Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես լինել մուսա այլոց հետ համատեղ

Հունվար 11,2019 13:00

Ավստրիաբնակ լուսանկարչուհի Լիլյա Քորնելին չի կրկնօրինակում, այլ գործում է tobeamuse ուղղության մեջ

Հայտնի արտահայտություն կա՝ «ամեն նոր բան՝ մոռացված հնի կրկնությունն է»: Հարափոփոխ կյանքը անընդհատ նոր փոխակերպումներ է մատուցում եւ արվեստի տեսակների, եւ ստեղծագործական ժանրերի առումով։ Բավական է միայն նշել թվային ոլորտի նորամուծությունները, որոնք այնքան շատ են, որ գրեթե ամեն ինչ կերպափոխել են։

Հազվադեպ հանդիպող ստեղծագործական մի համադրության մասին ենք ուզում տեղեկացնել, որ դարձյալ զարմացնում է իր անսահմանությամբ, ինքնատիպությամբ, անկրկնելությամբ, աշխարհը արտացոլելու իր տարողունակությամբ։ Խոսքը սեփական եւ այլ լուսանկարները հայտնի կտավների հետ համադրելու ինքնատիպ արվեստի մասին է:

«Առավոտը» կապվեց մեր հայրենակից, ավստրիաբնակ լուսանկարչուհի Լիլյա Քորնելիի (Լուսինե Դամազյան-Ակոպովա) հետ, որն ավելի քան 20 տարի ստեղծագործում է Եվրոպայում եւ, ինչպես վերը նշեցինք, նրա աշխատանքներում համադրված է իր եւ այլոց լուսանկարները, հիմնականում՝ դիմանկարները, աշխարհահռչակ գեղանկարիչների աշխատանքների պերսոնաժների հետ:

Նման արվեստ ներկայացնող ստեղծագործողից հետաքրքրվեցինք, թե իր գործերը ո՞ր ժանրում կամ ուղղության մեջ են «տեղավորվում»: «Նման ուղղություն գոյություն չունի: Այն, ինչը տեսնում եք արտասահմանյան ամսագրերում կամ գուցե համացանցում, դրանք գեղանկարչոււթյան հռչակավոր դեմքերի հերոսների վերաիմաստավորումն է: Իմ նախագիծը նման է արվեստի գործերի վերաներկայացման, որոնք օգտագործվում են նաեւ գովազդային նպատակներով: Նախագծիս մեջ առանցքային դերում սեփական մուսաս է, ինչով ցանկանում եմ ցույց տալ, որ մենք կարող ենք ներշնչանք պարգեւել՝ դիմելով, իմ դեպքում՝ այս ձեւին: Չէ՞ որ բոլոր համաշխարհային նկարիչների մուսաները մեզ են նայում, որոնք մեզ նման սովորական ու հասարակ մահկանացուներ են: Իսկ ներշնչանքը ամենուր է, այն պետք է պարզապես զգալ: Այստեղ իմ ու գործընկերներիս աշխատանքներին լուրջ են վերաբերվում, իսկ լրջությունն ուղղակիորեն կապված է մեր մուսայի էության բացահայտման հետ: Մի կարեւոր հանգամանքի մասին եմ ուզում նշել, որ նման աշխատանքները պետք չէ շփոթել կրկնօրինակման հետ: Այլ կերպ ասած՝ մենք կրկնօրինակումներ չենք անում, այլ փորձում ենք փոխանցել բուն կերպարի էությունը եւ, անշուշտ, մեզանից էլ մի փոքր բան ավելացնելով»,- հայտնեց մեր զրուցակիցը:

Արվեստագետը հավելեց, որ իր աշխատանքները ցուցադրվել են աշխարհի շատ երկրներում եւ ցանկություն ունի դրանք ներկայացնել հայրենիքում:

Զրույցի ընթացքում Լիլյա Քորնելին հայտնեց, որ մինչ Եվրոպայում հաստատվելը կրթություն է ստացել Երեւանի պետական համալսարանում՝ որպես միջազգային տնտեսագետ: Բուհն ավարտելուց անմիջապես հետո ընտանիքով՝ ամուսնու եւ որդու հետ տեղափոխվել են Գերմանիա, քանի որ ամուսինը, որը ՏՏ ոլորտի մասնագետ է, աշխատանքի հրավեր էր ստացել այնտեղից: Արվեստագետը նշեց, որ շատ է սիրել ստեղծել թատերական կոստյումներ, բայց, նրա խոսքերով՝ Հայաստանում ծանր տարիներ էին եւ ընտրել է տնտեսագետի մասնագիտությունը՝ հետագայում աշխատանք գտնելու նպատակով: Դիտարկմանը՝ այնուամենայնիվ, անկատար մնաց դիզայներ դառնալու ցանկությունը, թեեւ որպես տնտեսագետ էլ չաշխատեց, լուսանկարչուհին պատասխանեց. «Հայրս զբաղվում էր լուսանկարչությամբ եւ ես անպակաս էի նրա կողքից, նույնիսկ հաճախ ներկա էի լինում լուսանկարների «ծնվելուն»: Կամաց-կամաց սկսեցի աշխարհին նայել հորս «Զենիթ» լուսանկարչական ապարատի օբյեկտիվով: Դուք ինձ հարցրիք՝ ո՞ր ուղղությանն է պատկանում իմ արվեստը: Պատասխանեցի՝ նման ուղղություն գոյություն չունի: Այդուհանդերձ, ասեմ՝ այն կանվանեի tobeamuse, որը թարգմանաբար նշանակում է «լինել մուսա»: Կրկնում եմ՝ առաջին իսկ հնարավորության դեպքում կայցելեմ Հայաստան ու սիրով կաշխատեմ հայ մուսաների հետ: Այս դեպքում մուսա ասելով նկատի ունեմ հայաստանցի մոդելներին…»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

10.01.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031