Ազգային ժողովի նիստերի դահլիճում այսօր ընթանում է «Իմ քայլը» խմբակցության նիստը, որն այս պահին ընդմիջվել է: Լրագրողները խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանից հետաքրքրվեցին՝ որոշվե՞ց, թե նոր ԱԺ-ում ով է լինելու խմբակցության ղեկավարը, եւ ով՝ քարտուղարը:
Սիմոնյանը նախ զարմացավ, թե ինչու են այդ հարցն իրեն տալիս, եւ հիշեցրեց, որ խմբակցության ղեկավարի եւ քարտուղարի պաշտոնների մասին ավելի վաղ հայտարարվել է: Հիշեցնենք՝ ԶԼՄ-ները գրել էին, որ «Իմ քայլը» խմբակցությունը ղեկավարելու է Լիլիթ Մակունցը, իսկ քարտուղար է լինելու Հակոբ Սիմիդյանը: Լրագրողների ճշտմանն ի պատասխան՝ Ալեն Սիմոնյանը դա հաստատեց:
Նա նաեւ նշեց, որ այսօրվա նիստում միայն ներքին հարցեր են քննարկվել, իսկ ԱԺ-ում հանձնաժողովների քանակի եւ ղեկավարների շուրջ հարցեր չեն քննարկվել. «Վարչապետի եւ խմբակցության անդամների միջեւ հարցուպատասխան է եղել, միայն ներքին հարցեր են քննարկվել, այդ թվում՝ ԱԺ աշխատանքներին վերաբերող հարցեր: Քննարկում է եղել նաեւ ԱԺ փոխնախագահի ընդդիմադիր թեկնածուի շուրջ, բայց որոշում չկա: Եղել է մտքերի փոխանակում»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ