Սպանված Իոսիֆ Աղաջանովի հայրը՝ ԵՊԲՀ կենսաքիմիայի ամբիոնի վարիչ, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Միխայիլ Աղաջանովը գրում է.
Բաց նամակ Հայաստանի Հանրապետության նախագահ պարոն Արմեն Սարգսյանին և Հանրապետության վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանին
Մեծարգո պարոնայք,
Մենք տեղեկացել ենք, որ արդարադատության նախարարի գլխավորությամբ գործող ներման հանձնաժողովը օրերս դրական եզրակացություն է տվել մարդասպան Մհեր Ենոքյանի ներման հարցին: Սա աննախադեպ և անթույլատրելի երևույթ է` հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ հանձնաժողովը իր վրա կրել է ճնշումներ Մհեր Ենոքյանի կնոջ՝ Զարուհի Մեժլումյանի կողմից (նրանք պաշտոնապես ամուսնացել են 2013 թվականին)։ Փաստացի ստեղծվել է իրավիճակ, որ Զարուհի Մեժլումյանը, լինելով ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի լրատվական ծառայության ղեկավարը, օգտագործում է իր պաշտոնական լծակները ցանկալի արդյունքին հասնելու համար: Այս տարիների ընթացքում ներկայացնելով կեղծ տեղեկատվություն այն մասին, որ իբր Մհեր Ենոքյանը անմեղ է՝ սույն տիկինը արդարության շղարշի ներքո փաստացի պայքար է ծավալել ընդամենը իր կողակցին տուն վերադարձնելու համար:
Մենք խնդրում և հորդորում ենք ձեր իրավասության տակ գտնվող այս հարցին տալ արդարացի լուծում: Այդ լուծմանը հանգելու համար ձեզ կօգնի այն տեսանյութը, որը մենք այսօր ուղարկել ենք: Խնդրում ենք դիտել այդ տեսանյութը՝ չնայած նրան, որ այն դաժան եւ մարդկային ներաշխարհը տակնուվրա անող տեսանյութ է:
Խնդրում ենք որոշում կայացնել Ձեր խղճի մտոք։
Հարգանքով`
Ծնողներ՝
Միխայիլ Աղաջանով
Նելլի Ահարոնովա
Քույր՝ Ելենա Աղաջանովա