարում ենք, իսկ այն սուբյեկտը, որին մենք գնացել ենք օգնելու, իր գործառույթը չի կատարում: Հունվարի 7-ին ափին 500 հատ նավակ էր կանգնած, ու ոչ ոք չի կարողանում հանել, 82 լողամիջոց է եղել հենց լճի մեջ: Տեսչությունը չի կարող դուրս հանել դրանք, միջոցներ չունենք: Մենք ընդամենը պետք է աջակցեինք, եւ եթե մեր աջակցությունը արդյունավետ չի օգտագործվել, ապա մենք կանցնենք մեր բուն գործառույթին»: Տեսչական մարմնի բուն գործառույթն էլ, ըստ Գրիգորյանի, ոչ թե հսկողություն իրականացնելն է, այլ վերահսկողություն:

«Բոլոր հատուկ պահպանվող տարածքները, այդ թվում՝ «Սեւան» ազգային պարկը, որը ենթակա է ստուգման, մենք պետք է ստուգենք՝ պարզելու, թե որքանո՞վ են պատշաճ իրականացնում իրենց պարտավորությունները, այդ թվում՝ ձկան պահպանումը: Մենք արդեն ունենք բողոքներ Գեղարքունիքի մարզի մի քանի հ/կ-ներից, պահանջում են իրականացնենք ստուգումներ «Սեւան» ազգային պարկում: Պարկի աշխատակազմը 220 հոգի է, մեզանից ավելին են, իսկ մեր տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզի աշխատակիցներն 9-ն են»:

Գուցե կարիք կա որսի արգելված սեզոնին ոստիկանության հատուկ ստորաբաժանում ստեղծել՝ հատուկ ոստիկաններով, որպեսզի ուժեղացված հսկողություն իրականացնեն. մեր այս դիտարկմանը Գրիգորյանն այսպես արձագանքեց. «Խնդիրը նոր ստորաբաժանում ստեղծելը չէ: Իմ կարծիքով՝ առկա ռեսուրսները, որ տրվել են այդ տարածքի պահպանման համար, լրիվ բավարար են: Խնդիրն այն չէ, թե ինչ փոփոխություններ են հարկավոր անել տարածքը պահպանելու համար, այլ՝ արդյոք կա՞ ցանկություն իրականացնելու օրենքով սահմանված պարտավորությունները»:

Արթուր Գրիգորյանն ասաց, որ տեսչական մարմինը «Սեւան» ազգային պարկում ստուգումների արդյունքները կհրապարակի փետրվարին:

Իսկ «Սեւան» ազգային պարկի ղեկավար Վահե Գուլոյանն էլ մեր հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի արգելված Սիգի ազատ վաճառքը, պատասխանեց. «Օրենքով գողությունն ու սպանությունն էլ արգելված են, բայց անում են, չէ՞»: Հետո ավելացրեց. «Դա նշանակում է՝ պահպանությունը ոչ պատշաճ մակարդակի վրա է: Թե հիմա մեղավորները ազգային պարկն է, թե այլ կառույցներ, այլ կառույցներից չխոսեմ, մեզանից խոսեմ՝ նշանակում է, որ լավ չենք անում մեր գործը»:

Գուլոյանն ասաց. «Սոված մարդուն չես կարող պայմաններ թելադրել: Ես միշտ ասել եմ՝ մաքսիմում 10-15 օր կարող եմ պահել, դրանից հետո որսագողերը չեն ենթարկվում: 230 կիլոմետր պարագծով տարածք է, 41 համայնք է ջրի ափին, Սեւանա լիճ մուտք է գործում մոտ 980 լողամիջոց: Պատկերացնո՞ւմ եք»:

Այդուհանդերձ, Գուլոյանը վստահեցրեց՝ այնպես չէ, որ ազգային պարկի աշխատակիցները ոչինչի չեն անում. «Մենք էլ ենք խախտումներ արձանագրում, ձուկ ենք առգրավում, ամեն օր ցանց ենք բռնում, ամեն պոստերում ու ժողովրդի հետ վիճաբանություն ենք ունենում: Ոչ մեկը չի կարող բացառել, որ արգելքի ժամանակ 900 լողամիջոցից մեկը չի կարող փախնի մտնի լիճ: Ամեն մեկն իր պատասխանատվության մակարդակով է վարվում. մարդ կա՝ նամուս, թասիբ, ամոթ ունի, ինքնակամ դուրս է գալիս, արգելքի ժամանակ չի մտնում: Մարդիկ էլ կան՝ ուղեղի տեղը դարման է լցրած: Չի ստացվում իդեալական արգելք»:

Վահե Գուլոյանը նաեւ նշեց, որ անցած տարի որսի արգելքի ժամանակ 300 լողամիջոց են արձանագրել. «Այսօր մոտ 60-ն ենք արձանագրել: Ձկան քանակը վերջին տարիներին ավելացել է: Սա պատահական չէ, նշանակում է՝ լավ ենք պահպանում: Մենք այսօր խոսում ենք լուրջ արդյունաբերական ծավալի մասին: Մեզ հաջողվել է դրան հասնել: Բայց հիմա ամենադժվարը պահպանելն է, որ 5-10 տարի առաջվա պատմությունը չունենանք»:

Գուլոյանի կարծիքով՝ որսագողության դեմ դժվար է պայքարել. լճի հարակից տարածքի բնակիչները սոցիալական խնդիրն են մատնանշում:
Արդյոք նպատակն արդարացնո՞ւմ է որսագողությունը:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ,

10.01.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել