Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդ քաղաքի նստավայրում ընթանում է Դիլիջան քաղաքի բնակիչ, 1968թ. ծնված Ն. Ա.-ի դատավարությունը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա աշխատելով ՀՀ կրթության եւ գիտության նախարարության «Հանրապետական մանկապատանեկան կենտրոն» ՊՈԱԿ-ի Դիլիջանի հանգրվանի վարիչ, հանդիսանալով պաշտոնատար անձ, պաշտոնական դիրքն օգտագործելով, շահադիտական նպատակով, որոշելով խարդախությամբ՝ խաբեությամբ հափշտակել ուրիշի զգալի չափերով գույքը, 2018թ. հուլիսի 16-ից հուլիսի 30-ը, ներառյալ` հանգրվանի հավաքարար Գայանե Հովսեփյանի եւ հանգրվանի բակապահ Ջեմմա Մադաթյանի կողմից աշխատանքի չհաճախելու եւ աշխատանքային պարտականությունները չկատարելու պայմաններում այդ հանգամանքը թաքցնելով ՊՈԱԿ-ի ղեկավարությունից, կատարել է պաշտոնական կեղծիք: Նա նշված ժամանակահատվածում յուրաքանչյուր ամիս իր կողմից կազմվող աշխատավարձի վճարման համար հիմք հանդիսացող պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ է մտցրել Գ. Հովսեփյանի եւ Ջ. Մադաթյանի կողմից աշխատանքի ներկայանալու վերաբերյալ:
Ն. Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 1.1 կետով («Խարդախությունը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով») եւ 314 հոդվածի 1-ին մասով(«Պաշտոնեական կեղծիքը»): Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ