Լրահոս
Օրվա լրահոսը

Շուկաների ցանկը, որտեղ կարող են տեղափոխվել փողոցում առեւտուր անող քաղաքացիները

Հունվար 11,2019 14:00

Այս տարվա հունվարի 1-ից Երեւան քաղաքի նոր իշխանությունները խստացրին փողոցային առեւտրի դեմ պայքարը, որը մեր երկրում օրենքով է արգելված: Երեկվա դրությամբ փողոցներում վաճառվող ապրանք գրեթե չկար: «Առավոտի» տեսախցիկը օրվա ընթացքում շրջել է մայրաքաղաքի գլխավոր եւ երկրորդական փողոցներում եւ փողոցում առեւտուր անող առեւտրականների չի հանդիպել: Երեւանի քաղաքապետարանի պատասխանատուները հայտարարեցին, որ նրանց ուղղորդել են տարբեր համայնքներում գործող շուկաներ:

Իսկ թե փողոցներում գյուղմթերք, միրգ, բանջարեղեն, ձկնամթերք եւ այլ ապրանքներ վաճառողները ուր կարող են տեղափոխվել իրենց բիզնեսը օրինական հիմունքներով կազմակերպելու՝ այդ մասին տեղեկատվություն է հրապարակել Երեւանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջը:

Արաբկիր վարչական շրջանում փողոցային առեւտուր իրականացնող քաղաքացիներին տարածք է տրամադրվել Կոմիտաս 53 հասցեում, արժեքը մեկ օրվա համար՝ 300-1000 դրամ: Ըստ նույն աղբյուրի՝ այստեղ առեւտրականները կարող են առաջին ամիսն անվճար կազմակերպել իրենց առեւտուրը: Նույն վարչական շրջանում առեւտրականներին տեղ է հատկացվել նաեւ Կոմիտաս 55, Հակոբյան 3 (500 դրամ՝ մեկ գծամետրը), Գյուլբենկյան-Սունդուկյան խաչմերուկի, Հր. Քոչար-Փափազյան խաչմերուկի, Տիգրանյան-Մամիկոնյանց խաչմերուկի հատվածում: Կենտրոնում առեւտուր իրականացնող քաղաքացիների համար տարածք է տրամադրվել Կենտրոն-Խորենացի 35 հասցեում, «Երեւանի թիվ 2» (գումի կամ Հայկական) շուկայում: Համաձայն շուկայի տնօրինության տրամադրած տվյալների` առկա է մոտավորապես 300-400 ազատ տաղավար, որոնց համար վարձավճարը սահմանվում է՝ սկսած 200 դրամից: Այս շուկայի տնօրինությունը եւս պատրաստակամություն է հայտնել առաջին մեկ ամիսը տարածքները տրամադրել անվճար:

Քաղաքապետարանի պատասխանատուները Աջափնյակ համայնքում փողոցային առեւտրով զբաղվող անձանց տարածք են առաջարկում Շինարարների 15 հասցեում: Վարձավճարը՝ օրական 500 դրամ:

Ավան համայնքում առեւտրականները կարող են իրենց բիզնեսը կազմակերպել Տաշքենդի փողոցին հարակից տարածքում:

Նուբարաշենի առեւտրականներն էլ` նույն համայնքի 12 փողոցի 3-րդ եւ 2-րդ շենքերի տարածքում, ինչպես նաեւ 11 փողոցի 16 շենքի հարակից տարածքներում` անվճար:

Նոր Նորքում փողոցային առեւտուր իրականացնող քաղաքացիների համար էլ վարչական շրջանը տարածք է առանձնացրել Սաֆարյան փողոցի «Պալաս» առեւտրի կենտրոնի հետնամասում` օրական 500 դրամ վարձավճարով: Այս համայնքում տարածք է տրամադրվել նաեւ «Երեւան Սիթի» սուպերմարկետի նկուղում, որտեղ, սակայն, ինչպես քաղաքապետարանից են նշում, տեղերը անսահմանափակ են: Կա նաեւ մեծածախ շուկա՝ ժամային սահմանափակմամբ: Նախատեսվում է եւս մեկ շուկա կազմակերպել 7-րդ զանգվածի տարածքում:

Էրեբունի վարչական շրջանի տարածքում առեւտուր իրականացնողներն էլ կարող են իրենց առեւտուրը կազմակերպել Սասունցի Դավիթ կայարանամերձ հրապարակի հատվածում, որտեղ գործում է շուկա:

անաքեռ-Զեյթունի առեւտրականներին էլ տարածք է առաջարկվում Դրոյի 19 շենքի դիմաց: Շենգավիթ վարչական շրջանում փողոցային առեւտուր իրականացնող քաղաքացիների համար տեղ է հատկացվել Չեխովի փողոցի 17/6, Ս. Տարոնցու փողոցի, մետրոյի Շենգավիթ կայարանի դիմաց, ինչպես նաեւ Արտաշիսյան փողոցի 86/6 հասցեի դիմաց:

Դավթաշենում առեւտրականներին ուղղորդում են նորաբաց շուկա՝ 2 թաղամասի 45/7 շենքի հարեւանությամբ: Այստեղ 20 ազատ տաղավար կա: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում նույնպես առկա են ազատ տաղավարներ «Մալաթիա» տոնավաճառի տարածքում, որոնց մասին Երեւանի քաղաքապետարանը լրացուցիչ կհայտնի` հրապարակելով ցանկը:

Նորք-Մարաշում փողոցում առեւտուր կազմակերպող անձանց համար էլ նախատեսվում է մինի շուկա Արմենակյան փողոցի մոտակայքում:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

10.01.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031