Մի խումբ հայեր հետաքրքիր նախագիծ են մշակել
Մայրաքաղաքում տրանսպորտային խնդիրները գնալով էլ ավելի են շատանում։
Կան երթուղայիններ, որոնք բնականոն չեն աշխատում կամ աշխատում են անկանոն ռեժիմով։ Այս պատճառով երթեւեկության կուտակումներ են լինում։
Մեկ այլ խնդիր է արդեն իսկ ծանրաբեռնված տրանսպորտը, որը ոչ բոլոր քաղաքացիներին է հնարավորություն տալիս ճիշտ ժամանակին տեղ հասնել կամ աշխատանքից չուշանալ։
Դեռեւս 2017թ . «Հանրային տրանսպորտի խնդիրները Երեւանում. ի՞նչ լուծումներ են առաջարկում ավագանու թեկնածուները» թեմայով կազմակերպված քննարկման ժամանակ Երեւանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը իր ելույթում նշել է. «Մենք կարծում ենք, որ տրանսպորտի ոլորտը պետք է համակարգային փոփոխությունների ենթարկվի։ Ակնհայտ է, որ մայրաքաղաքի երթուղային ցանցը, անկախությունից ի վեր, ձեւավորվել է իրավիճակային լուծումներով։ Այն արդյունավետ չէ։ Ակնկալում ենք՝ հունիսի վերջին ունենալ բարեփոխումների վերջնական փաթեթ, որտեղ հաշվի կառնվեն տրանսպորտի հետ կապված բոլոր հիմնախնդիրները»։
2017-ից արդեն մեկ տարի եւ դեռ ավելին է անցել, բայց խոստացված բարեփոխումներն այդպես էլ իրականություն չեն դարձել։
Իրականացրած հարցումներից պարզ դարձավ, որ քաղաքացիներին մտահոգում է նաեւ տրանսպորտային միջոցների ոչ համակարգային ժամերը եւ անկանոն աշխատանքը, երբ մարդիկ ստիպված են նույնիսկ ժամերով սպասել, մինչեւ իրենց երթուղայինը կժամանի։
Այս եւ նմանատիպ այլ խնդիրներին լուծում է առաջարկում Foxing ծրագիրը (www.foxing.am), որն ուղղված է տրանսպորտային քիչ թե շատ խնդիրների բարելավմանը:
Foxing-ը ծրագիր է, որը հնարավորություն է տալիս հեռախոսի, համակարգչի կամ այլ սարքավորման որոնման համակարգի միջոցով իմանալ երթուղային տրանսպորտի գտնվելու վայրը տվյալ պահին, այսինքն՝ տանը նստած կարող ենք իմանալ, թե երբ է երթուղայինը մոտենում, դուրս գանք, նստենք եւ գնանք։
Foxing-ի հիմնադիր Կարապետ Տոնոյանը նշեց, որ մեկ տարի խմբի անդամները աշխատել են ծրագրի վրա, արդեն վերջացրել են։
Հետաքրքիր է, որ առաջին անգամ նման ծրագիր ստեղծելու միտք Կարապետի մոտ առաջացել է ատամնաբուժարանում՝ ատամը հեռացնելիս։
Հեղափոխության օրերին ավելի մեծ էր ոգեւորությունը՝ աշխատանքները վերջնականապես ավարտելու համար:
Ունեն երկու ներդրող. հեղափոխությունից հետո Կարապետի կինը՝ Մերի Փարսյանը, ԱՄՆ-ից, իսկ ընկերը՝ Դավիթ Բոշյանը, Ռուսաստանից վերադարձան ու ստացվեց ամբողջացնել նախագիծը։
Քանի որ Մերին ԱՄՆ-ում է ապրում, ծրագիրը այնտեղ է հիմնվել ի սկզբանե, եւ հիմնադիր-տնօրենը հենց նա է։
Ծրագիրը ստեղծվել է սեփական ռեսուրսներով, իսկ պետությունից ակնկալում են միայն թույլտվություն։ Այն, ինչ մտածել են, հնարավորություն կտա ստեղծել բրենդ, որը կճանաչի աշխարհը։ Երիտասարդները վստահ են, որ շատ կարճ ժամանակում ծրագիրը Հայաստանից դուրս է գալու: Ըստ Կարապետի՝ իրենց բոլոր որոշումները ռիսկային են, իսկ ծրագրի հետ կապված ունեն ռիսկային հատվածներ թե աշխատանքի եւ թե համագործակցության մեջ։ Այս նպատակով ակնկալում են պետության աջակցությունը, բայց տրանսպորտի եւ կապի նախարարությունը ու քաղաքապետարանը հիմնավոր պատասխան չեն տալիս։
«Ծրագիրը հիմա ամբողջովին աշխատում է։ Կարող եք որոնել, թե որ երթուղայինը ուր է գնում, կամ որոնք են ձեր ուզած փողոցով անցնում։ Մնում է միայն GPS-ների տեղադրումը։ Պետք է հասնենք նրան, որ թույլ տան», – նշեց հիմնադիրը։ Թիմն ակնկալում է վարչապետի աջակցությունը։
ԳԱՅԱՆԵ ՀԱՐՈՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
10.01.2019