Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ պետք է ըմբշամարտիկը մտնի խորհրդարան. Ջուլֆալակյանը՝ «բազմաբղետ» ԱԺ-ում իր անելիքների մասին

Հունվար 10,2019 19:20

Հունահռոմեական ոճի ըմբիշ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանից Aravot.am-ը հետաքրքրվեց, թե ի՞նչ է պատրաստվում անել խորհրդարանում, ի՞նչ նախաձեռնությամբ է պատրաստվում հանդես գալ:

Նա պատասխանեց, որ «նախաձեռնությունները կլինեն հիմնականում օրենսդիր նախաձեռնություններ՝ ուղղված սպորտին»: Ջուլֆալակյանն առաջարկել է, որ իրեն ընդգրկեն ԱԺ երկու հանձնաժողովներում՝ կրթության, գիտության, սպորտի եւ երիտասարդության հարցերի եւ Արտաքին հարաբերությունների. «Ավելի շեշտադրումը կանեմ սպորտին, քանի որ քիչ են այդ ուղղությամբ մասնագետները նոր՝ 7-րդ գումարման ԱԺ-ում»:

Պատգամավորի կարծիքով՝ հույժ կարեւոր է, որ բանակի կենտրոնական մարզական ակումբի գործունեությունը վերականգնեն՝ օրենսդրական կարգավորումներով:

Մեր հարցին՝ դա հնարավոր չէ՞ր անել ԱԺ-ից դուրս լինելով՝ օրենսդրական հարցերով կզբաղվեին օրենսդիրները, ինչո՞ւ պետք է մարզիկը փորձի մտնել խորհրդարան, որ սպորտի հետ կապված հարցերը օրենսդրական մակարդակով կարգավորի, դրա համար կան քաղաքական գործիչներ՝ Ջուլֆալակյանը պատասխանեց. «Ես մի քանի մասնագիտություն ունեմ, պրոֆեսիոնալ մարզիկ լինելուց բացի, մյուս մասնագիտությամբ միջազգայնագետ եմ, միջազգային հարաբերությունների ասպիրանտ: Գիտեք ինչպիսի բազմաբղետ Ազգային ժողով է հավաքվել, կան գրականագետներ, կան մանկավարժներ, PR մասնագետներ, միջազգայնագետը հենց առաջին մասնագիտություններից մեկն է, որ կարող է օրենսդիր գործունեությամբ զբաղվել»:

Հարցին՝ նախկինում ցանկություն եղե՞լ է մտնել խորհրդարան՝ Արսեն Ջուլֆալակյանը պատասխանեց. «Չէ, նախկինում այդպիսի հետաքրքրություն չի եղել մի քանի պատճառներով, նախ, ակտիվ սպորտը շատ ավելի բուռն շրջանում էր, ես մեկուկես տարի անց արդեն ավարտելու եմ պրոֆեսիոնալ կարիերաս, իսկ այն ժամանակ նույնիսկ մոտ չէի դրան, երկրորդ՝ նախկին ԱԺ-ի աշխատաոճն այնքան էլ իմ պատկերացման մեջ չէր տեղավորվում, ինձ չէի պատկերացնում այդ ԱԺ-ում: Հիմա, կարծում եմ, այլ կերպ է լինելու»:

Ջուլֆալակյանն ասաց, որ հիմա առնվազն 3-4 օրենսդրական նախաձեռնություն սաղմնային վիճակում կա, որ պետք է շրջանառության մեջ դնի:

Պատգամավորը գտնում է, որ այս խորհրդարանը շատ է տարբերվելու նախկին գումարման ԱԺ-ից, քանի որ այս ԱԺ-ում արհեստավարժ մասնագետներ են. «Օրենքները շատ ավելի կետային են ընդունվելու, բնագավառների համար շատ ավելի արդյունավետ են լինելու: Աշխատանքով ամեն ինչ ցույց կտրվի, ժամանակ է պետք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031