ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը հայտնեց, որ 2018թ. դեկտեմբերի 26-ին Տավուշի մարզի դատախազությունից ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժին է ուղարկել «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից 2018թ. դեկտեմբերի 10-ին կազմված անտառխախտման արձանագրություն. ըստ որի անհայտ անձը ազգային պարկի «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի թիվ 2 պահաբաժնի տարածքից ապօրինի հատել է 15 տարբեր տեսակի եւ տրամագծի թաց կանգուն ծառեր:
Դիլիջանի բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ անհայտ անձի կողմից նշված տարածքում հատվել է ոչ թե 15. այլ՝ 18 թաց կանգուն ծառ, որով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի՝ 5 միլիոն 550 հազար դրամի նյութական վնաս:
Հունվարի 8-ին ծառահատումներ անելու կասկածանքով Դիլիջանի բաժին է հրավիրվել Թեղուտ գյուղի բնակիչ, 1985թ. ծնված Գ. Ղ.-ն: Նկատի ունենալով, որ նյութերում առերեւույթ առկա են հանցագործության մասին վկայող տվյալներ՝ ՀՀ ՔՕ 296 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Գ. Ղ.-ն ձերբակալված է:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ