Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ խողովակաշարը քո հողամասին վնաս չի»

Հունվար 11,2019 13:30

Էմիլ Ղազարյանի փաստաբան ներկայացուցիչը հայտնել է, թե իր վստահորդն ուներ բիզնես ծրագրեր, որոշել էր գնել հողամաս, կառուցել քոթեջներ, ինչպես նաեւ ստորգետնյա ավտոկայանատեղի, որը պետք է 3-4 մետր խորություն ունենար հողամասի մակերեսից: Գնել է հողամաս, պարզվել է, որ հողամասում առկա բարձր ճնշման խողովակաշարը հնարավորություն չի տալիս տարածքում հասարակական նշանակություն ունեցող օբյեկտ կառուցել, քանի որ կարող է վտանգավոր լինել տարածքում բնակվող անձանց կյանքի եւ առողջության համար: Տարածքը անտառածածկ է, եւ հայցվորի նպատակը էկո տուրիզմը զարգացնելն է:
Էմիլ Ղազարյանի ներկայացուցիչը երկու տարի առաջ դիմել էր դատարան «Ապահով տանիք» ՍՊ ընկերության դեմ՝ սեփականատիրոջ իրավունքների խախտումները վերացնելու պահանջի մասին:

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Մկոյանի որոշմամբ հայցադիմումն ընդունվել էր վարույթ: «Ապահով տանիք» ՍՊԸ տնօրեն Մ. Արամյանը հակընդդեմ հայց էր ներկայացրել դատարան Էմիլ Ղազարյանի՝ սկզբնական հայցը մերժելու եւ հարկադիր գույքային սերվիտուտ սահմանելու մասին պահանջով: Էմիլ Ղազարյանի ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Իսկուհի Հովհաննիսյանը հայտնել է, որ Հայաստանի կառավարությանն առընթեր անշարժ գույքի պետական կոմիտեի կողմից 2008 թվականի սեպտեմբերի 5-ին տրված սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի համաձայն՝ Լոռու մարզի Վահագնաձոր համայնքի 1-ին փողոցի թիվ 42 հասցեում գտնվող 3.2802 հա մակերեսով հողամասի նկատմամբ գրանցված է Է.Ղազարյանի սեփականության իրավունքը: Այդ հողամասով անցնում է «Ապահով տանիք» ՍՊ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող, վերջինիս կողմից շահագործվող Լոռու մարզի «Նովոսելցովո» 54 կմ երկարությամբ ջրատարի խողովակաշարը:

Հայցվորի պնդմամբ, խողովակաշարի անցնելն իր հողամասով խախտում է սեփականության իրավունքով իրեն պատկանող հողամասն իր հայեցողությամբ օգտագործելու ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքը: Հայցվորը դատարանին խնդրել է պարտավորեցնել «Ապահովին» վերացնել նշյալ հողամասի սեփականատեր Ղազարյանի իրավունքի խախտումները՝ հարկադրելով հեռացնել խողովակաշարը նշված հողամասից: Ավելին, «Ապահով տանիք» ընկերությունից հօգուտ հայցվորի բռնագանձել 300.000 դրամ գումար՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար, ինչպես նաեւ Է.Ղազարյանի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումարը։

Հայցվորի ներկայացուցիչը նաեւ հայտնել էր, որ նույն այդ հողամասով անցնում է ընկերությանը պատկանող «Վահագնի» ՀԷԿ-ը սնուցող ջրատարի խողովակաշարից 554,3 գծամետրը: Հողամասը գնելուց հետո հայցվորը մտադիր է եղել դիմել համայնքապետարան՝ քոթեջների շինարարության թույլտվություն ստանալու համար, քանի որ շինարարության թույլտվության համար պետք է ներկայացնի նախագիծ, իսկ նախագծային աշխատանքները բավականին թանկ են, այդ իսկ պատճառով Է.Ղազարյանը ցանկացել է հարցը լուծել դատական կարգով՝ խոչընդոտները վերացնել, հետո միայն կատարել նախագծային աշխատանքներ ու դիմել շինարարության թույլտվություն ստանալու:

Պատասխանող, հակընդդեմ հայցվորի ներկայացուցիչը դատարան է ներկայացրել ՀՀ տրանսպորտի նախարարության կողմից տրված գրություն այն մասին, որ ճանապարհի եզրով հնարավոր չէ անցկացնել խողովակաշարը, սակայն ճանապարհի եզրից կան այլ ազատ տարածքներ, որտեղով կարելի է անցկացնել խաղովակաշարը: Սկզբնական հայցով պատասխանող, հակընդդեմ հայցվորի ներկայացուցիչ Ժ. Խաչատրյանը պնդել է հակընդդեմ հայցը, հայտնել, որ «Ապահով տանիք» ՍՊԸ-ին պատկանող փոքր ՀԷԿ-ը գտնվում է Լոռու մարզի Վահագնաձոր համայնքի տարածքում եւ դրա ջրամատակարարումը իրականացվում է Տանձուտ գետից սկիզբ առնող եւ 16.2 կմ ձգվող խողովակաշարով:

Նշված խողովակաշարը կառուցվել է 1960 թվականին՝ ջրային տնտեսության կողմից: Ջրային տնտեսության լուծարումից հետո ջրագիծը անցել է ՀՀ պետական գույքի կառավարման վարչությանը, որից 2003 թվականին «Ապահով տանիք» ընկերությունը վարձակալել է, ապա գնել: Այդ խողովակաշարը, ըստ պատասխանողի, ոչնչով չի սահմանափակում սեփականատիրոջ հողօգտագործման իրավունքը:

Հարցին, թե խողովակաշարն ապամոնտաժելու դեպքում ի՞նչ կարող է լինել, պատասխանողը հայտնել էր. «Փոքր ՀԷԿ-ը կկորցնի իր տնտեսական նշանակությունը, եւ որ 554,3 գծամետր խողովակաշարն այլ տարածքով առանց չարդարացված ծախսերի անցկացնելը անհնար է եւ ոչ իրատեսական»:

Ի դեպ, խողովակաշարի սկզբնական եւ վերջին մասը անցնում է Վանաձոր-Ալավերդի մայրուղու ձախ եզրային հատվածով: «Ապահով տանիքը» նշել էր, որ ՀԷԿ-ի ջրամատակարարման խողովակաշարը հայցվորի հողամասում զբաղեցնում է 1 մետր լայնությամբ տարածք եւ գտնվում է 1.5 մետր խորության վրա եւ եթե հողամասը օգտագործվեր գյուղատնտեսական մշակաբույսերի աճեցման նպատակով, ապա խողովակաշարը ոչ մի կերպ չի կարող խոչընդոտել նշված բույսերի աճեցմանը:

Ինչ վերաբերում է բիզնես ծրագրեր իրականացնելուն, պատասխանողը նշել էր, որ համաձայն Վահագնաձոր համայնքի ղեկավարի կողմից տրված տեղեկանքի՝ հայցվորը չի դիմել համայնքապետարան, շինարարական թույլտվություն ստանալու խնդրանքով: Ըստ պատասխանողի ներկայացուցչի դատարան ներկայացրած հակընդդեմ հայցի՝ գույքային սերվիտուտն իրենց անհրաժեշտ է փոքր ՀԷԿ-ի ջրամատակարարումը եւ բնականոն գործունեությունն ապահովելու համար: Իսկ խողովակաշարը Է.Ղազարյանի հողամասից տեղափոխելու դեպքում՝ «նախ մի քանի անգամ երկարում է ջրուղին, հետո այն կապված է անհամաչափ եւ չարդարացված ծախսերի հետ, ինչպես նաեւ չի ապահովվում այլ սեփականատերերի տարածքներից սահմանափակ օգտվելու իրավունքը»: Մարզի ընդհանուր իրավասության դատարանը Էմիլ Ղազարյանի հայցը մերժել էր: «Առավոտի» տեղեկություններով՝ բողոքի քննությունն անցյալ տարեվերջին նույնպես ավարտվել է, նշանակվել է հրապարակման օրը:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ,

10.01.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031