Նախքան որեւէ բան հայտնելը պետք է խոստովանեմ, որ ես ինքս դեռ պայքարում եմ այս կրքի դեմ: Դժվար բան է, բայց ահա թե ինչ են սովորեցնում եկեղեցու հայրերն ու վարդապետները, ովքեր իրենց կյանքում ձգտել են հասնել սրբության:
Նրանք ասում են, որ մինչեւ մարդը չտեսնի, որ ինքը դիմացինից ավելի վատն է, նա միշտ կշարունակի նրան դատել, նա միշտ կշարունակի ինքն իրեն ավելի լավը համարել ու այդպես վարվել այդ մարդու հետ:
Մինչեւ մարդը չտեսնի իր սեփական մեղքերը, չի կարող ազատվել ուրիշներին դատելուց:
Մի անգամ Սիսոյ Մեծի մոտ մի վանական եկավ ու ասաց՝ հայր, ես հասել եմ Աստուծո մասին մշտական մտածողության աստիճանի: Իսկ ծերը պատասխանեց: «Դա մեծ բան չէ, ավելի մեծ է քեզ բոլոր արարածներից ցածր տեսնելը»:
Շատ դժվար բան է բոլոր արարածներից սեփական անձն ավելի ցածր տեսնելը: Բայց մտածեք: Այ, շունը, երբ շնություն է անում, դա իր բնությունն է: Իսկ երբ մարդը, ով բանականություն ունի ու էլի շնություն է անում, դա ավելի բա՞րձր է շնից, թե՝ ցածր: Կամ՝ տեսեք, կենդանին երբ կեղտոտում է փողոցում, դա իր բնությունն է: Իսկ երբ մարդն է կեղտոտում փողոցում: Մարդը, ով բանականություն ունի ու կեղտոտում է, դա ավելի բա՞րձր է կենդանուց, թե՞ ցածր:
Խնդիրը նրանում է, որ մենք չենք տեսնում մեր սխալները: Հենց մենք տեսնենք մեր սխալները, ապա կսկսենք զբաղվել դրանց բուժումը փնտրելով, այլ ոչ թե ուրիշներին դատելով իրենց սխալների համար:
Այ, դուք երբեւիցե տեսե՞լ եք, որ հիվանդանոցում մի հիվանդ դատի մի այլ հիվանդի ու նախատի նրան: Ոչ: Որովհետեւ հիվանդանոցում բոլորն էլ գիտեն, որ ամեն մեկը մի բան ունի, ամեն մեկը մի հիվանդություն ունի:
Եթե դուք մտածեք ձեր մեղքերի մասին, եթե դուք տեսնեք ձեր մեղքերը, ապա կսկսեք խոնարհվել ու չեք դատի դիմացինին: Թեկուզ աչքի տեսածով չեք դատի, այլ կասեք՝ «միգուցե ես իր տեղում լինեի, ես էլ չդիմանայի ու այդպես սխալվեի: Ես իր սիրտն ու միտքը չեմ տեսնում: Միգուցե զղջում է: Տեր Հիսուս Քրիստոս, Որդի Աստուծո, ողորմյա իրեն ու ինձ մեղավորիս»: Այ, սա սեր է, սա չդատել է: Ու եթե դուք սիրում եք մարդկանց, ապա կփորձեք օգնել այդ մարդուն ընկած վիճակից վեր կենալ ու ապաքինվել:
Հիշո՞ւմ եք փարիսեցու ու մաքսավորի առակը: Փարիսեցին երեւի ճիշտ էր դատում, թե ինքը պահում է պատվիրանները ու այդ մեղավոր մաքսավորի պես չէ: Բայց արի ու տես, որ ըստ Քրիստոսի՝ այդ զղջացող մաքսավորը արդարացած գնաց տուն, այլ ոչ թե փարիսեցին, ով պահում էր պատվիրաններն ու իրեն ավելի լավը համարում, քան մեղավորները:
Ուրեմն, մինչեւ մենք մեզ բոլորից ավելի ցածր չտեսնենք, չենք դադարի դատել մարդկանց: Մինչդեռ չդատելու պատվիրանն այնպիսի մեծ նվեր է Քրիստոսից մարդկանց: Դու մի դատիր, ես էլ քեզ չեմ դատի ու արի, ներս մտի իմ արքայության մեջ:
Այսպիսի բաներ, ժողովուրդ ջան: Քանի դեռ չենք սովորել մեր սեփական անձը բոլորից ավելի ցածր համարել, քանի դեռ չենք սովորել տեսնել մեր սեփական մեղքերը որպես հիվանդություններ ու ցանկանանք դրանից բուժվել Քրիստոսի օգնությամբ, քանի դեռ այս հասարակ բանը չենք անում, մենք երբեք չենք խոնարհվի ու էլի կշարունակենք դատել մեկս մյուսին: Իսկ քանի դեռ մենք մեր մեղքերը չենք տեսնում, եկեք աղոթենք մեկս մյուսի համար, որ Աստված օգնի մեզ տեսնել սեփական մեղքերը, որպես հիվանդություններ: Այն ժամանակ մարդը կխոնարհվի, իր հայացքը կլինի ոչ թե դիմացինի մեղքերի վրա, այլ սեփական մեղավոր հիվանդության վրա, ու էլ չի դատի դիմացինին: Այլ կաղոթի նրա համար: Ու այդպես Աստված կփրկի իրեն:
ԱՐՄԵՆ ՀԱՐԵՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
10.01.2019