Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին տնօրեն. «Նազենի Ղարիբյանն էլ դեռ պետք է պատասխան տա, իսկ Մակունցին այդպես էլ չտեսանք»

Հունվար 10,2019 22:44

Aravot.am-ը տեղեկացրել է, որ հունվարի 9-ին մշակույթի նախարարի տեղակալ Նազենի Ղարիբյանի նախաձեռնությամբ ոստիկանության եւ ԱԻՆ աշխատակիցների միջոցով բացվել են Խորեոգրաֆիայի պետական թատրոնի դռները, որպեսզի փոխնախարարը կոլեկտիվին ներկայացնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Փալանջյանին:

Մեզ հաջողվեց կապ հաստատել նաեւ ԱՄՆ-ում գտնվող նախկին տնօրեն Գայանե Կարապետյանի հետ, որի պայմանագիրը չի թարմացվել:

«Իմ դեպքում կանխամտածված դիտավորություն է,որ պայմանագիրս չերկարացվեց, որովհետեւ ես երբեք առիթը չեմ տվել եւ գործունեությանս ընթացքում միշտ հարգանք եմ վայելել ինչպես թատրոնի կոլեկտիվի, այնպես էլ նախարարության աշխատակիցների կողմից»,-ասաց Գայանե Կարապետյանը, հավելելով, որ կոլեկտիվը պատրաստվում է նամակով դիմել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին:

«Նախկինում որեւէ մեկը թատրոնի հասցեն չգիտեր, բայց հանկարծ որոշեցին, որ գիտեն թատրոնի տեղը, նույնիսկ խորքային ուսումնասիրել են՝ հանձին Նազենի Ղարիբյանի: Երբ Լիլիթ Մակունցը նախարար նշանակվեց, առաջիններից մեկը ես էի, որ տարբերակ փնտրեցի, որ հանդիպեմ, բարձրաձայնեմ մեր թատրոնի խնդիրների մասին: Արդեն քանի տարի է, ես բարձրաձայնում եմ, որ այդտեղ խորեոգրաֆիկ բնույթի ներկայացումները բացառվում են եւ նպատակահարմար են մանկական մյուզիքլային ժանրի ներկայացումները, ինչում էլ մեզ ուղղորդել է մշակույթի նախարարությունը՝ տեսնելով մեր արած աշխատանքը:

Մինչեւ անցյալ տարվա վերջին օրն էլ մենք զբաղված ենք եղել ներկայացումներով, խաղացել ենք Աշոցքում, Ամասիայում,հասել մինչեւ Բերդ: Ես այդ ամենը բացատրել էի նախարար Մակունցին, ինքը խոստացել էր հոկտեմբերին գալ: Ասել էի, որ պայթյունավտանգ իրավիճակում ենք աշխատում, ինչը ֆիքսել է նաեւ աուդիտը, տեղեկացրել է եւ թե նախկին, թե իրեն: Ամեն ինչ տեսագրված, արձանագրված ներկայացվել է:

Հոկտեմբերից սկսած Մակունցը խոստացավ, որ կգա, բայց այդպես էլ Մակունց չտեսանք: Քանի անգամ ասել եմ, տիկին նախարար եկեք թատրոն, ասել է, որ դիմենք փոխնախարար Նազենի Ղարիբյանին: Իսկ նրան ինչքան փորձել եմ հանդիպել, երբեք իր կաբինետում չեմ տեսել: Երկու անգամ ժամադրվել եմ, որ ընդունելության գնամ, քանի որ անմիջական համակարգողն ինքն էր, երկու անգամ էլ Նազենի Ղարիբյանը շատ զբաղված է եղել, զանգահարել է ու ասել, որ հանդիպումը չի կարող կայանալ:

Գոնե մեկ անգամ բարի լինեին թատրոն ոտք դնել, հասկանային, թե ինչ խնդիր ունենք: Ընդամենը մի անգամ եկել է, հենց շեմից ասել է, որ հրաշալի տարածք է, կատակով ասել եմ, որ մեր անձնական միջոցներով է ստեղծված, անհրաժեշտության դեպքում կարող եմ տրամադրել: Պատասխանել է, որ չի ուզում առաջ գալ, Ժիրայր Դադասյանի թատրոնի համար տարածք են փնտրում, դրա համար է եկել: Հետո էլ կրնկի վրա շրջվել, գնացել է»,-հիշեց Խորեոգրաֆիայի պետական թատրոնի նախկին տնօրենը:

Նա հավելեց, որ ԱՄՆ-ի հետ կապված նախագծեր ունեին, իսկ նախկին նախարար Արմեն Ամիրյանը ամրագրել էր սուբսիդիայի պայմանագրով իրենց մարզային այցելությունները: «Մեր աշխատելու շրջանը դեկտեմբեր-հունվար ամիսներն են, դա ներկայացումների շրջան է, մինչդեռ փոխնախարարը տեղյակ էլ չի իր սուբսիդիայի կետերից ու ինձ մեղադրում է, թե ինչու չի շարունակվում իմ պայմանագիրը: Ծիծաղելի է, որ ասում է, թե մեր պլանները մարզերով ենք կատարել, կրկնակի հաշվետվություն ենք տվել: Ասում է, որ չունենք ձեւավորված խաղացանկ, մինչդեռ խաղացանկ ձեւավորվում է դահլիճ ունենալու պարագայում, որի մասին ութ տարի ես բարձրաձայնել եմ: Նազենի Ղարիբյանն ինձ ասաց՝ լավ կանեք արժանապատվորեն հեռանաք: Ես էլ ասացի, որ արդեն քանի տարի արժանապատվորեն աշխատում եմ, վերադարձել եմ ԱՄՆ-ից, ստեղծել եմ այդ թատրոնը, եւ դուք չէ, որ իմ արժանապատվությունը պետք է գնահատեք: Ողջ դերասանակազմն է ինձ հետ, եւ եթե բարի լինեիք, խոսեիք կոլեկտիվի հետ, կհասկանայիք, թե ինչի հետ եւ ում հետ գործ ունեք…»,- պատմեց թատրոնի նախկին տնօրենը:

Գայանե Կարապետյանը նշեց, որ դեկտեմբերի 28-ին ինքը մտել է նախարարության աշխատակազմի ղեկավարի մոտ, ասել է, որ դա իր պայմանագրի վերջին օրն է. «Ասացի՝ տեղյակ եմ, որ պայմանագրիս ժամկետը լրանում է, մեկ տարի դեռ ունեմ, որ կարող է ժամկետը երկարացվել, մանավանդ առիթը չեմ տվել չերկարացնելու: Աշխատակազմի ղեկավարն ասաց, որ նոր ղեկավարությւոնը որոշել է որեւէ մեկի պայմանագիրը չերկարացնել, պետք է լինեն ժամանակավոր պաշտոնակատարներ, հետո տնօրենի մրցույթ հայտարարվի: Ասացի՝ սիրով: Ընդ որում, մեր հաշվետվությունները ներկայացնում ենք հունվարի վերջին: Խնդրեցի՝ տարին ամփոփենք-վերջացնենք, հետո ժամանակավոր պաշտոնակատար ինձ նշանակեք ու մրցույթ հայտարարեք, ասաց, որ ոչ մի խնդիր չկա, գնացեք աշխատեք մինչեւ ընտրություններն ավարտվեն»:

Մեր զրուցակիցն ասաց, որ այդպիսով մեկնել են հյուրախաղերի Գյումրի եւ դեկտեմբերի 28-ին, օրվա վերջին՝ ժամը 16:55-ին իրեն ազատել են աշխատանքից ու ինքը ժամանակավոր պաշտոնակատար էլ չի նշանակվել, քանի որ այլ մարդ է նշանակվել:

«Այնքան են շտապել, որ նախ կախել են ուրիշին աշխատանքի ընդունելու հրամանը, ապա ինձ ազատելու հրամանը»,- տարակուսանք է հայտնում մեր զրուցակիցը:

«Ես սա համարում եմ դիտավորություն Նազենի Ղարիբյանի կողմից: Նախարարը զբաղված է եղել իր ընտրություններով, հարցը թողել է Նազենի Ղարիբյանի վրա, նա էլ արել է սեւ գործը»,-վստահ է թատրոնի նախկին տնօրենը: Նա ասում է, որ նոր նշանակված ժամանակավոր պաշտոնակատար Փալանջյանի հետ որեւէ խնդիր չունի,քանի որ նրան էլ են անհարմար վիճակում դրել:

Ինչ վերաբերվում է, իր խոսքով թատրոնի տարածք ներխուժելուն, Գայանե Կարապետյանն ասում է. «Քանի որ աշխատել ենք մեր ազատ օրերին, նախարարությունն էլ մեզ տրամադրել է պարարվեստի ուսումնարանի դահլիճը, եւ դահլիճի օրերն են երկուշաբթի, հինգշաբթի, ուրբաթ եւ կիրակին, հրամանով ամրագրված է, որ մեր ազատ օրերը երեքշաբթին եւ չորեքշաբթին են:Նազենի Ղարիբյանը բերել է նոր տնօրեն եւ բանից անտեղյակ հաթաթա տալով զանգ է տվել երկկողմանի թոքաբորբով հիվանդանոցում պառկած հաշվապահին ու պահանջել, որ ապահովի կոլեկտիվի ներկայությունը թատրոնում, որպեսզի ինքը ներկայացնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին:

Ու ի՞նչ է արել փոխնախարարը: Բայրոնի 5 հասցեն գտնվում է Բայրոնի փողոցում, որի դուռը բաց է, ներսում պահակներ կան ու ներս մտնելու խնդիր բացառապես չկա: Նազենի Ղարիբյանը կանչել է ԱԻՆ աշխատակիցներին, որպեսզի դուռը բացեն, իրենք հրաժարվել են, պահանջել փաստաթուղթ, առաջարկել են ոստիկանություն կանչել; Ոստիկանության ներկայությամբ բացել են դուռը, ընդ որում այլ դուռ՝ հետնամուտքի դուռը, որտեղ իմ անձնական գույքն է: Նազենի Ղարիբյանը պետք է դեռ պատասխան տա, որ ջարդել է հետեւի դուռը, որը Բայրոնի 5-ը չէ, այլ հետնամուտք է, որը կաթսայատան տարածք էր ու որտեղ փորձասենյակ եմ սարքել: Հիմա Նազենի Ղարիբյանը պետք է դատական կարգով այդ ամենի պատասխանը տա»:

Գայանե Կարապետյանը նաեւ ընդգծեց, որ աթոռից կառչած չէ եւ օրենքը հարգող մարդ է, սակայն տանել չի կարողանում անարդարությունն ու անօրինությունը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ armeniasputnik.am-ի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031